74-ամյա կնոջն անվանել է «քաշ եկող» ու հրելով գցել գետնին. Դատավորն արդարացրել է ծեր կնոջը հաշմանդամ դարձրած մեղադրյալին
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի բնակչուհի 74-ամյա Ամալյա Մարգարյանին հրելու և նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար մեղադրվող Նաիրա Կիրակոսյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզան Բարսեղյանի վճռով արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով:
Ամեն ինչ սկսվել է դեռ նախորդ տարվա սեպտեմբերի 28-ին. Շամիրամ համայնքի այգեգործական ամառանոցի տարածքում ոռոգման ջրի պատճառով Նաիրա Կիրակոսյանը բռունցքով հարվածել է տիկին Ամալյայի կրծքավանդակին, և նա վայր է ընկել, վնասել ոտքը: Այժմ կատարվածի հետևանքով, ինչպես Ամալյա Մարգարյանի որդին` Տիգրան Հակոբյանը Panorama.am-ին ներկայացրեց, տիկին Ամալյան չի կարողանում շարժվել` քայլում է ձեռնափայտով ու հարազատների օգնությամբ և միայն վերջերս ստացել է հաշմանդամության 3-րդ կարգ:
Քրեական գործով դատավարությունը սկսվել է դեկտեմբերի 6-ից: Դատավարության ժամանակ մեղադրյալ Նաիրա Կիրակոսյանը, որը հաշվառված է Ռուսաստանի Դաշնությունում, իրեն մեղավոր չի համարել: Դատարանում Կիրակոսյանը պատմել է, որ «Ամալյա Մարգարյանը հարձակվել է իր վրա և անպատիվ խոսքեր ասելով` ձեռքերով հարվածել է ականջներին, հետո սկսել է ապտակել: Ինքը ձեռքերով դեմքը ծածկել է և բարձր ձայնով գոռացել, որ Ամալյան դուրս գնա իրենց բակից: Այդ ժամանակ Ամալյան հետ-հետ է գնացել ու և հետ գնալու ժամանակ նրա ոտքի հետևի մասը կպել է տան դարպասի ստորին ստորին մասում գտնվող մետաղյա անկյունակին և մեջքի կողմով, հետույքի վրա ընկել է գետնին, ապա նորից ոտքի կանգնել, մեկ-երկու քայլ առաջացել իր ուղղությամբ, ձեռքերը առաջ պարզել, որ հարվածի, սակայն այդ ժամանակ «վայ-վայ» է ասել ու նստել գետնին»:
Տիկին Ամալյան էլ իր հերթին դատարանին պատմել է, որ Նաիրան իր հասցեին ամենավիրավորական բառերն է հնչեցրել` անվանելով «քաշ եկող»: 74-ամյա տիկին Ամալյան դատարանին պատմել է, որ շատ է զարմացել այդ խոսքերից, առաջ չի գնացել, մնացել է դարպասներից դուրս, սկսել է պատասխանել Նաիրային, ասել, թե ինչու է նման խոսքեր ասում և նրան անվանել է «տունը մնացած»` նկատի ունենալով այն, որ Նաիրան ամուսնացած չէ: Այդ ժամանակ, ըստ տիկին Ամալյայի, Նաիրան հրել է իրեն և ինքը գետնին է ընկել ու մնացել այդ վիճակում: Ստացած ցավից ծեր կինն սկսել է բղավել, ճչալ, և ձայնից ընտանիքի անդամները հասել են կատարվածի վայր ու որոշ ժամանակ անց տեղափոխել են սկզբում Աշտարակի հիվանդանոց, այնուհետև Երևան` թիվ 6 հիվանդանոց, որտեղ էլ վիրահատել են:
Անցկացված դատաբժշկական փորձաքննության երկու եզրակացությունների համաձայն, «Ամալյա Մարգարյանի ստացած մարմնական վնասվածքները` աջ նստատեղի վերին դրսային քառորդի արյունազեղման, աջ ազդրոսկրի վզիկի մեդիալ կոտրվածքի ձևով, պատճառվել են բութ կոշտ առարկաներով և պատճառվել է առողջության ծանր վնաս` նկատի ունենալով ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան 1/3 կայուն կորուստ»:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ Ամալյա Մարգարյանը վնասվածքն ստացել է ոչ թե Նաիրա Կիրակոսյանի կողմից նրան հրելու, այլ` Ամալյա Մարգարյանի ոտքը երկաթյա դարպասի դռան շեմին դիպչելու և դրա հետևանքով վայր ընկնելու պատճառով:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռուզան Բարսեղյան) վճիռը Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել են և տուժող կողմը և Արագածոտնի մարզային դատախազությունը` պահանջելով բեկանել արդարացման դատավճիռը և մեղադրական ակտ կայացնել: Վերաքննիչ դատարանը գործը վարույթ է ընդունել և առաջին նիստը կկայանա հուլիսի 15-ին:
«Գտնում ենք, որ դատարանը խախտել է նյութական և դատավարական իրավունքի նորմերը, չի կիրառել այն նորմը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն նորմը, որը չպետք է կիրառեր, չի իրականացրել ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն, որոնք ազդել են գործի ելքի վրա և հանգեցրել սխալ դատավճռի կայացմանը», -Վերաքննիչ բողոքում գրել է տուժող կողմի փաստաբան Կարեն Քալանթարյանը` Վերաքննիչից խնդրելով կայացնել մեղադրական դատավճիռ:
Թեմային առնչվող կարդացեք նաև`
Քշվածները. Դատավորի ներքին համոզումն ու մանկատան նախկին սաների խեղված ճակատագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին