Թ. Մանասերյան. Եթե կառավարությանը հաջողվի կազմակերպել թիմային աշխատանք, ապա ակնկալիքները ավելի մեծ կլինեն

13:27 16/06/2012 » Հասարակություն

Թ. Մանասերյան. Եթե կառավարությանը հաջողվի կազմակերպել թիմային աշխատանք, ապա ակնկալիքները ավելի մեծ կլինեն

«ՀՀ կառավարության կազմի փոփոխությունն ինքնանպատակ չպետք է լինի, պետք է ճիշտ խաղացողներ լինեն և արդյունավետ խաղ ցույց տան, որպեսզի դրանից տնտեսությունն աշխուժանա»: Այս մասին Panorama.am-ին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով նոր ձևավորված կառավարության կազմին: Ըստ նրա՝ եթե կառավարությանը հաջողվի կազմակերպել թիմային աշխատանք, ապա ակնկալիքները ավելի մեծ կլինեն:

«Կառավարությունը պետք է տնտեսական բարեփոխումների կուրսը կայուն պահի և որդեգրած քաղաքականությունը, որի շնորհիվ նախորդ տարի, ինչպես նաև այս տարվա առաջին ամիսներին հանգեցրին դրական միտումների, պետք է շարունակվի ու օրինաչափ բնույթ կրի»,-նշեց տնտեսագետը:

Հարցին, թե այս թիմով կառավարությանը կհաջողվի զգալի արդյունքերի հասնել, Թ.Մանասերյանը պատասխանեց, որ կառավարության թիմում քիչ չեն մարդիկ, ովքեր որոշակի հետագիծ ունեն և իրենց ոլորտներում կայացած լուրջ մասնագետներ և կառավարիչներ են: Նա մասնավորապես առանձնացրեց էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտները ղեկավարող նախարարներին: Ըստ նրա՝ գյուղատնտեսության ոլորտում երկու տարի առաջ գրանցվեց աննախադեպ անկում, սակայն նախարարի փոփոխության, կառավարության կողմից ագրարային ոլորտում իրականացված բարեփոխումների և ոչ ստանդարտ մոտեցումների արդյունքում, հնարավոր եղավ ոլորտում աճ արձանագրել:

Տնտեսագետը դրական համարեց նաև վերջին տարիներին կառավարության և տնտեսվարողների միջև եղած անմիջական կապը, որը նախկինում, նրա գնահատմամբ, նեոլիբերալների կողմից միշտ մերժվել է: Մինչդեռ ներկայիս կառավարությունը կարողացավ համարձակություն ունենալ և աշխատել այն տնտեսվարողների հետ, ովքեր կարող են մրցունակ ծրագրեր իրականացնել: «Սա անշուշտ դրական եմ գնահատում և կարծում եմ, որ դա նույնպես պետք է շարունակական լինի»,- նշեց Թ.Մանասերյանը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ նոր ձևավորված կառավարությունը պետք է կյանքի կոչի ՀՀ նախագահի կողմից գործարարներին տրված այն խոստումը, ըստ որի՝ նոր արտադրություներ բացելու դեպքում գործարարները կարող են հարկային արտոնություններ ունենալ. «Կարծում եմ, որ տնտեսության համար սա լուրջ խթան է և անպայման պետք է այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն»:

«Սակայն գտնում եմ, որ ՀՀ նախագահն ու վարչապետը որոշ ժամանակ անց թիմային աշխատանքին պետք է օբյեկտիվ գնահատական տան, եթե անհրաժեշտ լինի չխուսափեն նոր փոփոխություններից: Այսինքն՝ ոչ մի բան քարացած չպետք է մնա, եթե լուրջ ձախողումներ լինեն, ապա կառավարությանը տրվի վերանայման իրավունք և անհրաժեշտ փոփոխություններ արվեն»,- ընդգծեց Թ.Մանասերյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետ հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը նախարարական 18 պորտֆելներից 14-ում առաջադրեց իր թեկնածուներին, նրանք հիմնականում նախորդ կառավարության անդամներ են: ԱԻՆ, քաղաքաշինություն, գյուղատնտեսության նախարարների պորտֆելները կտրվեն ՕԵԿ-ին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը կլինի անկուսակցական:

Առողջապահության նախարարը կլինի Դերենիկ Դումանյանը, կապի և տրանսպորտի նախարարը` Գագիկ Բեգլարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` Արտեմ Ասատրյանը: Ըստ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի, կառավարության լիարժեք կազմը հայտնի կլինի երկուշաբթի: Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի հրամամագրերով արդեն նախարարներ են նշանակված Սեյրան Օհանյանը, Էդվարդ Նալբանդյանը, Արմեն Երիցյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց