Բանկերի նախկին, տարեց աշխատակիցները` մի հարկի տակ. Շուտով նրանց տոնն է (Լուսանկարներ)
Բուգդան Մելքումյանը 92 տարեկան է: Կյանքի կեսից ավելին` 1949-97 թվականներն աշխատել է բանկերում: Նախ Ղարաբաղի Հարդրութի շրջանում հաջողություններ գրանցեց, ապա տեղափոխվեց Երևան:
Բանկերում աշխատող երիտասարդներին փորձառու մասնագետը հորդորում է գործին նվիրված լինել ու սիրել այն: «Ես սիրել եմ իմ գործը: Ուրիշ տեղ չեմ աշխատել, չնայած էն ժամանակ բանկում ավելի քիչ էին վարձատրում, քան ասենք ֆինանսների նախարարությունում: Կարծում եմ, իմ աշխատանքը գնահատել են»,-ասում է նա: Հաճույքով է հիշում, երբ հայտարարված մրցույթում բանկային աշխատանքի բարելավման վերաբերյալ իր առաջարկությունները հաղթող ճանաչվեցին, «Դենգի ի կրեդիտի» ժուռնալում էլ տպեցին` նշելով, թե Հայաստանի ներկայացուցչի առաջարկությունները երկորդ տեղն են զբաղեցրել:
Ջուլիետա Հովհաննիսյանն էլ 1996-ին է հեռացել բանկից: Բանկերի երիտասարդ աշխատակիցներին տարեց կնոջ հորդորն ուրիշ է, պետք է ընտանիք կազմել: Աշխատանքի տարիներին պաշտոներ ու կարևոր գործեր են վստահել, Մոսկվայում երկու անգամ բանկն է ներկայացրել, բայց ամեն ինչից շատ կյանքում մարդուն պետք է ընտանիքը: Այսօր էլ իր նախկին գործընկերների մի մասը միայնակ է ապրում, գործին են տրվել, ամուսնանալ ու ընտանիք կազմել չեն հասցրել:
Մելքումյանին ու բանկերի մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներին հանդիպեցինք Բանկերի ճյուղային արհմիությունում, որտեղ բանկի աշխատողի օրվան /նոյեմբերի 22/ ընդառաջ կազմակերպվել էր հյուրասիրություն ու նվերների հանձնում:
Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանն ու հոգաբարձուների խորհրդի նախագահ Իսահակ Իսահակյանը, ով նաև ԿԲ նախագահի խորհրդականն է, դիմել են Կենտրոնական բանկին ու Ամերիային, նախկին աշխատակիցների համար գումար փոխանցելու խնդրանքով, այլ բանկերի, ինչպես նաև «Հայինկասացիա» ընկերության տնօրեն Լյուդվիգ Սարգսյանին էլ դիմել են` սննդամթերքի փաթեթներ պատրաստելու համար: Չեն մերժել: ԿԲ 28 և Ամերիաբանկի /Վնեշտոռբանկ/ 7 նախկին աշխատակիցներ ստացան 30 հազարական դրամներ, ինչպես նաև սննդամթերքով` միս, պանիր, շաքարավազ, ձեթ, հնդկաձավար և այն, լի տոպրակներ:
Ճյուղային արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի խոսքով, բանկի աշխատողի նախօրեին արդեն մի քանի տարի շարունակ արհմիությունն իր հնարավորությունների սահմաններում կազմակերպում է միջոցառումներ: Օրինակ, նախորդ տարիներին թոշակառու տատիկներին ու պապիկներին Ֆիլհարմոնիայի դահլիճում համերգի են հրավիրել:
«Նրանց մեծ մասն այժմ ապրում է միայնակ ու վատ պայմաններում: Բանկի աշխատանքը շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում, տարվել են աշխատանքով, չեն մտածել ընտանիքի, հետագայի մասին: Մենք փորձում ենք ուշադրության կենտրոնում պահել նրանց` փորձելով հավուր պատշաճի հգնահատելով համակարգի խիստ անապահով խավի` չաշխատող կենսաթոշակառուների երկարամյա վաստակը»,-ասաց Լ. Հակոբյանը:
Այսօր էլ նախկին աշխատողները միմյանց տեսնելուց, «բարև, ո՞նց եք, ի՞նչ եք անում» հարց ու պատասխանից հետո հիշողությունների գիրկն են ընկնում ու երանի տալիս էն լավ տարիներին, սկսվում է պատմությունների երկար շարանը… Չեն մոռանում նաև լուսանկարվելու մասին: