Նախագահ Սերժ Սարգսյանը Սեուլից պետական այցով մեկնել է Սինգապուր (լուսանկարներ, տեսանյութ)
Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը, նախագահ Սերժ Սարգսյանի այցի ծրագիրը մեկնարկել է այսօր առավոտյան, իսկ առաջին կանգառը եղել է Սինգապուրի բուսաբանական այգին: Այստեղ տեղի է ունեցել խոլորձի անվանարկման արարողություն: Սա մի միջոցառում է, որ տեղի է ունենում ի պատիվ բարձրաստիճան հյուրերի ու գործիչների, պատճառն էլ այն է, որ խոլորձը, ավելի ճիշտ դրա մի տեսակը` Վանդա Միսս Ջոակիմը, հանդիսանում է Սինգապուրի ազգային խորհրդանիշը:
Այս արարողակարգին ՀՀ նախագահի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ էլ ուներ: Բանն այն է, որ խոլորձի այդ տեսակը հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան): Եվ այս փաստն էլ հիմք է դարձել, որպեսզի ՀՀ նախագահը Պատվո հյուրերի գրքում արած գրառման մեջ նկատի. «Բնության այս հրաշքը` Վանդա Միսս Ջոակիմ խոլորձը, իր մեջ ամփոփում է նույնքան ներդաշնակություն և գեղեցկություն, որքան հատուկ է Սինգապուրին և նրա ժողովրդին: Հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի անունը: Չէ որ գեղեցիկի հանդեպ իր քնքուշ սիրով Ագնեսը հայերիս անունը առհավետ միահյուսեց Սինգապուրի ժողովրդի պատմությանը: Թող որ այս չքնաղ ծաղիկը նաև հայ-սինգապուրյան բարեկամության հարատևության խորհրդանիշը լինի»:
Նշենք, որ Սինգապուրը հայտնի է խոլորձի իր անկրկնելի տեսակներով, որոնց ներհատուկ է գեղեցկությունը և բացառիկ բուրմունքը: Երկրում, ավանդաբար, շատ հայտնի են եղել ծաղկի ցուցահանդեսները և մրցույթները, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն էին բերում նաև հայ կանայք: «Վանդա Միսս Ջոակիմ» (Vanda Miss Joaquim) անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», հիբրիդային տեսակ է, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկը` պետական խորհրդանիշը: Հայտնի խոլորձն իր անվանումը ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով ծաղիկը հայտնաբերել է եղեգնուտում:
Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում: Նա ընտանիքի 11 երեխաներից ավագ դուստրն է եղել: Ագնեսի հայրը Սինգապուրում առևտրային գործակալ և հայտնի բարերար է եղել, ունեցել է մեծ ունեցվածք և ներդրումներ, որը 1872թ. նրա հանկարծամահ լինելուց հետո, ժառանգել է իր ընտանիքը: Ագնեսի մայրը` Ուրելիան զբաղվել է այգեգործությամբ, իսկ մայրական գծով պապը` Իսաիյա Զաքարիան եղել է Սինգապուրի Առևտրային պալատի առաջին անդամներից մեկը և հայ համայնքի ղեկավարը:
Սինգապուրի հայ համայնքի եռանդուն ներկայացուցիչ է եղել նաև Ագնեսը, որը, ինչպես իր մայրը, սիրել է այգեգործությունն ու ծաղկաբուծությունը: Նա ունեցել է բազմատեսակ խոլորձների այգի և իր ակտիվ մասնակցությունն է բերել ծաղիկների ամենամյա ցուցահանդեսներին` հավաքելով պարգևների ազդեցիկ հավաքածու: 1893-1895թթ.` սինգապուրյան ամենամյա երեք ցուցահանդեսներում նա արժանացել է 27 առաջին և 15 երկրորդ մրցանակների:
Սակայն, իրական հռչակը Ագնեսն վայելեց 1899թ., երբ նա ներկայացրեց իր հանրահայտ խոլորձի տեսակը, որը 1981թ. ընտրեցին որպես Սինգապուրի ազգային ծաղիկ՝ ողջ Սինգապուրի խորհրդանիշ: Նույն 1899թ.` պարգևատրումից երեք ամիս անց, Ագնեսը մահացավ քաղցկեղից: Այժմ նրա շիրմաքարը գտնվում է Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները