ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը ապրիլի 7-ին կպատասխանի Ն.Զոհրաբյանին հայ գերիների հարցով
Ինչպես ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր` ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 5-ին հայ գերիների հարցով նամակով դիմել էր ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին` խնդրելով, որ որպես ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար, ուղղակիորեն օգտագործելով իր իրավասությունը, ազդեցությունը անի հնարավորը, որպեսզի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվի Հայաստան կամ երրորդ երկիր: Ն.Զոհրաբյանը նամակում հստակ նշել էր, որ Ադրբեջանում անցկացրած յուրաքանչյուր օրը Հակոբի կյանքին ուղղակիորեն սպառնալիք է:
Panorama.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այսօր տեղեկացել է, Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված հարցադրումը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը ստացել է և ապրիլի 7-ին` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում պատրաստ կլինեն պատասխանները:
Հարցին` արդյո՞ք ակնկալիք ունի, որ սպառիչ է լինելու պատասխանը, պատգամավորը նշեց. «Օրերս Փարիզում կայացած Միգրացիայի և փախստականների հանձնաժողովի նիստի ժամանակ հարց եմ բարձրացրել, որպեսզի ԵԽԽՎ կանոնադրության մեջ կատարվի փոփոխություն: Այդ կանոնադրական առաջարկը ապրիլի 7-ին ես պաշտոնապես կներկայացնեմ, որպեսզի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի մանդատը ընդլայնվի և նա ուղղակիորեն ունենա իրավասություն Կարմիր Խաչին համահավասար զբաղվելու ԵԽ անդամ երկրներում անհայտ կորածների, գերիների և ռազմագերիների խնդիրներով»:
Նա նաև տեղեկացրեց, որ առ այս պահը, երբ նման խնդիրներով դիմում ես հանձնակատարին, նա պատասխանում է, թե նման մանդատ չունի, դա Կարմիր Խաչի մանդատն է. «Բայց մենք պետք է ընդունենք, որ շատք դեպքերում Կարմիր Խաչի ջանքերը բավարար չեն լինում, որովհետև Ադրբեջանը տորպեդահարում է Կարմիր Խաչի աշխատանքները հենց Ադրբեջանում, որտեղ այսօր պահվում են հայ գերիներ, ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք: Եվ ուղղակի աբսուրդ է, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը չունի այդ մանդատը»:
Ն.Զոհրաբյանը հավելեց, որ Ադրբեջանը կամ այլ երկրներ, որտեղ կա անհայտ կորածների կամ գերիների խնդիրը և եթե դրանք ԵԽ անդամ են ու վավերացրել են բոլոր միջազգային կոնվենցիաները, որոնք ուղղակիորեն վերաբերում են գերիներին, ռազմագերիներին ու անհատ կորածներին, ապա ԵԽԽՎ-ն պետք է ունենա նաև մանդատ նրանցից պահանջելու հարցերի պատասխաններ. «Օրինակ` ինչու են Հակոբ Ինջիղուլյանին հագցրել ադրբեջանական բանակի համազգեստ, ինչու են կոտրել 77-ամյա ծերունու ոսկորները և հրազենային վնասվածքներ նրան հասցրել, ինչու են խոշտանգել ու դաժանաբար սպանել հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին…. Սա, կրկնում եմ, աբսուրդ է, որ ԵԽ հանձնակատարն ասում է, թե այդ մանդատը չունի, ես էլ առաջարկել եմ` տվեք այդ մանդատը նրան, որպեսզի մենք էլ կարողանանք պահանջել»:
Նախորդիվ`
Ն.Զոհրաբյանը կրկին նամակ է գրել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին` Հակոբ Ինջիղուլյանի խնդրով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան