Չմոռացան նաև մարտի 8-ի առթիվ ուսուցիչներին նվիրված ծաղիկները. Հանդիպում դպրոցների տնօրենների, մանկավարժների, ծնողների հետ
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քիչ առաջ հանդիպում անցկացրեց Երևանի թիվ 41, թիվ 20, թիվ 10 և թիվ 72 դպրոցների տնօրենների, մանկավաժական անձնակազմի և ծնողների հետ:
Հանդիպման ժամանակ, որն անցավ բավականին լարված մթնոլորտում, քննարկվել են մի շարք հիմնահարցեր, մասնավորապես` աշխատանքային տետրերի, ուսուցիչների` մարտի 8-ի և մասնագիտական տոնի կապակցությամբ նվերների, էքսկուրսիաների, դասարանների, դպրոցին կից այգիների մաքրության և այլնի վերաբերյալ:
Գայանե Սողոմոնյանը շեշտեց, որ բարեփոխումների մասին խոսքերը զուտ հայտարարության տեսքով չպետք է լինեն, իսկ դրամահավաքը դպրոցից պետք է իսպառ վերանա, ինչին ի պատասխան ուսուցիչները արձագանքեցին, որ որևէ դրամահավաք դպրոցում չի անցկացվում, իսկ, եթե ինչ-որ գումար է հավաքվում, ապա դա միայն Երևանի քաղաքապետարանի կամ Կրթության և գիտության նախարարության հանձնարարականով է:
Մանկավարժներն ու ծնողները բողոքեցին նաև, որ աշխատանքային տետրերը գրված են երեխայի համար ոչ մատչելի լեզվով, չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերին և շատ անգամ ծնողների համար խնդիր է լինում երեխային բացատրել այն, ինչ գրված է տետրի մեջ.
«Եթե չունենայի համապատասխան մասնագիտություն, ապա ինչպե՞ս կբացատրեի երեխայիս բնագիտության տետրում պղինձ բառի իմաստը, եթե նա քիմիա անցնելու է միայն երկու տարի հետո»,- օրինակ բերեց և բողոքեց ծնողներից մեկը:
Անդրադառնալով այն խնդրին, որ քաղաքապետարանը հնարավոր է արգելի էքսկուրսիաները, ծնողները շեշտեցին, որ դա հնարավորություն է տալիս դասարանին համախմբվել և դառնալ մի ամբողջություն և ավելի շատ դաստիարակչական իմաստ է իր մեջ պարունակում, քան շատ ու շատ ծրագրեր:
Չմոռացան նաև մարտի 8-ի և այլ տոների կապակցությամբ ուսուցիչներին ծաղիկներ նվիրելու շուրջ աղմուկը և այն, որ համապատասխան գերատեսչությունները դա չեն ողջունում: Ծնողները հայտարարեցին, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես ուսուցչին չի կարելի շնորհակալություն հայտնել մեկ ծաղկեփնջով` իր մանկավարժական և դաստիարակչական գործունեության համար: Նրանք նաև հավելեցին, որ կարևորում են երեխաների կողմից հարգանքի այս կարգի դրսևորումը ավելի, քան՝ այս կամ այն տետրի համար ավելորդ գումար ծախսելը:
Անդրադարձ կատարվեց նաև դասասենյակների մաքրման հարցին, Գ.Սողոմոնյանը առաջարկեց, որպեսզի աշակերտները ինքնուրույն մաքրեն դասասենյակները, թեև մինչ այդ պաշտոնյան պնդում էր, որ բոլոր տարածքները պետք է մաքրվեն հավաքարարների կողմից: Ի պատասխան ծնողների դիտարկմանը, թե` ի՞նչ նպատակով է այդ առաջարկը, Գ.Սողոմոնյանը արձագանքեց. «Դաստիարակչական»:
Նրա խոսքով, դպրոցի տարածքի, բակերի մաքրման աշխատանքները ևս դաստիարակչական բնույթ են կրում, որին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ պետք է մասնակցեն նաև ուսուցիչները:
Ուսուցիչների արտաքին տեսքը ևս չմոռացվեց.
«Այն պետք է լինի կոկիկ և զուսպ»,- նշեց Գ.Սողոմոնյանը` ավելացնելով, որ քաղաքապետարանում անցկացված հանդիպումներից մեկի ժամանակ ներկա էին տնօրեններ, ում տեսքը «կանացի էլ չէր»:
Ուսուցիչների անունից խոսեց Լարիսա Մովսիսյանը, ով նշեց, որ վերջին տարիներին ուսուցչի` որպես մասնագետի նկատմամբ վերաբերմունքը շատ բացասական է դարձել և մանկավարժը տարբեր կողմերից քարկոծվում է: Նրա խոսքով, այսօր ուսուցիչը գտնվում է ավելի մեծ ճնշման տակ, քան խորհրդային միության տարիներին և շատ անգամ ստիպված է լինում պաշտպանել դպրոցի տնօրենին՝ այս կամ այն գերատեսչությունից եկող իրարամերժ հանձնարարականներից:
Panorama.am-ի հետ զրույցում Գ.Սողոմոնյանը շատ կարևորեց հանդիպումը` նշելով, որ այն պետք է ավանդույթ դառնա:
Ավելին` նրա խոսքով, նման հանդիպումների կարիքը վաղուց կար` «որպեսզի չկուտակվեին այսքան ցավոտ հարցեր և խնդիրներ»: