5 գործոն, որոնց պարագայում Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում չի գործի
Տարիներ շարունակ միջուկային խնդրի շուրջ Իրանի և գերտերությունների միջև տեղի ունեցող բանակցային գործընթացներին զուգահեռ Իսրայելի կողմից անընդհատ հնչում են իրանական հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարություններ:
Ապրիլի 14-ին Ստամբուլում Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներ և Գերմանիա) կայացած հանդիպման առաջին փուլի ավարտին, երբ կողմերը հայտարարեցին, թե գոհ են բանակցությունների արդյունքից, Իսրայելի կողմից որոշակի անհանգստություն նկատվեց. Ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ մինչև բաղդադյան հանդիպումը Իսրայելը փորձում է ազդեցություն գործել միջազգային հանրության վրա և տապալել ս.թ. մայիսի 23-ին Բաղդադում կայանալիք Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը: Ստամբուլյան հանդիպումից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարեց, թե Իրանը 60 օր հետո ատոմային ռումբ կունենա:
Թեև Իսրայելն արդեն մի քանի տարի է, ինչ հայտարարում է, թե Իրանի կողմից սպառնալիքի ուժեղացման պարագայում ռազմական հարձակում կգործի Իրանի միջուկային հաստատությունների վրա, առկա գործընթացները վկայում են, որ երկու երկրների պայքարը հիմնականում ընթանում է տեղեկատվական ոլորտում:
Ըստ իրանցի վերլուծաբան Ալի Ղադերիի՝ գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնց առկայության դեպքում է, որ Իսրայելը ռազմական հարձակում չի գործում Իրանի վրա:
1. Իսրայելը չունի բավարար տեղեկատվություն, թե հնարավոր ռազմական հարձակմն ինչ հետևանքներ կունենա և ինչպիսի հակահարվածի կարժանանա Իրանի կողմից
2. Իրանի կողմից կտրուկ հակահարվածի պարագայում Իսրայելը բավարար չափով չունի ներքին պատրաստվածություն
3. Իսրայելի ռազմաքաղաքական էլիտան Իրանի վրա ռազմական հարձակման հարցում չունի միասնական կարծիք (Իսրայելի ուժային կառույցների ղեկավարները` բանակի ընդհանուր շտաբի պետը, ռազմական հետախուզության, արտաքին հետախուզության (Մոսսադ) և ներքին անվտանգության գերատեսչությունների ղեկավարներն իրենց հայտարարություններում վերջին շրջանում հիմնականում դեմ են արտահայտվել Իրանի վրա ռազմական հարձակում իրագործելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի ծրագրերին):
4. Իսրայելի տնտեսությունը չունի այն կարողությունը, որն ի վիճակի կլինի հաղթահարել պատերազմի կործանարար արդյունքները
5. Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման գաղափարին դեմ են արտահայտվում Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Նկատենք, որ վերջերս ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, անդրադառնալով Իրանի վրա ռազմական հարձակման խնդրին, նշել էր. «Համոզված եմ, որ Իսրայելն Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում գործելու վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել:»: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հիգի կարծիքով էլ` Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումն անմիտ քայլ կլինի:
Իսկ օրերս ամերիկյան «The Los Angeles Times» պարբերականը հաղորդել էր, որ Վաշինգտոնը եկել է այն համոզման, որ Իրանի նկատմամբ կիրառված կոշտ քաղաքականությունն անարդյունավետ է, և եթե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շարունակեն ճնշումներ կիրառելու քաղաքականությունը, ապա առկա գործընթացները կմտնեն փակուղի:
Բացի այդ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե պետք է հեռու մնալ պատերազմի գաղափարից և անհրաժեշտ է զբաղվել երկրի ներքին կյանքի բարելավմամբ:
Վաշինգտոնն Իսրայելին կարծես հստակ հասկացրել է, որ եթե վերջինս Իրանի կողմից սպառանալիք է զգում, ապա դա Իսրայելի խնդիրն է՝ պաշտպանել իր ազգային շահերը, ուստի այդ պարագայում ԱՄՆ-ն մտադիր չէ մասնակցել Իսրայելի պաշտպանական գործողություններին:
Հարկ է նշել, որ Իրանի և «5+1 խմբի» միջև Ստամբուլում տեղի ունեցած արդյունավետ հանդիպումը, Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև մայիսի 14-15-ը Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում առաջընթացի արձանագրումը, ինչպես նաև ԱՄՆ կողմից Իրանին ուղղված դրական ազդակները (ԱՄՆ պետքարտուղարությունը օրերս շնորհավորել է Իրանին Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ նվաճելու համար) հույս են ներշնչում, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն և պատերազմի վտանգը գոնե մոտ ապագայում չի սպառնա տարածաշրջանին: