Պիպոյան. Սխալ մակնշված պաղպաղակների վաճառքը կասեցված չէ
Իրացման ցանցից դուրս չեն բերվել սխալ մակնշված պաղպաղակները: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ին հայտնեց, որ կազմակերպության դիտարկման արդյունքում հայտնաբերված խախտումների ու առաջարկությունների վերաբերյալ գրություն է ուղարկել ԳՆ սննդամթերքի անվտագության պետական ծառայություն:
ՀԿ նախագահի խոսքով, ինքն առաջարկել է ծառայության հետ համատեղ դիտարկում անցկացնել, սխալ մակնշված պաղպաղակների վաճառքը կասեցնել, կատարել նմուշառում և ուղարկել լաբորատոր փորձաքննության:
Հիշեցնենք, որ կազմակերպության իրականացրած դիտարկման արդյունքում իրացման ցանցում հայտնաբերվել էին այնպիսի պաղպաղակներ, որոնց վրա բացակայում է արտադրման ամսաթիվը, չկա սննդային հավելումների վերաբերյալ ինֆորմացիա, նշված չէ պաղպաղակի տեսակը, երբեմն էլ ընթեռնելի չէ մակնշումը և այլն:
«Մենք ստանձնել են սպառողի տեղեկացված լինելու իրավունքի իրացումը: Մակնշման վերաբերյալ եղած խախտումները մենք ներկայացրեցինք հանրությանը: Նպատակը ոչ թե տնտեսությանը վնասելն է, այլ մթերքների անվտանգության ապահովումը»,-ասաց Պիոպոյանը:
Նրա խոսքով, հասարակական կազմակերպությունն իրավունք չունի իրացման ցանցից ապրանք դուրս բերել, մինչդեռ Սննդամթերքի պետական ծառայությունն ունի այդ իրավունքը:
«Եթե կպարզվի, որ պաղպաղակները վտանգավոր են, ցանցից դուրս կբերվեն, իսկ եթե պարզվի՝ անվտանգ են, ապա մակնշման հետ կապված խնդիրները կլուծվեն ու կշարունակվի վաճառքը: Ես չեմ ասում, որ այդ պաղպաղակները վտանգավոր են, ես ասում եմ՝ չգիտենք, դրանք անվտա՞նգ են, թե՞ վտանգավոր, մինչդեռ կարելի էր իրականացնել լաբորատոր փորձաքննություն և պարզել մթերքի անվտանգությունը»,-ասաց Պիպոյանը:
Ծառայություն գրություն ուղարկելուց հինգ օր անց կազմակերպությունը ստանում է պատասխան, որտեղ ասված է մոտավորապես հետևյալ. «Հայտնաբերված խախտումները հաշվի կառնվեն հետագա ստուգումների ընթացքում»:
Պիպոյանին նման պատասխանը չի բավարարել. «Պաղպաղակի շուկայում նախորդ և այս տարվա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մենք ունենք խնդիր: Սա հերթական առիթն էր ժամ շուտ պարզելու պաղպաղակների անվտանգության խնդիրը, ինչը կարծես չի արվել»:
Հարցին, թե ինչո՞ւ չի իրականացվել դիտարկում, կամ եթե իրականցվել է, ի՞նչ է պարզվել, ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը Panorama.am-ին հայտնեց հետևյալը.
«2014 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «2014 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագրով» նախատեսված ժամանակացույցով իրականացնում է պլանային ստուգումներ պաղպաղակ արտադրող տնտեսավարող սուբյեկտների մոտ: Ծառայությունն իր վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ հաշվի կառնի նաև տվյալ ՀԿ-ի կողմից բարձրացված մակնշման անհամապատասխանությունների վերաբերյալ հարցերը: Իսկ առհասարակ, ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների վերաբերյալ արդյունքները տեղադրվում են Ծառայության պաշտոնական կայքում»:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը մակնշման հետ կապված սխալներ են հայտանաբերվել «Անի և Թամարա», «Աշտարակ կաթ», «Գրանդ Քենդի», «Ասա», «Երևան կաթ», «Էլիտ Շանթ», «Թամարա» ընկերությունների մի քանի ապրանքատեսակների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան