Հաշմանդամ կինը սպառնում է ինքնահրկիզվել վիճահարույց տարածքում
«Հաշմանդամ ու միայնակ կնոջ դեմ» աճուրդն այսօր չի կայացել: «Ես գիտեի, որ չի կայանալու, հաջորդն էլ չի կայանալու, մինչև մեկնարկային գինը չիջեցնեն, դարձնեն 11 մլն դրամ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Աշխեն Մարգարյանը:
Հիշեցնենք, հաշմադամ կնոջ խնդրին Panorama.am-ն անդրադարձել էր օրեր առաջ: Ոտքից զրկված կինն ապրում է Եղեգնաձորում` Սևակի 9 շենքի երրորդ հարկում, աշխատավայրը նույն շենքի 2-րդ հարկում է: Իր բնակարանի կողքը 43 քմ մակերեսով բնակելի տարածք կա: Աստիճաններով իջնել-բարձրանալը մեծ դժվարությամբ ամեն օր հաղթահարող կինը պատրաստ է վարձակալել կամ գնել իր հարևանությամբ գտնվող տարածքը, սակայն պետգույքի կառավարման վարչությունը որոշել է այդ տարածքը միացնել նկուղի 600 քմ մակերոսով տարածքի հետ ու աճուրդի հանել` 22 մլն դրամ մեկնարկային գնով: Հաշմադամ կինը համարում է, որ միտումնավոր է այդպես արվել, քանի որ այդ գնով ինքը չի կարողանա տարածքը գնել, ու հիմա էլ նախկին դատավորի որդին է հանդես գալիս որպես աճուրդում պոտենցիալ հաղթող:
«Ինքն ասում էր, ես 22 մլն դրամով չեմ պատրաստվում գնել: Դա հատուկ արված բան է, հենց իջացնեն 11 մլն դրամ, ինքն արդեն կմասնակցի»,-ասաց Ա. Մարգարյանը:
Կինը նշեց, որ հենց այս պահին նստած վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ է գրում: Նամակի նախնական տարբերակը ընթերցեց.
«Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Ճիշտ է` գրում եմ, բայց շատ կասկածում, որ անձամբ Դուք կկարդաք: Վստահ եմ, որ եթե տեղեկանաք հաշմանդամ, միայնակ կնոջ խնդրի մասին, որը չունի ֆինանսական օգնության կարիք, պետական այրերը չեն ցանկանում իմ խնդիրը լուծել…»: Կինը շարադրել է խնդիրն ու նամակով խնդրել վարչապետի անձնական միջամտությունը խնդրին արդարացի լուծում տալու համար: Նա հույս ու համոզմունք ունի, եթե Տիգրան Սարգսյանը խնդրին մասին տեղեկանա, ապա արդարացի ու ճիշտ լուծում կլինի:
«Այդ տարածքն ինձ համար որպես պահեստ է ծառայում, բայց ես ասում եմ, ես կորցնելու ոչինչ չունեմ, վերջին տարբերակ, ով էլ գնի տարածքը, կմտնեմ մեջը, կվառեմ, էդքան չի կարելի մարդուն ցավացնել, կվառվեմ»,-կայացրած մտադրության մասին բարձրաձայնեց կինը:
Նախորդող հրապարակում`
«Չի կարելի այդքան մարդուն ցավացնել». Հաշմանդամ կնոջ միակ ցանկությունը` կամ վերելակ դնեն, կամ տարածքն իրեն վաճառեն