ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
Մարտի 15-ին համայնքապետի ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի մարզի հինգ համայնքներում՝ 14 ընտրատարածքում ընդգրկված Ափնագյուղ, Լեռնապար, Օհանավան և 15-ում ներառված՝ Տեղեր:
Ընդհանուր առմամբ առաջադրվել է ինը թեկնածու, որից հինգն անկուսակցական են, երեքը՝ Հանրապետական, մեկը՝ ԲՀԿ-ական:
Օհանավանը միակ համայնքն է, որտեղ պայքարելու են երեք թեկնածուներ: Գործող ԲՀԿ-ական գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանն ինքնաառաջադրվել է, ՀՀԿ-ն առաջադրել է անկուսակցական Էդգար Հայրապետյանի թեկնածությունը: Ինքնաառաջադրված թեկնածու է նաև անկուսակցական Խաչատուր Սիսակյանը:
Մյուս երեք համայնքներում գրանցվել է երկուական թեկնածու: Կարելի է ենթադրել հիմնականում երկրորդ թեկնածուի առաջադրումը ձևական է, զուտ օրենքի պահանջն ապահովելու համար: Նկատնեք, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն, եթե համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած:
Օրինակ, Լեռնապարում. ինքնաառաջադրվածներից մեկը ՀՀԿ-ական գյուղապետ Մանվլ Հարությունյանն է, մյուսը՝ գյուղապետարանի գանձապահը՝ անկուսակցական Արամ Եսայանը:
Ափնագյուղում գործող անկուսակցական գյուղապետ Ռոբերտ Կարապետյանն ինքնառաջադրվել է, մյուս թեկնածուն ևս անկուսակցական է՝ Համազասպ Կարապետյան:
Տեղեր գյուղում ինքնաառաջադրվել է երկու ՀՀԿ-ական՝ գյուղապետ Գառնիկ Հովհաննիսյանն ու Արմեն Պողոսյանը:
Նկատենք, որ ինչպես Արմավիրի մարզում, Արագածոտնում էլ թեկնածուների թվում կանայք չկան:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Փետրվարի 18-ին լրացավ թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչև թեկնածուների գրանցումը առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 134 քաղաքացիներից 6-ը ներկայացրել էին դիմումներ` առաջադրման փաստաթղթերը հետ պահանջելու վերաբերյալ: Մնացած քաղաքացիների` որպես թեկնածու գրանցվելու դիմումները բավարարվել են, և որևէ գրանցում չի մերժվել:
Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները