«Плевать хотел». Հանձնաժողովի անդամի արձագանքը` տրանսպորտի թանկացման ծախսային հաշվարկի վերաբերյալ
Ոչ իրատեսական, ոչ վստահելի: Այսպես որակեցին Երևանի ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար ստեղծված հանձնաժողովի անդամներ Բաբկեն Պիպոյանն ու Արմեն Պողոսյանը` քաղաքապետարանի կողմից իրենց ներկայացված Երևան քաղաքում միկրոավտոբուսով ուղեվորափոխադրման ծախսերի հաշվարկում տեղ գտած տվյալները:
«Նոր հաշվարկ-հիմնավորման մեջ 1 մեքենան շահագործվում է ամսական 25 օր, և ներկայացված 1 մլն 45 հազար 90 դրամ ծախսը հաշվարկված է ոչ թե նախորդ 30 օրվա համար, այլ 25: Այս կոնտեքստում դիտարկելով մեքենան 13 երթ կատարելիս միջինը 21 ուղևոր տեղափոխելու պարագայում ամսական, այսինք 25 օրվա ընթացքում կտեղափոխի 25×13×21՝ 6825 ուղևոր, հետևաբար ամսական 1 մլն 45 հազար 90 դրամ ծախսի և 6825 ուղևորների թվի հարաբերակցությամբ ունենում ենք 153 դրամը գերազանցող ինքնարժեք, ու դեռ «սրան» էլ պիտի գումարենք շահույթը»,-փաստաթղթին ծանոթանալու ընթացքում նման հաշվարկ միկրոավտոբուսների համար կատարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Հանձնաժողովում սպառողների շահերը ներկայացնող ՀԿ նախագահն այս հաշվարկներն իրատեսական չի համարում:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի կողմից ներկայացված թվերի համաձայն, մեկ միկրոավտոբուսի մեկ ամսվա ծախսերի ընդհանուր հաշվարկը կազմում է 1 մլն 45 հազար 90 դրամ: Ավելի վաղ հրապարակած հիմնավորման համաձայն, մեկ միկրոավտոբուսի ամսական ծախսը կազմում էր 807.190 դրամ:
«Плевать хотел»: Այսպես արձագանքեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արմեն Պողոսյանը հարցին, թե ինչ եզրակացության է եկել ներկայացված ծախսերին ծանոթանալիս:
«Կգրեք, որ պարոն Պողոսյանը խիստ դժգոհ է, ես այդ հաշվարկներին չեմ վստահում»,-ասաց հանձնաժողովի անդամն ու նկատեց, որ ծախսային մասում թերություններ է տեսել, օրինակ նա դժգոհեց հանձնաժողովի աշխատանքի դանդաղ տեմպից:
«Ինձ այդ տեմպը չի բավարարում, աշխատանքի ոճը` նույնպես»,-ասաց նա:
Անդրադառնալով ներկայացված ամորտիզացիոն ծախսերին, Պողոսյանը նկատեց, որ նույնիսկ հինգ տարի անց սեփականատիրոջ ձեռքին մնում է մեքենան, որը գնահատվում է սկզբնական արժեքի 50-60 տոկոսը:
«Ինձ այդ հաշվարկը չի բավարարում: Չկա ըտենց վարորդ, որը աշխատավարձ տեսած լինի, այդ աշխատավարձը ֆիկտիվ թիվ է, ու եկամուտի բաշխումը լրիվ ուրիշ ձևով է կատարվում, մեր համար այդ թվերը հիմք չեն»,-ասաց Պողոսյանն ու նկատեց, որ ինքն ունի վերլուծություն, որը կիրառելու դեպքում կարելի է խոսել ոչ թե ուղեվարձի թանկացման, այլ էժանացման մասին:
Նշենք, որ հանձնաժողովի անդամներին ներկայացրած հաշվարկների համաձայն, միկրոավտոբուսների վարորդներին վճարվող մեկ ժամվա աշխատավարձը չպետք է պակաս լինի միջին անվանական աշխատավարձից, և սահմանվել է 828 դրամ:
«Իսկ հասույթի հաշվարկների մեջ, համոզված եմ, լինելու են ավելի մեծ թերություններ»,-ասաց նա:
Panorama.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը, ով ևս ընդգրկված է հանձնաժողովի կազմում, ասաց, որ հաշվարկներին չի ծանոթացել:
«Հիմա էդ չի էլի, որ առաջնային է»,-ասաց ԵՊՀ ներկայացուցիչն ու հիշեցրեց, որ ուսխորհուրդը տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված է.
«ԵՊՀ ուսանողական խորհուրդը գտնում է, որ պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնք կապահովեն ուսանողների համար մատչելի հասարակական վերգետնյա տրանսպորտից օգտվելու հնարավորություններ և առաջարկում է վերանայել սահմանված սակագները»:
«Մեր կարծիքը անփոփոխ է»,-ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը:
«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենի տեղակալ Շուշանիկ Նախապետյանն էլ հանձնաժողովում պաշտպանելու է հատկապես հաշմանդամություն ունեցողների շահերը:
«Ես խոսում եմ սոցիաապես ծանր վիճակում գտնվող և հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին, որովհետև գիտեք, ինչքան ցածր են թոշակները, և թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա մեծ ազդեցություն կունենա»,-ասաց ՀԿ փոխտնօրենը:
ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը Panorama.am-ին ասաց, որ հաշվարկներին չի հասցրել ծանոթանալ, սակայն գիտի, Նիկոյանն էլ հայտարարել էր, որ նոր հաշվարկները որևէ կապ չեն ունենալու նախորդ հաշվարկ-հիմնավորման հետ:
Նախորդող հրապարակումներ`
«Իրազեկ և պաշտպանված սպառող». Քաղաքապետարանն ավելացրել է 1 միկրոավտոբուսի համար 1 ամսվա կտրվածքով ծախսերը
Ընթանում է Երևանի ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողովի առաջին նիստը. «Լինելու են հանրային քննարկումներ»
Քննարկվեցին այն չափորոշիչները, որոնց հաշվարկների հիման վրա հետագայում ձևավորվելու է ուղեվարձը
Քաղաքապետարանի «մաթեմատիկան» ու մաթեմատիկան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները