«Արևիկ, կարող ես գրել` այստեղ եղել է Արևիկը…». Վարչապետը` փոխնախարարին...ի՞նչ է արվել Սանահինում, ինչպե՞ս փրկել հուշարձանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Սանահին վանական համալիրում էր. տրամադրությունը բարձր ու մարտական` եկել էր անձամբ տեսնելու, թե ինչո՞ւ են այդքան շատ դժգոհում Սանահինի խնդիրներից և ինչ աշխատանքեր են տարվել: Խնդիրը նրանում է, որ վանական համալիրը իր պատմական տեսքն է կորցնում առատ բուսականության ու անտերության մատնված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 2010թ-ին Սանահին կատարած այցի ժամանակ Տ.Սարգսյանը հանձնարարել էր Մշակույթի նախարարությանը ստանձնել վանական համալիրի ամրակայման աշխատանքները: Անցած տարի` 2012թ-ին համալիրի Սրբ. Աստվածածին և Սրբ. Ամենափրկիչ եկեղեցիների, ինչպես նաև Գրիգոր Մագիստրոս ճեմարանի վերականգնման-ամրակայման համար պետբյուջեից հատկացվել էր 18 մլն դրամ... աշխատանքները տարվել են, վանական համալիրի բակում հատուկ ցուցապաստառը այդ մասին պատմում է նաև լուսանկարներով, սակայն տեղ-տեղ կարելի է նկատել, որ բուսականությունը նաև այդ հատվածներ է վերադառնում:
Վարչապետին հետաքրքրում էր ամեն ինչ, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ փորձում էր հնարավորինս սպառիչ պատասխաններ տալ կառավարության ղեկավարի հարցերին, որտեղ էլ չէր կարողանում` օգնության էին հասնում փոխնախարար Արև Սամուելյանը և վանական համալիրի ամրագրման աշխատանքների ճարտարապետը:
Տ.Սարգսյանը, մասնավորապես, հետաքրքրվում էր, թե ինչ է արվում բուսականությունից համալիրրի որոշ հուշարձաններ փրկելու ուղղությամբ, քանի որ վիզուալ դա այդքան էլ դրական տպավորություն չի թողնում համալիր այցելածների վրա:
Սրա պատասխանը եղավ այն, որ ինչ-որ կաուչուկային հեղուկով մշակվում են ճաքերն ու այն հատվածները, որտեղ ծառ ու խոտեր են աճում գմբեթներին ու եկեղեցիների պատերին (ճշմարտացի լինելու համար նշենք, որ գմբեթների գույնը և դարավոր պատմություն ունեցող այս պատերի գույնը կանաչի ետևում չի էլ երևում), և որ վանական համալիրի ամենամեծ եկեղեցու վրա աշխատանքները կմեկնարկեն 2014թ-ին միայն:
Մի խոսքով` դեռ մի տարի էլ Սանահինի կենտրոնական գմբեթը դեռ չի երևա խոտածածկի տակ: Մինչև ամրակայման աշխատանքների մեկնարկը, և այս մասին վարչապետին տեղյակ պահվեց հատուկ հպարտությամբ, իտալացի և եվրոպացի մի շարք մասնագետներ երկու տարի ուսումնասիրել են ճաքերի դինամիկան և պարզել, որ առկա ճաքերը արդեն նստվածք են տվել, չեն շարժվում: Ա.Սամուելյանը, մատնացույց անելով Սրբ. Ամենափրկչին ասաց, որ այդ պատերը առնվազն չորս դար կանգուն են.
«Առնվազն չորս դար էլ կկանգնեն»,- ժպտալով ասաց վարչապետը:
Իսկ ավելի լուրջ ևս մեկ անգամ մատնանշեց ծառերին` արդյո՞ք դրանք վտանգ չեն ներկայացնում և ինչո՞ւ են, ի վերջո, շարունակաբար աճում գմբեթի վրա.
«Ամրակայման աշխատանքներից հետո հատուկ մասնագետները զբաղվելու են դրանց պարբերաբար մաքրմամբ»,- հավաստիացրեց Մշակույթի նախարարը:
Ընդհանուր տպավորությունն այն էլ որ ցանկացած աշխատանք, որ հետաքրքրում էր վարչապետին, պետք է կատարվի դեռ ապագայում: Նույնն էլ մենք նկատեցինք, մասնավորապես, եկեղեցիներից մեկի ներսում, ընդ որում այն, որ արդեն ամրակայվել է և որտեղ աշխատանքներն ավարտվել են, խորանի ամբողջ պատը, գրեթե մինչև գմբեթ, «հարուստ էր» ռոմանտիկ գրություններով` «Անի + Նարեկ», «Արմեն+Ալինա= ՍԵՐ» և այլն:
Panorama.am-ը Մշակույթի փոխնախարարից հետաքրքրվեց` ինչո՞ւ չեն մաքրվել այդ գրությունները, եթե ինչպես իրենք են պնդում, աշխատանքներն այդ եկեղեցում արդեն ավարտվել են.
«Ամեն ինչ միանգամից չի արվում, ժամանակ է պետք.... Կարվի հերթականությամբ»,- նշեց նա, իսկ վրա հասած երիտասարդ քահանաներից մեկը, իբրև թե արդարացնելով այդ վիճակը եռանդով միջամտեց, թե այդ գրությունները հո նոր չե՞ն, դրանք մոտ յոթ-ութ տարվա պատմություն ունեն:
Ի դեպ, վարչապետն էլ արտարբեր չմնաց գրությունների նկատմամբ և կատակեց` դիմելով փոխնախարարին. «Արևիկ, կարող ես գրել` այստեղ եղել է Արևիկը…»:
Ասել է թե` արդյոք կա ավելի կարևոր աշխատանք, քան խորանը նմանատիպ գրվածքներից ազատելը և կամ ինչ բարդություն է իրենից ներկայացնում այդ գործընթացը, որի համար տարիներ են հարկավոր.... Մինչդեռ զբոսաշրջիկները «գյուռ-գյուռ» լուսանկարում են խորանը, եկեղեցու պատերը, որոնք ոչ այնքան ժամանակից, որքան բարձիթողի վիճակից կորել են մրի, բորբոսի, երբեք չչորացող անձրևաջրերի հետևում ու միայն «Խորանի վրա չբարձրանալ» տախտակն է վկայում, որ այդտեղ ժամանակին սրբատեղի է եղել և ոչ թե 7-8-րդ դասարանցիների ժամադրության վայր:
Նշենք, որ ընթացիկ տարում համալիրի վերականգնման համար պետբյուջեից հատկացվել է 22 մլն 500 հազար դրամ...
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին