Մոսկվայում վթարի պատճառ դարձած «Կամազի» վարորդը որդու գերեզմանը սարքելու համար էր լքել Հայաստանը (Տեսանյութ)
Նոր Մոսկվայում խոշոր վթարի պատճառ դարձած «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ 46-ամյա Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի եղբայրը՝ Հարութ Հարությունյանը, ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակցին հայտնել է, որ իր եղբայրը Ռուսաստան էր գնացել գումար վաստակելու ու իր որդու գերեզմանին շիրմաքար դնելու համար, ով մահացել էր 21 տարեկան հասակում բանակում:
«Գնացել էր Ռուսաստան գումար վաստակելու համար, որպեսզի վերադառնա ու որդու գերեզմանը սարքի»,- ասել է Հարութ Հարությունյանը: Նա նաև ասել էր, որ ոչ ոք չէր ցանկանար նման վնաս հասցնել որևէ մեկին: Հարութ Հարությունյանը վստահ է, որ բեռնատարը տեխնիկական խնդիրներ է ունեցել, արգելակները հավանաբար չեն աշխատել:
«Նա փորձել է ամեն ինչ անել, որպեսզի ոչ ոք չտուժի: Արել է հնարավոր ամեն ինչ»,- ասել է Հրաչյա Հարությունյանի եղբայրը: Նա նաև պատմել է, որ Հրաչյան մասնակցել է պատերազմին և կանտուզիա է ստացել:
Նա պատմել է նաև, թե Երևանում են ապրում Հրաչյա Հարությունյանի կինը, դուստրը, թոռն ու տարեց հայրը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Հրաչյա Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անուշադրության պատճառով բերել է երկու և ավել մարդու մահ»:
Այժմ նա հիվանդանոցում է: Ըստ բժիշկների, նա ուժեղ շոկ է ապրել:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Բեռնատարը բախվել է ավտոբուսին, որը բաժանվել է մասերի: 18 մարդ է զոհվել, ավելի քանը 60-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այսօր Մոսկվայում հայտարարած է սգո օր:
Նախորդիվ՝
18 հոգու կյանք խլած ավտովթար Մոսկվայում. բեռնատարի ղեկին ՀՀ քաղաքացի է եղել