Ինչ խնդիրներ է կոծկում դպրոցների վարկանիշավորումը
Կրթության և գիտության նախարարությունն օրերս գործարկեց դպրոցների վարկանիշավորման պիլոտային համակարգը: Սա հերթական խայծն է ռեյթինգամոլ մեր հասարակության համար և հերթական հարթակ, որի միջոցով կարելի է ամենալավը թվալ:
Մի կողմից ԿԳ նախարարը հպարտությամբ հայտարարում էր, թե ահա այսպիսի ծրագիր ենք մեկնարկել, որ «հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման և որակի մասին օբյեկտիվ ինֆորմացիա է տալու», «այն պատժելու բնույթ չի կրելու», «օգնելու է վեր հանել առկա խնդիրները», «ցույց կտա, թե որտեղ ենք թերանում» և այլն:
Նախարարի նույն ոգևորությամբ էլ մյուս կողմում որոշ ծնողներ արդեն փորփրում են կայքը, որտեղ ներկայացված են վարկանիշավորված դպրոցները` իրենց երեխաներին ամենառեյթինգային դպրոցն ուղարկելու համար:
«Հանրակրթական դպրոցների վարկանիշավորում» բառերի կոմբինացիան ինձ մոտ անկեղծ զարմանք է առաջացնում: Այն, որ ԿԳ նախարարությունն ուզում է հասկանալ, թե ինչ թերացումներ կան, իհարկե լավ է, բայց սանդղակի վրա դնել մեկ միասնական համակարգի տարրերը, որոնք, ըստ էության, պետք է նույն մակարդակի վրա լինեին, այնքան էլ ըմբռնելի չէ:
Հանրակրթական ուսուցում: Այն ուսուցումը, որ կրթում է ամբողջ հանրությանը, որը պատասխանատու է ամեն մի քաղաքացու կրթության համար: Բնականաբար, այդ կրթությունը նաև պետք է հասանելի ու հավասար լինի բոլորին` անկախ նրանից, մարդն այդ կրթությունը ստանալու է մայրաքաղաքի՞, թե՞ գյուղի դպրոցում, անկախ նրանից, թե որևէ չինովնիկ գիտի այդ բնակավայրի տեղը, թե` ոչ:
Եթե որևէ դպրոց զիջում է մյուսին, ըստ իս, առաջին հերթին երկրի կրթական գերատեսչության թերացումն է: Իսկ վարկանիշավորված դպրոցները միայն հերթական «գլամուռ» ռեյթինգների թեման:
Ուշագրավ դիտարկում: Դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի կայքում ներկայացված սանդղակներից Գյուղական մեծ և միջին միջնակարգ դպրոցների թվում առաջին հորիզոնականում Վերիշենի միջնակարգ դպրոցն է: Panorama.am-ի` գյուղական դպրոցների մասին շարքում այս դպրոցին անդրադաձել ենք: Վարկանիշավորման սանդղակում ընդհանուր վարկանիշով առաջին տեղում հայտնված դպրոցում պայմաններն ուղղակի շատ վատն են: Դպրոցի հիմքերն անձրևային եղանակներին անձրևաջրերով են լցվում, տանիքը կաթում է, հատակը քանդված է…
Գումարներ են ծախսվում ռեյթինգային հերթական ծրագրի վրա այն դեպքում, երբ սահմանամերձ գյուղի դպրոցում աշակերտը ստիպված փոխում է նստած տեղը, որպեսզի կաթոցն իր վրա չլինի:
Ահա այսպիսի վարկանիշացավ ու խնդիրների կոծկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները