Ապացուցում է, որ ժողովրդավար պետություն ենք. Արցախի նախագահի խոսնակը Կալիֆորնիայի քայլի մասին
Կալիֆորնիայի սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը շատ կարևոր քաղաքական, իրավական և բարոյական քայլ է: Նման գնահատական են տալիս Արցախի Հանրապետության իշխանությունները:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս քայլը նաև նվեր է Կալիֆորնիայի կողմից Արցախի անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի նախօրյակին:
«Սա մեծ իրադարձություն է համայն հայության համար, և մենք դրան հասել ենք Հայաստանի և Սփյուռքի հետ համատեղ ջանքերով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի ճանաչման գործընթացը շարունակվում է և շարունակվում է շատ ակտիվ տեմպերով»,- ասաց նա:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը հավելեց, որ Կալիֆորնիան չպետք է դիտարկել որպես հասարակ նահանգ, քանի որ այն Ամերիկայի ամենախոշոր նահանգն է թե բնակչության, թե տնտեսության տեսանկյունից:
«Սա համարժեք է մի խոշոր և կարևոր պետության կողմից Արցախի ճանաչմանը: Այն էլ, առանց որևէ մեծ ֆինասնական ծախսերի: Սա ուղղակի արժևորումն է այն ուղու, որն անցել է Արցախը: Սա ապացուցում է, որ մենք ժողովրդավար պետություն ենք, առաջնորդվում ենք քաղաքակիրթ աշխարհի արժեքներով: Եթե դա այդպես չլիներ, աննորմալ և ֆաշիստական պետությանը ո՞վ պետք է ցանկանար ճանաչել, բնականաբար, ոչ ոք»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ այս իրադարձությունը վկայում է Արցախի՝ կայացած և ժողովրդավար պետություն լինելու մասին:
Նախորդող՝
Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը