«Զվարթնոց» օդանավակայանն ուզում են քանդե՞լ. «Մի օրինակ չկա, որ սեփականատերը գներ ու աչքի լույսի պես պահեր»
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը քանդելու համար այն պատճառաբանությամբ, որ կոնստրուկցիաները վնասված են: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել է դիմումը: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Այդ շենքը մեծ արժեք ունի: Իսկ սեփականատիրոջ բերած մտահոգությունները, որ կոնստրուկցիաները թույլ են, վերջին հաշվով կարելի է վերականգնել, ուժեղացել ու պահել»:
Մ. Մինասյանը նշեց, որ այդ շենքը Սովետական շրջանի մոդեռնիստական ստեղծագործությունների շարքին է պատկանում, միութենական մրցանակի է արժանացել, Վիենայում կայացած ճատրարապետական համաժողովի ժամանակ դիմել են բոլոր այն պետություններին, որոնք նմանատիպ շենքեր ունեն, վերցնեն հատուկ հոգատարության տակ: «Մեզ մոտ հակառակն է. այն շենքերը, որոնք պահպանելու ու ապրելու իրավունք ունեն, ուզում են արագ ոչնչացնել»,- նման մտահոգություն հայտնեց Մ. Մինասյանը` բազմաթիվ օրինակներ բերելով, ընդգծելով հատկապես Փակ շուկան. «Մի օրինակ չկա, որ սեփականատերը գներ ու աչքի լույսի պես պահեր»:
Ճարտարապետների միության նախագահը համոզված է, որ նման խնդիրներ չեն լինի, եթե պահպանվեն օրենքները, եթե օրենքները խախտողները պատժվեն:
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքն ընդգրկված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում: «Կան հուշարձաններ, որոնք գրանցված չեն, բայց մեծ արժեք են ներկայացնում: Սակայն պարզվել է նաև, որ անպաշտպան են այդ ցանկերում ընդգրկված հուշարձանները»,-ասաց Մ. Մինասյանը:
Ի դեպ, նշենք, որ կառավարության 2 մասնաշենքի (ԱԳՆ) ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատերը նույն մարդն է` արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյան: Պետության կողմից պահպանող ԱԳՆ շենքը պետք է վերածվի հյուրանոցի` արտաքին տեսքը պահպանելով: Մ. Մինասյանը մտավախություն ունի, որ այդ շենքն էլ փոփոխությունների կենթակվի:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան