Տարօրինակ է, որ Թուրքիան չի հայտարարում հայկական եկեղեցու ցուցանակի ուղղումը. Սասունյան
Հենց նոր եմ իմացել, որ Թուրքիայի կառավարությունը անաղմուկ ուղղել է Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցու մոտ գտնվող ցուցանակը՝ նշելով նրա «հայկական» ծագումը:
Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների իսկական ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այժմ Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա: Չբացահայտելով հայկական քաղաքակրթության հետքերը, թուրք պաշտոնյաները հուսով էին, որ այդպես հարկ չի լինի բացատրել հայերի անհետացումը. ևս մեկ թուրքական ժխտողականության դրսևորում:
Դեռևս 2007 թվականին թուրքական կառավարությունը բացման շքեղ արարողություն կազմակերպեց 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորգումից հետո: Մինչ որոշ հայեր միամտորեն մասնակցեցին թուրքական քարոզչական հանդիսությանը, ես մի քանի քննադատական հոդված գրեցի, մատնանշելով, որ թուրքական իշխանությունները չեն թույլատրել հայկական եկեղեցական արարողություն (բացառությամբ տարին մեկ անգամ), և մերժել են եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Դրա փոխարեն, Սուրբ Խաչ եկեղեցին պաշտոնապես ներկայացվել է որպես թանգարան և դրվել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության, այլ ոչ թե Պոլսո Հայոց պատրիարքարանի ենթակայության տակ: Ավելի ուշ, խաչը տեղադրվեց եկեղեցու գմբեթին:
Իմ 2007 թվականի հոդվածում չէի գրել եկեղեցու ցուցանակի վրայի արձանագրության մասին, որտեղ որևէ հիշատակում չկար հայերի վերաբերյալ՝ ոչ անգլերեն, ոչ էլ թուրքերեն: Ստորև ներկայացվում է այդ նախկին արձանագրության վերնագիրն ու առաջին բառերը, որոնք գրված էին անգլերենով.
«Աքդամար կղզի և հուշարձան-թանգարան: Վճարը 5 թուրքական լիրա: Աքդամար կղզի և եկեղեցի: Աքդամար եկեղեցին կառուցվել է վանականների և ճարտարապետ Մանվելի կողմից 915-921 թվականների ընթացքում, Վասպուրականի Գագիկ Ա թագավորի պատվերով...»:
Անցյալ շաբաթ, Գլենդելի հայկական գրախանութում, պատահմամբ հանդիպեցի Անկարայի համալսարանի դոցենտ Սենեմ Չևիկին, ով ինձ ցույց տվեց Սուրբ Խաչ եկեղեցու ցուցանակի երկու տարբեր լուսանկարները: Առաջինում, որը նա լուսանկարել էր մեկ տարի առաջ, պատկերված էր վերոհիշյալ արձանագրությունը: Իսկ երկրորդում, որն անցյալ ամիս նրա գործընկերներից մեկն էր նկարել, երևում էր նոր արձանագրությունը, որը կառույցը ներկայացնում է է որպես հայկական եկեղեցի.
«Աղդամարի հայկական Սուրբ խաչ եկեղեցի: Եկեղեցին կառուցվել է վանական ճարտարապետ Մանվելի կողմից 915-921 թվականների ընթացքում, Վասպուրականի Գագիկ Ա թագավորի պատվերով: Կառուցված է երեքնուկի չորս տերևների ձևով և խաչաձև պլանի համաձայն, եկեղեցին ներսից ծածկված է գմբեթով, իսկ դրսից՝ բրգանման կոնով: Եկեղեցին երկու դարպասներ ունի, մեկը հարավային, իսկ մյուսը արևմտյան կողմում: Հետագա ժամանակշրջաններում եկեղեցուն կից ավելացվել են Զաքարիա Ա-ի մատուռը, մի ժամատուն և զանգակատուն, իսկ Սուրբ Ստեփանոսի մատուռը կառուցվել է առանձին: Սուրբ Խաչ անունով կառուցված եկեղեցին 1131 թվականին վերածվել է վանքի: Եկեղեցու ճակատի քարե քանդակների վրայի կրոնական տեսարանները վերցված են Հին ու Նոր Կտակարաններից, պալատական կյանքից, որսի տեսարաններից, ինչպես նաև պատկերված են մարդկանց և կենդանիների նկարներ: Այս պատկերները կարևոր են, քանի որ դրանք եկեղեցին տարբերում են մյուս եկեղեցիներից: Եկեղեցու ներսի պատերին կան տարբեր որմնանկարներ, որոնք ներկայացնում են Աստվածաշնչից վերցված նկարագրություններ»:
Անգլերենով և թուրքերենով գրված այս նոր արձանագրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին հստակորեն նշված է որպես հայկական եկեղեցի: Սակայն, դեռևս մի խնդիր կա: Թեև եկեղեցու անունը անգլերենով ճիշտ է գրված՝ Աղթամար, սակայն թուրքերենով այն ներկայացված է թուրքացված անունով՝ Աքդամար:
Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, թե ինչու Թուրքիայի կառավարությունը հրապարակային հայտարարություն չի արել Սուրբ Խաչ եկեղեցու բարեփոխված արձանագրության վերաբերյալ: Ահա որոշ հնարավոր պատճառներ.
- Թուրք ցածրաստիճան պաշտոնյաների տգիտությունը, որոնք չեն հասկացել այս փոփոխության գովազդային արժեքը:
- Բարձրաստիճան թուրք պաշտոնյաների՝ դժկամությունը, վախենալով, որ իրենք ծիծաղելի վիճակում կհայտնվեն, եթե հոխորտալով հայտարարեն մի ակնհայտ բան, որը վաղուց արդեն պիտի արված լիներ:
- Թուրք պաշտոնյաների մտավախությունը, որ թեև վերանայված տեքստի հրապարակայնացումը դրական տպավորություն կստեղծի արտաքին աշխարհում, քննադատության թիրախ կդառնան երկրի ներսում՝ հայերին ծառայություն մատուցելու համար:
- Նորընտիր թուրք ղեկավարների ուշադրության շեղումն այս հարցից՝ այլ ավելի հրատապ խնդիրների պատճառով: Նրանք դեռ կարող են ավելի ուշ այս մասին հայտարարություն անել:
Նույնքան տարօրինակ է այն հանգամանքը, որ հայկական կողմից ոչ մեկը, այդ թվում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը, որևէ բան չի ասել Սուրբ Խաչ եկեղեցու հայկական ծագումը վերահաստատող նոր արձանագրության մասին:
Մնում է միայն հուսալ, որ Աղթամարի եկեղեցու ցուցանակի այս ուղղումը նախերգանք կլինի հայկական մշակութային ժառանգության նման ճանաչման՝ ամբողջ Թուրքիայի թանգարաններում, եկեղեցիներում և հուշակոթողներում, ներառյալ քաղաքամայր Անին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները