Էլեկտրոնային առևտրի համակարգն ունի զարգացման հնարավորություն, սակայն լուրջ խոչընդոտներ
Աղվերանում ընթացող «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումի ընթացքում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Հովհաննես Ավոյանը նշեց, որ դեռ մի քանի տարի առաջ Հայաստանում էլեկտրոնային առևտրի մասին խոսելը վաղ էր։ Սակայն ՏՏ ոլորտի մի շարք զարգացումներն ու ձեռքբերումներն այսօր արդեն փոփոխություններ են մտցնում էլ առևտրի համակարգում։
«Էլեկտրոնային առևտուրն այսօր աշխարհում արտադրողականության բարձրացման հիմնական խթաններից մեկն է: Ինտերնետի և այլ ենթակառուցվածքների ոչ լիարժեք լինելու պատճառով այս համակարգի ներդրումը անհնար էր, սակայն այժմ ունենք լծակներ և այսօր արդեն շատ աշխատանք ունենք անելու»,- նշեց ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը:
«ՕՎԵՐՈԼ ՍՈԼՈՒՇԸՆԶ» ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանն իր ելույթում նշեց, որ էլեկտրոնային առևտրի համակարգի հանդեպ, թեև այսօր արդեն կա ձևավորված որոշակի պահանջարկ, սակայն կան նաև խոչընդոտներ։ Օրինակ, Հայաստանը արտասահմանյան կազմակերպությունների հետ դրամական փոխանցումներ կատարելու դժվարություններ ունի։ Մասնավորապես, Վիզա քարտի լիցենզիայի համար բանկերի կատարած ծախսերը մեծ են, իրենց չեն արդարացնում և այդ պատճառով շատ ընկերություններ ստիպված են լինում այլ երկրներում հաշվեհամարներ բացել, ինչի արդյունքում էլ բավականին մեծ գումարներ չեն մտնում Հայաստան:
Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:
Հանդիպում-ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունը` ՀՀ կառավարության և USAID/CAPS-ի աջակցությամբ: