ՀՀ նախագահների երդմնակալությունը` կարճ փորձ, կայուն ավանդույթներ (Տեսանյութերով)
Վաղը` ապրիլի 9-ին, կայանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Նորանկախ Հայաստանի երկու տասնամյակից ավել պատմության մեջ սա նախագահի 6-րդ երդմնակալությունն է: Թվում է` փորձը մյուս երկրների նկատմամբ անհամեմատելիորեն քիչ է, սակայն ազգային հարուստ պատմությունն ու արտերկրի լավագույն փորձի յուրացումը հնարավորություն են տվել Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությունը դարձնել կայուն մի ընթցակարգ` իր արարողակարգային տարբեր նրբություններով:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդման արարողությունը տեղի է ունեցել 1991 թվականի նոյեմբերի 21-ին` Գերագույն խորհրդի հատուկ նիստում: Այդ ժամանակ նորանկախ Հայաստանը դեռևս չուներ սահմանադրություն և սահմանադրական իրավահարաբերությունները կարգավորվում էին օրենքներով կամ նորմատիվ այլ ակտերով, իսկ երբեմն էլ նաև ավանդույթներով: Թերևս սրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ առաջին նախագահի առաջին երդումը տրվեց` ձեռքը դնելով 7-րդ դարին վերագրվող և Մատենադարանի հնագույն ձեռագրերի շարքում խնամքով պահվող Վեհամոր Ավետարանի վրա: Ցավոք, մեզ չհաջողվեց գտնել 1991-ի այդ պատմական իրադարձության կադրերը:
Լևոն Տեր-Պետրոսյանը 2-րդ անգամ երդվեց նաև 1996-ին, Սահմանադրության առկայության պայմաններում (տեսանյութ): 1995 թվականին ընդունված ՀՀ առաջին Սահմանադրության 54-րդ հոդվածը սահմանում էր, որ «Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ»: Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալությունը կայացավ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում, Ազգային ժողովի շենքում:
Այդ ժամանակ դեռևս սահմանադրորեն երդման տեքստ նախատեսված չէր, և Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում ասաց. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. սրբությամբ կատարել Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի պարտականությունը, գործել բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում, առաջնորդվել ժողովրդավարության և համամարդկային արժեքների գերակայության գիտակցությամբ, ջանք չխնայել երկրի խաղաղությունը, քաղաքական կայունությունը և քաղաքացիական համերաշխությունը ապահովելու ուղղությամբ, մշտական հոգացության առարկա դարձնել ժողովրդի բարեկեցության բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման խնդիրները, չկորցնել զգոնությունը, իրականության զգացողությունը, պատասխանատվության գիտակցությունը, հեռու մնալ արկածախնդրությունից, անիրատես ծրագրերից ու շուտափույթ որոշումներից, մերժել ծայրահեղականությունը, ամբոխավարությունը, ամբոխահաճությունը և սին խոստումները, ժողովրդին զերծ պահել ահաբեկչության, թմրամոլության, ավազակության վտանգներից, բարձրացնել ազգի բարոյական ոգին, ամրապնդել ու խորացնել նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ, պետականությունը վեր դասել ազգային ու քաղաքական բոլոր գաղափարներից, գիտակցել պատասխանատվությունը համայն հայության առջև»:
Հատկանշական է, որ արդեն Սահմանադրության գոյության պայմաններում հանրապետության ղեկավարն իր երդման տեքստն ընթերցեց` աջ ձեռքը դնելով միաժամանակ և Սահմանադրության, և Վեհամոր Ավետարանի վրա:
Հայաստանում նախագահի երդմանակալության երրորդ արարողությունը (տեսանյութ) տեղի ունեցավ 1998 թվականի ապրիլի 9-ին, երբ պաշտոնն առաջին անգամ ստանձնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ օրվանից հետո ՀՀ նախագահների բոլոր երդմանակալությունները կայացել են հենց ապրիլի 9-ին, և դա պայմանավորված էր նրանով, որ երկրի Սահմանադրությունը հստակ ժամկետներ է նախատեսում դրա համար, իսկ ցիկլի փոփոխություն ենթադրվում է միայն ժամանակից շուտ նախագահի լիազորությունների վայր դնելու դեպքում, ինչը 1997-ից հետո չի եղել:
Ինչ վերաբերում է արարողակարգային նորամուծություններին, ապա դրանք մի քանիսն էին: Նախ` ԱԺ որոշմամբ խորհրդարանի հատուկ նիստը անցկացվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Մինչ երդմնակալությունը հանդիսավոր կերպով թատրոնի շենք բերվեցին պետական ու հոգևոր խորհրդանիշները` նախագահի նստավայրից պետական դրոշը, Սահմանադրությունը` Սահմանադրական դատարանից, իսկ Մատենադարանից Վեհամոր ավետարանը պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղափոխվեցին օպերայի և բալետի թատրոն:
Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիազորությունը ստանձնեց` երդվելով աջ ձեռքը միաժամանակ Սահամանդրության և Վեհամոր Ավետարանի վրա դրած: Սակայն, եթե նախկինում խորհրդանիշներն արդեն դրված էին ամբիոնին կից հարթակին, ապա 1998-ին դրանք հանդիսավոր կերպով նիստերի դահլիճ բերվեցին հենց ԱԺ նիստի ընթացքում:
Ինչ վերաբերում է երդման տեքստին, ապա Ռոբերտ Քոչարյանի առաջին երդմանակալության ժամանակ այն այսպիսին էր. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ հայ ժողովրդի առջև երդվում եմ. լինել հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը, հարգել և պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, նվիրումով և հավատարմորեն ծառայել հայ ժողովրդին հանուն հայոց պետականության հզորության և համազգային նպատակների իրագործման»:
2003-ին կայացած Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության ժամանակ (տեսանյութ) արարողակարգային նախկին լուծումները հիմնականում պահպանվեցին: Նախորդ փորձից միակ տարբերությունն այն էր, որ ԱԺ հատուկ նիստն այս անգամ գումարվեց կառավարության համագումարների պալատում: Մնացած ամեն ինչ գրեթե նույնությամբ կրկնում էր 1998-ի փորձը. արդեն ավանդույթի վերածված արարողակարգով պետական ու հոգևոր խորհրդանիշները կրկին տեղափոխվեցին նիստերի դահլիճ, որտեղ էլ կայացավ երդմնակալությունը:
Գլխավոր առանձնահատկությունը նախագահի երդման տեքստն էր, որն այս անգամ հնչեց այսպես. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու հիմնական ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի»:
2008 թվականին կայացած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին երդմնակալությունը (տեսանյութ) նախորդներից տարբերվում էր մեկ կարևորագույն առանձնահատկությամբ. այն առաջինն էր 2005 թվականին կայացած հանրաքվեից հետո, որով մայր օրենքում փոփոխություններ կատարվեցին:
Փոփոխությունները ի թիվս այլոց վերաբերում էին նաև Սահմանադրության 54-րդ հոդվածին. այդուհետ Սահմանադրության պահանջը հետևյալն էր` Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։»:
Այսինքն` այդուհետ Սահմանադրությամբ ամրագրվում էր երդման այն տեքստը, որով նորընտիր նախագահը ստանձնելու էր իր լիազորությունները, և 2008-ին Սերժ Սարգսյանն ընթերցեց հենց այդ տեքստը: Այս անգամ Ազգային ժողովը որոշեց հատուկ նիստը գումարել Օպերայի և բալետի շենքում` վերադառնալով 1998-ի փորձին: Արարողակարգի մնացած տարրերը ևս կրկնում էին 1998-ի ու 2003-ի փորձը. կրկին պետական ու հոգևոր խորհրդանիշները հանդիսավորությամբ բերվեցին նիստերի դահլիճ և կրկին նախագահը երդում տվեց` ձեռքը դնելով Սահմանադրության և Վեհամոր ավետարանի վրա:
2008-ին կայացած գլխավոր նորամուծությունը հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման արարողության առթիվ շքերթն էր: Այն կայացավ Ազատության հրապարակում և կրում էր խորհրդանշական բնույթ: Այն ըստ էության, զինուժի կողմից հավատարմության ժեստ է ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանտարին:
Արարողակարգային նորամուծությունները սրանով չէին ավարտվում. 2008-ին առաջին անգամ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ նախորդ և նորընտիր նախագահների հանդիպում: Առաջին նախագահի դեպքում նման բան տեղի չէր ունեցել այն պարզ պատճառով, որ նախագահի ինստիտուտը նոր էր հիմնադրվել, իսկ ահա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դե ֆակտո նախագահի լիազորությունները ստացել էր հենց իրենից, քանզի լինելով վարչապետ` Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո 65 օր հանդիսանում էր նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ենթադրվում է, որ 2013-ի ապրիլի 9-ին կայանալիք արարողությունը մեծ մասամբ կկրկնի արդեն իսկ ավանդույթ դարձած այն արարողակարգային տարրերը, որ տեղ են գտել նախկին 5 նման միջոցառումների ժամանակ:
Պատրաստեց Արմեն Մինասյանը