Gallup. Ընտրողների առավել մեծ աջակցությունն է վայելում 2 կուսակցություն` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն
Արմնյուզ լրատվական հեռուսաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագիր: Ուսումնասիրության նպատակն է բացահայտել և վերլուծել Հայաստանի բանկչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2012 թվականի ԱԺ և 2013թ-ի Նախագահի ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկան: Ծրագիրն իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և The Gallup Organization-ը, 2012-ի ապրիլից մինչև 2013 փետրվար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները` The Gallup Organization-ի տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն նշեց, որ առաջին հանրապետական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է այս տարվա ապրիլի 4-ից 10-ը: Հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1018 չափահաս բնակիչ: Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` դեմ առ դեմ:
Ըստ նրա` արձագանքների մակարդակը կազմել է 66%, սխալման լուսանցքը չի գերազանցել +/-3.1% -ը, վստահության մակարդակը` 95%:
Ռ.Ալիշաուսկենեի խոսքերով, հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գալիք ընտրությունների հանդեպ. նրանց 58%-ը ասել է, որ հաստատ ընտրելու է, 30%-ը`«հավանաբար կընտրի», իսկ ընտրողների 24%-ը դեռ վերջնական չի որոշել` կմասնակցի ընտրություններին, թե ոչ:
Նա ընդգծեց, որ առաջին հարցումը նախատեսված էր ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին, ինչը թույլ կտար բոլոր գրանցված մասնակիցների ունեցած աջակցության մակարդակը չափել ընտրությունների համամասնական մասով:
Այսպիսով, ըստ հարցման արդյունքների, ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն են վայելում երկու կուսակցություն` ՀՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ գրանցված ընտրողների 34%-ը (կամ հավանական ընտրողների 38%-ը) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել գրանցված ընտրողների 28%-ը (կամ հավանական ընտրողների 30%-ը):
Հարցան արդյունքերը ցույց են տալիս, որ 3 այլ կուսակցություն, որոնք վայելում են ընտրողների համեմատաբար ավելի փոքր մասնաբաժնի աջակցությունը, վստահաբար կանցնեն Ազգային ժողով. դրանք են ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն: Ռասա Ալիշաուսկենեն նշեց, որ ինտրիգայինը «Ժառանգություն» կուսակցության արդյունքերն են. նրանց քարոզարշավը ցույց կտա` նրանք կարողանում են համախմբել աջակիցներին և գրավել «չկողմնորոշված» հավանական ընտրողներին: Հարցման արդյուքների վերլուծությունը ցույց է տալիս, որ երկու առաջատար կուսակցությունների սոցիալ-ժողովրդագրական պատկերը բավականին նման է, և այդ երկուսը հիմնականում մրցում են միմյանց հետ, մինչդեռ ավելի փոքր կուսակցությունների ընտրողների պատկերը տարբեր է: Բացի այդ, հավանական ընտրողների զգալի մասը կողմնորոշված է, թե ում չի ընտրելու, բայց իրենց վերջնական ընտրության ձևավորման համար դեռ կա ժամանակ, և նրանք դիտարկում են տարբերակներ: