Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանը մասնատելու ծրագիր. Իրանագետի մեկնաբանությունը
«Մարտի 30-ին Բաքվում «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կազմակերպության կողմից կազմակերպված հակաիրանական ուղղվածությամբ հավաքի առնչությամբ Իրանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին, իսկ ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը, Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահը և ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կտրուկ արձագանքել են պաշտոնական Բաքվին»:
Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածության և դրանց շարժառիթների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
-Վերջին շրջանում Բաքվի և Թեհրանի հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում. Ո՞րն է դրա դրդապատճառը:
-Թեև պաշտոնական Բաքուն, ի պատասխան Իրանի բողոքի նոտային, հայտարարում է թե հակաիրանական անջատողական խմբավորումների գործունեությունը կապ չուն պետական քաղաքականության հետ, սակայն վերոնշյալ կազմակերպության հավաքից օրեր առաջ Ադրբեջանի իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հայտարարում էր, որ նպատակ ունի դառնալ իրանական Ազարբայջանի խորհրդարանի նախագահը: Այսինքն, Ադրբեջանը ուղղակի և անուղղակի ձևով նպաստում է հակաիրանական գործունեություն ծավալող պանթյուրքական խմբավորումներին:
-Իսկ որևէ մասնակցություն ունի՞ արդյոք Թուրքիան այդ հարցում:
-Իհարկե, եթե համադրում ենք փաստերը, ապա նկատում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանի հյուսիսային նահանգները մասնատելու ծրագիրը: Սույն թվականի հունվարին այդ նույն «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կոչվող կազմակերպությունը Անկարայում «Հարավային Ադրբեջանի դերը թյուրքական աշխարհում» թեմայով կոնֆերանս էր կազմակերպել, որին ներկա են եղել Թուրքիայի ինչպես նախկին, այնպես էլ ներկա պետական պաշտոնյաներ: Ավելին, Իրանում Թուրքիայի դեսպանը իր երկրի դրոշով ներկայանում է Թավրիզի ֆուտբոլային թիմի խաղերին և երկրպագում իրանցի թյուրքախոս ազարիների թիմին:
-Ներկայիս լարված մթնոլորտում, Իրանի և Ադրբեջանի հարաբերություներում ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում:
-Գիտեք, 2012թ. ընթացքում մի շարք հարցերի առնչությամբ Իրանում Ադրբեջանի դեսպանը մի քանի անգամ բացատրություններ տալու նպատակով կանչվել էր ԱԳՆ. Նախորդ տարվա վերջին, երբ Իրանը նոր դեսպան նշանակեց Ադրբեջանում, կարծես թե երկկողմ հարաբերությունները փոքր-ինչ կարգավորվեցին: Եթե երկու-երեք տարի առաջ կողմերը միմյանց տարածքային պահանջներ էին ներկայացնում ԶԼՄ-ների միջոցով, ապա ներկայում դա կատարվում է արդեն պաշտոնյաների մակարդակով:
Իմ կարծիքով, Ադրբեջանը, Թուրքիայի և Իսրայելի դրդմամբ, ամեն կերպ փորձում է նվազագույնի հասցնել Իրանի հետ իր հարաբերությունները: Այդ պատճառով էր, որ 2012թ. դեկտեմբերին Ադրբեջանի Մեջլիսը չեղյալ հայտարարեց հեշտացրած կարգով քաղաքացիների տեղաշարժի մասին համաձայնագիրը:
Ինչ վերաբերում է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների հեռանկարին, ապա, դատելով երկու երկրների հարաբերություններում առկա տարաձայնություններից, դրանք են` Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը, սահմանային միջադեպեր, իրանցի թյուրքախոս ազարիների խնդիրներ, պատմության և մշակույթի բնագավառում տարաձայնություններ, Իսրայելի և Ադրբեջանի ռազմական համագործակցություն, դժվար թե մոտ ապագայում կարգավորվեն նրանց հարաբերությունները: Ինչպես նախորդ տարիների փորձն է ցույց տալիս, առկա խնդիրների պայմաններում ապագայում ևս փոխադարձ անվստահության մթնոլորտը կպահպանվի:
Նախորդող վերլուծություններ՝
Կասպից ծովում Իրանի և Ադրբեջանի միջև կա՞ արդյոք ռազմական բախման հավանականություն. Իրանագետի մեկնաբանությունը
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների ժամանակագրությունը 2012թ-ին. Փոխադարձ անվստահությունը պահպանվել է
«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»