Սկեսուրի ծեծից տուժած հարսի ներկայացուցիչը միջնորդելու է խստացնել նրա մեղադրանքը
Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է իր երկու հարսներին դաժանորեն ծեծի ենթարկած սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի դատական նիստը:
Նիստը հետաձգվել է գործով տուժող Մարիամ Գևորգյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանի միջնորդությամբ, որով նրանք ժամանակ են խնդրել ծանոթանալ գործի ամբողջական նյութերին: «Մենք, բացի այդ, չունեինք մեղադրական եզրակացության պատճենը և դիմել էինք ստանալու, բայց դատախազությունը գործն արդեն դատարան էր ուղարկել: Հիմա մենք գործի նյութերին ամբողջ մասերին պետք է ծանոթանանք և այդ պատճառաբանությամբ այսօր միջնորդեցինք, որ նիստը հետաձգվի»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նոնա Գալստյանը:
Դատական հաջորդ նիստը կայանալու է մայիսի 29-ին, ժամը 14:00-ին: Ի դեպ, մեղադրյալ Հայկանուշ Միքայելյանի պաշտպանն այսօր միջնորդել է դատարանին` խնդրելով, որ հաջորդ դատական նիստերն անցկացվեն դռնփակ: Այդ մասին որոշումը կկայացվի հաջորդ դատական նիստում:
Նոնա Գալստյանն ասաց, որ հաջորդ նիստում իրենք միջնորդելու են, որպեսզի Մարիամ Գևորգյանի դեմքի անջնջելի այլանդակման մասով մեղադրանքը խստացվի` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածը` «դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» վերաորակավորվի` 112-րդ հոդվածի հատկանիշներով` «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը»:
«Մեղադրանքի ծավալը շատ քիչ է, քանի որ նրա կատարած հանցագործությունները իրականում շատ ավելի ծանր են», -կարծիք հայտնեց Գալստյանը:
Գործով անցնող մյուս տուժողը` Մելինե Բայաթյանը, որը նույնպես եղել է Հայկանուշ Միքայելյանի հարսը և նրա ու ամուսնու` Դավիթ Զիրոյանի կողմից նույն դաժանությամբ ծեծի է ենթարկվել, նախաքննության ընթացքում, առերեսման ժամանակ հրաժարվել է իր տված նախկին ցուցմունքներից: Մելինեի այս վարքագիծը մյուս տուժողի` Մարիամ Գևորգյանի ներկայացուցչի համար անհասկանալի է:
«Հաջորդ նիստում բարձրացնելու ենք նաև տուժողի պատասխանատվության հարցը` ինքը տվել է ցուցմունքներ և հրաժարվել դրանցից ու առանց որևէ պատճառաբանության նախաքննական մարմինը դրանք հիմք է ընդունում», -ասաց Նոնա Գալստյանը` մտավախություն հայտնելով, որ նախկին ամուսնու` Դավիթ Զիրոյանի կողմից հավանաբար ճնշում է կիրառվում նրա նկատմամբ:
Մարիամի ու Մելինեի նախկին ամուսին Դավիթ Զիրոյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել` ՔՕ «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» (բայց առանց «առանձնակի դաժանության») և «Ծեծ» հոդվածների հատկանիշներով, սակայն նրա նկատմամբ կիրառվել էր համաներում, ու նա այժմ ազատության մեջ է:
«Մեր գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ տղան նույնպես պատասխանատվության ենթարկվի», -հավելեց Նոնա Գալստյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր Հայկանուշ Միքայելյանի մեղադրական համառոտ եզրակացությունը, որի համաձայն տարբեր տարիներին` 2008-ին և 2010-ին մեղադրյալը առանձին դաժանությամբ ծեծել է իր երկու հարսներին` Մելինեին ու Մարիամին հասցնելով ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ:
Նախորդիվ`
Դանակով, շերեփով, պատառաքաղով հարսին ծեծած սկեսրոջ դատը մեկնարկում է այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա