Նախագահ Սերժ Սարգսյան. Սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակներն անցել են

Եռօրյա աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ «Չաթթըմ Հաուսում»:
Ստորև ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որը վերնագրված է` «Անվտանգությունն ու արժեքները Հարավային Կովկասում»:

Հարավային Կովկաս. արժեքներ և անվտանգություն

«Շնորհակալություն, պարո՛ն Ռոբերթսոն,

Ես առաջին անգամ եմ «Չեթթըմ Հաուս»-ում և ուրախ եմ`  հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում:

Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, «զինակիցը»` սըր Ռոբերթսոնը: Հիմա ինձ համար կրկնակի հաճելի է մասնակցել այս քննարկմանը: Իսկ ինչո՞ւ զինակից. որովհետև մենք լորդ Ռոբերթսոնի հետ համատեղ լուրջ ճանապարհ ենք անցել, անգամ հասցրել ենք պայմանավորվել ու տեղակայել հայկական զորամիավորումների մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը: Այնպես որ` ուրախ եմ և ողջունում եմ ձեզ, պարո՛ն Ռոբերթսոն:

Այսօր ուզում եմ այս հարգարժան լսարանի առջև խոսել Հարավային Կովկասի ու Հայաստանի մասին, խաղաղության ու սպառնալիքների, մեր տարածաշրջանում ապրող ստեղծագործ մարդկանց ու անվտանգության մասին, այն մասին, թե արդյո՞ք քաղաքականություն իրականացնողները, քաղաքականության վրա ազդեցություն ունեցողներն ու հասարակական կարծիք ձևավորողները միշտ են գործում իրենց իսկ դավանած արժեքների վրա հիմնվելով, և ի՞նչ չպետք է մոռանալ այսօր` ավելի լավ «վաղը» վաստակելու համար:

Մարկ Տվենը շատ անկեղծ էր, երբ խոստովանում էր, որ լավ հանպատրաստից ելույթ պատրաստելը սովորաբար իրենից երեք շաբաթից ավել ժամանակ է խլում: Այսօր ես էլ եմ խոսք պատրաստել: Անվտանգության թեմայով իմ ելույթները իրականում ես սկսել եմ պատրաստել ավելի քան 20 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղում, երբ մի ողջ ժողովուրդ հայտնվեց բնաջնջման վտանգի առջև և միայն այն պատճառով, որ հայ է ու ցանկանում է ազատ ապրել:

Կովկասի անվտանգության ինձ համար ընդունելի բանաձևը հաստատուն խաղաղության կերտումն է` հիմնված գոյություն ունեցող շահերի համադրման և մեր ժողովուրդների դավանած արժեքների վրա` ապրելու ու արարելու, բռնության բացառման, մարդասիրության արժեքների վրա:

Հայաստանը հաստատապես հավատում է ազատության, խաղաղության ու համագործակցության արժեքներին: Մենք հավատում ենք, որ միայն տարածաշրջանային համագործակցությունն ու երկխոսությունը կարող են հնարավոր դարձնել մեր ընդհանուր տեսլականը` խաղաղ ու կայուն տարածաշրջանի ձևավորումը: Իրականում Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից է, որտեղ կան անհաղթահարելի թվացող բաժանարարներ, որտեղ պետությունների միջազգայնորեն ճանաչված քաղաքական քարտեզը տարբերվում է իրականությունից, որտեղ փխրուն կայունությունը չափազանց խոցելի է, իսկ խաղաղության վերահաստատումը պահանջում է հսկայական ջանքեր:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եվրոպայի նորագույն պատմությունը համագործակցության միջոցով հակասությունները հաղթահարելու պատմություն է: Հայաստանը միշտ էլ հանդես է եկել հենց այդ դիրքերից: Դրան է միտված մեր քաղաքականությունը: Այդ ճանապարհով ենք մենք նաև պատրաստ առաջ շարժվել հայ ժողովրդի համար կարևոր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարհին, մի հիմնախնդիր, որ անասելի մեծ ցավ ու կորուստներ է բերել իմ ժողովրդին:

Մենք ականատես ենք եղել ամենադաժան էթնիկ զտումների և տեղահանման քաղաքականության: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների և նոր էթնիկ զտումների: Մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ արդեն կարողացել է մի կողմից վերականգնել ստալինյան բռնապետության ժամանակ խաթարված պատմական արդարությունը, իսկ մյուս կողմից` երաշխավորել իր ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ: Այս գիտակցումով է, որ մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ և այդ գիտակցումով է, որ մենք ընկալում ենք խաղաղության այս գործընթացն ու միջնորդական ջանքերը:

Իրականությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն Ադրբեջանի կազմ է մտցվել Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, որի Կովկասյան բյուրոյի նիստը, քամահրելով Ազգերի լիգայի որոշումը և մերժելով ժողովրդական հանրաքվեն` որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման ժողովրդավարական մեխանիզմ, 1921 թվականին, Ստալինի անմիջական ճնշման ներքո, ընթացակարգային խախտումներով որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի բռնակցման մասին` այդ հայկական տարածքների վրա Ադրբեջանական ԽՍՀ կազմում ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով: Այդպիսի լուծման հետ Ղարաբաղի բնակչությունն այդպես էլ չհաշտվեց խորհրդային ողջ ժամանակահատվածում: Չեմ ուզում կրկին անգամ հիշեցնել խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայաթափման քաղաքականության մանրամասների և ղարաբաղցիների պարբերական ընվզումների մասին. դրանք քաջ հայտնի են բոլորին: Ուզում եմ միայն հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ճիշտ այնպես, ինչպես 15 միութենական հանրապետությունները, Խորհրդային միության կազմից դուրս է եկել հենց խորհրդային օրենքների տառին, ինչպես նաև միջազգային բոլոր օրենքներին ու սկզբունքներին համապատասխան: Ցանկանում եմ ամփոփել ելույթիս այս հատվածը և կրկնել. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն Ադրբեջանին բռնակցվել է Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, ինչի հետ ղարաբաղցիները երբեք էլ չեն հաշտվել և առաջին իսկ հնարավորության դեպքում օրինական ճանապարհով դուրս են եկել ԽՍՀՄ-ի կազմից:

Խնդիրը նուրբ ու զգայուն շատ կողմեր ունի: Ես հորդորում եմ բոլորին երիցս ուշադիր լինել ԼՂ հիմնախնդրի մասին հրապարակավ արտահայտվելիս, հաշվի առնել բոլոր հարթությունները, հաշվի առնել հնարավոր հետևանքներն ու կողմերի ընկալումները և միշտ հենվել խնդրի մանրամասներին քաջածանոթ ու դրա խաղաղ լուծման գործում մասնագիտացված կառույցների` այս դեպքում ԵԱՀԿ մոտեցումների վրա: Խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում: Սա այսօր արդեն գիտակցում են հիմնհարցով զբաղվող բոլոր կողմերը: Եվ չարժէ որևէ առիթով, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ընգծված տոնայնություն տալ «տարածքային ամբողջականություն» հասկացությանը, առավել ևս, որ նույնիսկ այս հասկացության եզակիության ընդունումը ԼՂ հիմնախնդրի դեպքում ամենևին էլ չի նշանակում այն, ինչ փորձ է անում ներկայացնել Ադրբեջանը:

Ես հռետորական հարց եմ տալիս բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են տարածքային ամբողջականության ջատագովներ: Իսկ ու՞ր էիք Սովետական միության փլուզման ժամանակ սահմաններ էին փոխվում, ու՞ր էիք, երբ Հարավսլավիան էր տարբաժանվում: Ինչու՞ եք կարծում, որ Ադրբեջանը կարող էր դուրս գալ ԽՍՀՄ կազմից, իսկ Լեռնային Ղարաբաղը չէր կարող: Ինչու՞ եք կարծում, որ մեծ կայսրությունները կարող են տարբաժանվել, իսկ փոքրերը պետք է մնան: Որն է՞ հիմքը. անկայունությու՞ն: Չեմ ընկալում, չեմ ընդունում. անկայունության ամենամեծ հիմքը անարդար որոշումներն են:

Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատևման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել և այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու: Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում` Նախիջևանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյո՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կասեք այն ժամանակվա Ադբեջանն ուրիշ էր, հիմիկվանը ուրի՞շ: Այս "ուրիշ" Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջևանում ավելի շատ հայկականքրիստոնեական կոթողներ են ոչնչնացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբեջանը նույնիսկ այցելել և ավերված հայկական կոթողները, կատարված վանդալիզմի հետևանքները տեսնել արգելեց:

Միևնույն ժամանակ Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, շարունակվում է լայն թափով: Այս մրցավազքը խիստ վտանգավոր է. վտանգավոր է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար, Եվրոպայի ու տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների համար, Կովկասում ներդրումներ կատարած կորպորացիաների համար, բոլորի համար: Սովորական սպառազինությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատրելի չափաքանակները գերազանցող Ադրբեջանն այսօր որևէ լուրջ գնահատականի ըստ էության չի արժանանում: Իսկ այն զենքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթե նույնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միևնույն է` ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թե որտեղ և երբ: Երբ առաջատար պետությունները մեծ գումարներ են ծախսում նավթ գնելու համար, չեմ կարծում, թե այդ երկրների համար պետք է միևնույնը լինի, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Փաստն այն է, որ հենց այդ գումարները կարող են այնուհետև դառնալ շատ ավելի մեծ վտանգների աղբյուր, ինչի օրինակներ մենք տեսել ենք:

Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Մենք ատում ենք պատերազմը, ատում ենք ողջ հոգով և դրա համար մենք ունենք լրջագույն պատճառներ. մեր սերունդը ստիպված է եղել ուղիղ նայելու մահվան աչքերին, տեսել ու կորցրել է ավելին, քան կարելի է ենթադրել: Բայց մենք գիտակցում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի այն դեպքի համար, երբ ուրիշները ցանկանան դա: Եվ մենք չենք կարող աչք փակել հարևան երկրից անընդհատ եկող պատերազմական սպառնալիքների վրա, երբ անգամ երկրի Նախագահի ամանորյա ուղերձն իր ժողովրդին գրեթե ոչնչով չի տարբերվում ճակատամարտի մղող խմբապետի վարքագծից: Պատերազմի հռետորությունը Կովկասում սաստկանում է: Հայաստանը հոխորտանքներին գերազանցապես չի պատասխանում: Ինչպես Ջոն Քեննեդին է նշել. «Մենք կարիք չունենք սպառնալիքներ տեղալու, որպեսզի ապացուցենք, որ հաստատակամ ենք»: Բայց դրանով հարցը չի լուծվում: Հոխորտանքը նույնպես բռնություն է, իսկ բռնությունը բռնություն է ծնում:

Զավեշտն այնտեղ է հասել, որ հարյուրավոր միլիոններ մսխող ադրբեջանական քարոզչությունը ամենուր և անընդհատ փորձում է ագրեսորի պիտակ կպցնել Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպված են եղել զենք վերցնել բառացիորեն չբնաջնջվելու համար: Նման գործելաոճը հիշեցնում է ֆրանսիական ասացվածքը. «Այս արարածը շատ կատաղի է. հենց հարձակվում ես` սկսում է պաշտպանվել»: Իրականությունն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ և միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյության իր իրավունքը, պաշտպանել իր արժեքները, իր եկեղեցիներն ու խաչքարերը:

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով և որ ամենակարևորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով: Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխանության և ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ և արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, կայացնում պետական-ժողովրդավարական ինստիտուտները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ հեղինակավոր «Ֆրիդըմ Հաուս»  կազմակերպությունը իր «Ազատությունն աշխարհում» զեկույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասում է աշխարհի մասամբ ազատ ժողովրդավարության երկրների շարքը, մինչդեռ Ադրբեջանը նույն դասակարգման համաձայն համարվում է անազատ: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են…

Եզրակացությունը միանշանակ է. անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մեր համոզմունքն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հենվի մարդու իրավունքների և Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա: Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տևական, իրականանալի և խաղաղ: Այդպիսի լուծման այլընտրանքը Ղարաբաղի ժողովրդի համար բռնի վերադարձն է Ադրբեջանի կազմ, ինչն անխուսափելիորեն կբերի Լեռնային Ղարաբաղի հայա-թափությանը: Ինչպես ասում են` երրորդը տրված չէ: Մանավանդ, որ վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը Ադրբեջանի կողմից որակվում է որպես "հանցագործ": Հետևաբար, հաշվի առնելով նման այլընտրանքի հետևանքները, մենք հստակորեն բացառում ենք որևէ ճնշման տակ Ղարաբաղի հարցում այնպիսի զիջումների գնալը, որոնք կվտանգեն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը, արժանավայել ապրելու իրավունքը:

Հարգելի՛ գործընկերներ,

Համոզված եմ` Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսությունը և դրա ներկա ընթացքը ձեր հետաքրքրությունների շրջանակում է: Ընդհանրապես նկատել եմ, որ փորձագիտական շրջանակներն ամենուր առավել աչալրջությամբ են հետևում ու վերլուծում այս գործընթացը: Հիշեցնեմ, որ Նախագահ Գյուլին Հայաստան հրավիրելու և Հայաստան-Թուրքիա երկխոսությունը սկսելու իմ նախաձեռնությունն առաջին անգամ ես հնչեցրել եմ հենց փորձագետների այսօրինակ հավաքի ժամանակ` Մոսկվայում, ինչը մեծ արձագանք գտավ ուղղակի րոպեներ անց:

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավական առաջ ենք շարժվել Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք դիտում ենք շատ ավելի լայն` տարածաշրջանային և միջազգային համատեքստում: Վստահ եմ, որ անցել է փակ սահմանների և վերջնագրերի ժամանակը: Այսօրվա աշխարհի գունապնակը շատ ավելի ընդարձակ է, քան պարզապես սևն ու սպիտակը: Մենք պետք է բոլորս գիտակցենք դա և ստեղծենք հնարավորություններ բնականոն շփումների, գործակցության, երկխոսության համար: Եվ դա անհրաժեշտ է անել ոչ միայն այն պատճառով, որ դրանից կշահեն Թուրքիան ու Հայաստանը, այլ որովհետև դրանից կշահի ողջ տարածաշրջանը, հետևաբար և` Եվրոպան:

Մենք իրոք մոտեցել ենք մի հանգրվանի, երբ հնարավորություն կա հասնելու առկա իրավիճակի լուրջ փոփոխության: Դա առանց նախապայմանների, առանց երրորդ երկրների հարցերով երկկողմ հարաբերությունները պայմանավորելու համագործակցության ուղին է: Այս պահին մենք ունենք Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված արձանագրություններ, որոնք այժմ սպասում են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:

Հայաստանում վավերացման գործընթացն ընթանում է սահմանված կարգով և առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանադրական դատա-րանի որոշումը` սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ: Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Սահմանադրական դատարանը որոշումը կայացրել է միաձայն, առանց որևէ հատուկ կարծիքի. մի բան, որ իսկապես շատ խոսուն է: Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ արձանագրությունները չեն պարունակում որևէ դրույթ, որը կարող է մեկնաբանվել որպես հակասող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին: Այդ որոշումն այս պահին ՀՀ Նախագահի նստավայրում է, և փաստաթղթերի ողջ փաթեթը պատրաստ է խորհրդարան ուղարկելու համար: «Չեթթըմ Հաուս»-ի այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով` վավերացման գործընթացն սկսելու համար:

Այսօր, այս հեղինակավոր ամբիոնից ես վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հետևողական նվիրվածությունն այս գործընթացին: Վերահաստատում եմ, որ որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ բացառում եմ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն առանց նախապայմանների վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը:

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անընդհատ խոսում են իրենց խորհրդարանի քաղաքական անկախության և դրա որոշման անկանխատեսելիության մասին: Ավելին, նրանք փորձում են ստանալ ոչ կուսակցական վավերացում` ապահովելով նաև ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր սատարումը: Դա հասկանալի է: Բայց պետք է նաև հիշեն, որ ի դեմս Հայաստանի` գործ ունեն մի երկրի հետ, որն իր հետևողականության ճանապարհին կանգ չառավ անգամ իշխող կոալիցիայի կարևոր դերակատարներից մեկին կորցնելու իրողության առջև: Վստահ եմ, որ Նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը, քաղաքական կամքի դրսևորման պարագայում, կգտնեն բավականաչափ աջակցություն Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող իրենց կուսակիցների շարքերում:

Մենք վստահ ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ վերջին տասնամյակների խոշորագույն ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Այդ տեսլականով առաջնորդվելով` մենք համաձայնել ենք ընթանալ առաջ առանց նախապայմանների` չպայմանավորելով մեր հարաբերությունները Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքով: Բայց եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է, և ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը:

Չեմ կարող ասել, թե գործընթացը մինչ այս պահը հեշտ է ընթացել: Գաղտնիք չէ, որ Թուրքիայից անընդհատ հնչել են նախապայմաններ` կապված ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ: Մինչդեռ ակնհայտ է, որ երկու գործընթացները կապելու փորձերը կվնասեն թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, թե՛ ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին: Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ որպես գործելու և լուծումներ գտնելու ուղեցույց, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների արագ կարգավորումը կարող է դրական լիցքեր տալ և ուղեցույց հանդիսանալ ղարաբաղյան կարգավորման գործընթացին:

Ավելին ասեմ, ես ինքս եմ պատրաստվում հրավիրել Նախագահ Ալիևին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը: Դա, իմ կարծիքով, կարող է լինել տարածաշրջանի համար շատ կարևոր և ինչ-որ տեղ նաև օրինակելի միջոցառում, որն ակնառու կերպով ցույց կտա, թե ինչպես պետք է լուծվեն առկա խնդիրները, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենակարծրացած հակամարտություններն ունեն լուծման ուղի, և այդ ուղին միայն բանակցություններն են ու իրականությունը բաց աչքերով տեսնել կարողանալը: Վստահ եմ` ԼՂ հիմնախնդրի լուծմանն օժանդակելու լավագույն հնարավորությունը սեփական երկրի օրինակով ցույց տալն է, որ խնդիրները կարո՛ղ են լուծվել և հսկայական օգուտներ բերել ողջ տարածաշրջանին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայերս, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, բարոյական պարտք ունենք մարդկության և պատմության առջև ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Մենք արել և անելու ենք ամեն ինչ` աջակցելու համար Ցեղասպանության կոնվենցիայի շարունակական ոգեկոչմանն ու հետևողական իրագործմանը: Ցեղասպանությունը չի կարող հուզել միայն մեկ ժողովրդի, քանի որ այն հանցագործություն է ողջ մարդկության դեմ:

Երեկ ինձ հարցնում էին, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը Մեծ Բրիտանիային, և արդյոք ճանաչելով ցեղասպանությունը` Մեծ Բրիտանիան չի՞ վնասի Կովկասի անվտանգությանը: Ես պատասխանեցի, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ: Այստեղ այլ աշխատանքի կարիք կա:

Հայ-բրիտանական հարաբերությունների սկիզբը ԽՍՀՄ փլուզումը չէր: Այդ հարաբերությունների ակունքները գալիս են դարերի խորքից: Փոխադարձ հետաքրքրության ու փոխգործակցության բացառիկ դրսևորում էր հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունների ու նրա հետագա ճակատագրի հանդեպ բրիտանական հասարակության անշահախնդիր հետաքրքրությունը: Դրա վառ վկայությունն են բրիտանական հայասիրական հուժկու շարժումն ու այն բրիտանացիների հիացմունքի արժանի մարդասիրական գործունեությունը, ովքեր առաջինն արձագանքեցին ու իրենց բողոքի ձայնն ու օգնության ձեռքը մեկնեցին ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդին: Հայոց ցեղասպանությանը բրիտանացիները իրազեկվեցին Ջեյմս Բրայսի, Առնոլդ Թոյնբիի, Ուիլյամ Գլադս¬տոնի, Լլոյդ Ջորջի հայտնի աշխատություններից և հայտարարություններից:

Լոնդոնի քաղաքապետն ու Քենթերբերիի արքեպիսկոպոսը, բազում այլ նշանավոր բրիտանացիներ ցեղասպանության տարիներին հիմնեցին Հայ գաղթականների հիմնադրամը (Armenian Refugees /Lord Mayor’s/ fund), որն իր գործունեությամբ կոչված էր թեթևացնելու հայ տարագիրների վիճակը: Այս անվանացանկը կարելի է շարունակել:

Եվ վերջապես Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համահեղինակությամբ էր, որ 1915թ. մայիսին ընդունվեց համատեղ մի հայտարարություն, որում հայերի դեմ իրագործված բռնություններն ու կոտորածները որակվեցին որպես «հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության»:

Ինչ վերաբերում է ցեղասպանությունը ճանաչելով անվտանգությանը վնասելու մտավախությանը, իմ զրուցակցին ես հակադարձեցի, որ դա նույնն է, ինչ ընտրություն առաջարկել անվտանգության և արժեքային համակարգի միջև: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տևական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես կայուն, կանխատեսելի եւ հուսալի գործընկեր, որի մոտեցումներն ընկալվում ու գնահատվում են: Միջազգային կարևոր դերակատարներն ու կենտրոնները հարգանքով են վերաբերվում մեր երկրին. երկիր, որն իր կեցվածքով ապացուցել է իր վստահելիությունը` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային երկկողմ ու բազմակողմ մակարդակներում: Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է փոխվստահության, փոխադարձ շահերի ու պարտավորությունների, ինչպես նաև համատեղ պատասխանատվության հիման վրա, որոնք միտված են տարածաշրջանում քաղաքական կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը: Մենք բաց ենք բոլոր երկրների հետ նշված գործելաոճով հարաբերություներ կառուցելու և ամրապնդելու համար:

Թույլ տվեք ելույթս ավարտել հայ-բրիտանական բարեկամությունը խորհրդանշող մեծն Բայրոնից մեջբերումով. «Թերևս դժվար լինի գտնել մի ազգի տարեգրություն, որն առավել զերծ լինի ոճրագործություններից, քան հայերինը … սակայն ինչպիսին էլ լիներ նրանց ճակատագիրը, որը դառն է եղել, ինչպիսին էլ լինի նրանց ապագան, Հայաստանը հավետ կմնա աշխարհի ամենահետաքըրքիր երկիրներից մեկը»: Մենք հավատում են մեր ապագային, հավատում ենք, որ կայունությամբ ու բարգավաճմամբ, խաղաղությամբ ու մեր բարեկեցությամբ 21-րդ դարում ևս կմնանք աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը:

Շնորհակալություն ուշադրության համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
«Քանի որ Իրանից ստանում ենք աղետալի լուրեր,այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:44
Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեր հինգի անունից շնորհակալություն ենք...
Աղբյուր` Panorama.am
11:01
Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը
2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
«Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին»,-...
Աղբյուր` Panorama.am
10:09
Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Տիգրան Ավինյան
«Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է, ի՞նչ պրոցես ունեք դրա հետ կապված»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները ստացան չեմպիոնական գավաթն ու մեդալները։...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Այսօր Բագրատ Սրբազանը գնալու է Կիրանց։
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
«Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Մայիսի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.86 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի...
Աղբյուր` Panorama.am
09:01
Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
 Իրանիր փոխնախագահն Մոհամմեդ Մոխբերը հաստատել է, որ ուղղաթիռի կործանումից զոհվել է երկրի նախագահ Ռաիսիի ու նրա հետ նույն ուղղաթիռում...
Աղբյուր` Panorama.am
08:20
Մարգարիտա Սիմոնյան. Արևմուտքը ցնցված է մեր առաջխաղացումից
Արևմուտքը ցնցված է հատուկ գործողության գոտում ռուսական բանակի հաջող առաջխաղացումից։ Այս մասին հայտարարել է RT հեռուստաընկերության խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
08:10
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանում մայիսի 20-ի գիշերը, 21-22-ին երեկոյան ժամերին,  հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:50
Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր
Լրատվամիջոցներում և համացանցում տարածվում են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում...
Աղբյուր` Panorama.am
07:14
Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում փրկվածներ չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է CNN-ը՝...
Աղբյուր` Panorama.am
23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}