Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ
Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի կամարաշարի տանիքը պետք է անհապաղ ժեստով փակվի, քանի որ կաթում է, ինչպես նաև պետք է շատ արագ ամրացվեն հետևի կողմի պատերը, քանի որ ճաքեր են առաջացել,-Panorama.am-ի հետ զրույցում թվարկեց մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում շուկայի տանիքում:
Նշենք, որ շաբաթ օրը «Մեր քաղաքը» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ էր տեղադրել, որտեղ երևում է, որ շուկայի տանիքում ինչ-որ աշխատանքներ են տարվում:
«Քաղաքապետարան գրություն ենք գրել, որ անհրաժեշտ է շտապ միջոցառումներ ձեռնարկել` ամրացնելու տանիքն ու հետևի պատերը, որպեսզի հետագայում պրոբլեմներ չառաջանան, քանի որ տանիքից կաթում է, պատը ճաք է տվել»,-բացատրում էր Այվազյանը:
Նրա ներկայացմամբ` այսօր իրեն պետք է ներկայացվի ուժեղացման նախագիծը, որպեսզի հետո հաստատվի: Իսկ թե ինչու էր աշխատանքներ տարվում առանց հաստատված նախագծի, Այվազյանը հասյտնեց, թե տեղյակ չէ տարվող աշխատանքների բնույթին, բայց չզլացավ ասել, թե` պետք է այդ ամենը շատ արագ անել, քանի որ երբ տեղումներ լինեն, այլևս հնարավոր չի լինի բետոնային աշխատանքներ կատարել:
Ինչ վերաբերում է շուկայի վերգետնյա հատվածի վերջնական նախագծին, Կ. Այվազյանն ասաց, որ այն արդեն քննարկել են քաղաքապետարանում` «ուղղակի այժմ «ֆորսմաժորային» պահ է ու նախնական աշխատանքը հենց ամրացումն է»:
Հերթական ոչ նախագծային, «ինքնաթողության շարժուձևի» մասին կարծիք հարցրեցինք ճարտարապետ Արսեն Կարապետյանից ու, որ ճիշտն ասենք, նրա առաջին նախադասությունը հենց մեր մտքինն էր. «Ես դեռ ամռանը գիտեի, որ ձմեռ է գալու` անձրևներն էլ հետը»:
Խնդիրն այնքան պարզագույն է, որ Ճարտարապետը նույնիսկ դժվարացավ որևէ այլ կերպ գնահատել այն, քան` դիպլոմ ունեցող ամենահասարակ ճարտարապետն էլ կասեր, որ պետք էր նախ նախագծել աշխատանքը, հետո նոր շենքին ձեռք տալ, եթե նույնիսկ «ժեշտով փակել է». Ձեզ ով էր ասում տանիքին ձեռք տայիք, որ հիմա էլ` «պատերը ճաքել են, անձրևը կաթում է:
Կարապետյանն ասաց, որ շենքը վերջնականապես փչացրել են ու այն իր համար կորած է:
«Սա քրեական գործ է: Շենքին պետք է ձեռք չտային ու այն օրերին դեռ պետք է արգելեին շարունակել ու խիստ ժամկետների մեջ ստիպեին շենքը նույնությամբ վերականգնել,- նշեց Ա. Կարապետյանը:
Նախորդող նորություն` Ծածկած շուկայի վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը հաստատված է… «…մի երկու կամար չի լինելու»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին