Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում
Երևանում ապրող հալեպահայերի մեծ մասը ճանաչում են իրար: Շատ երեխաներ նույն դասարանում էին սովորում այնտեղ ու հիմա էլի նույն դասարանում են:
Հալեպից մեկ տարի առաջ Հայաստան եկած Նորան ամեն երեկո Հալեպի ոճով պանիր է պատրաստում տղայի մանկության ընկերոջ համար, ով միշտ դասից հետո գալիս է Մաշտոցի պողոտայում գտնվող սննդի կետում ընկերոջ մոր մոտ հաց ուտելու:
«Տղայիս դասընկերն է, փոքր ժամանկից ընկերներ են: Հիմա իրենք էլ են այստեղ: Մենք սիրիահայերով շատ մոտ ենք: Կան մարդիկ, որ այնտեղ չէինք ճանաչում, այստեղ հարազատացանք: Բայց մեծամասնությունը ծանոթ են: Սիրիացի շատ հարևաններ ես չունեմ, բայց կան սիրիահայեր, որ նույն շենքերում են: Մենք լավ հայաստանցի հարևաններ էլ ունենք»,- տղայի ընկերոջ համար ուտելիք պատրաստելու ընթացում Panorama.am-ի թղթակցին պատմում է Նորան:
Նորան Հալեպում խանութում էր աշխատում` հաշվապահ և թարգմանիչ էր. «Նորմալ տուն ունեինք, հանգիստ կյանք: Երեք ննջասենյակ ունեինք, հյուրասենյակ, կահավորված, շատ գեղեցիկ տուն էր: Մարդ ամենաշատն իր տունն է կարոտում, ապրելակերպը: Կարող եմ ասել, որ մենք այլազգիների, մուսուլմանների հետ էինք ապրում, բայց շատ լավ, ազնիվ մարդիկ էին: Այստեղ մի քիչ ավելի չոր են: Իհարկե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը չոր են: Ես և ծնողներս Հալեպում ենք ծնվել: Մամայիս և հորս ծնողները Արևմտյան Հայաստանից են եկել, ջարդերի ժամանակ»:
Նորան պատմում է, որ տոներին հարազատներով հավաքվում էին, մորաքույրներն էին գալիս, իրենց զավակները, մեծ սեղաններ բացում, ուրախանում: «Հորս կողմից երկու հորեղբայր ունեմ: Մի հորեղբորս զավակները Լիբանանում են, իսկ մյուսինը`այստեղ: Ունեմ երեք մորաքույր ու երկու մորեղբայր: Զարմիկներիս հետ շատ մոտ եմ: Սիրիայում այժմ մնացել են մեծ մորաքույրս ու նրա զավակները, և փոքր մորաքրոջս աղջիկը: Երկար ժամանակ է կապ չկար, բայց վերջին օրերին վերականգվեց, խոսում ենք: Փառք տիրոջը, լավ են: Աշխատանք չունեն, փող չունեն, շատ դժվար վիճակ է, քաղաքում սարսափ է»:
Մեջտեղում` զահտար
Հիմա երեկոներն օգնում է զարմուհուն, գալիս է նրա ամուսնու արագ սննդի վաճառման կետում փոխարինում Սոսիին, որ նա կարողանա սովորել: «Հալեպի ոճով պանիր ենք վաճառում: Մեջը պանիրն է, նանա ու սև պղպեղ: Դա հացի մեջ տաքացնում ենք, շատ համեղ է: Մեզ մոտ`Հալեպում, մեծ մայրերը դա փայտի վառարանի վրա էին պատրաստում: Մեր ուտելիքների շարքը շատ մեծ է: Օրինակ, այստեղ վաճառում ենք նաև զախտար, դա պատրաստվում է ինը տեսակի համեմունքներով, որ իրար հետ ենք խառնում և շուշմայով պատրաստում: Սա շատ սիրված է մեզ մոտ թեյի հետ, ուտում ենք նախաճաշին և ընթրիքին: Նաև Հալեպի ոճով մարթադելլա ունենք, որ երշիկն է: Քյուֆթայի մսից է, այդ երշիկը մենք են պատրաստում, գործարանային չէ»,- Հալեպից Երևան բերած ուտելիքները ներկայացնում է նա:
Երևանում Նորան ամենաշատը սիրում է ջուրը, օդը և մարդկանց ազատությունը: Երկու տղա ունի, նրանք իրենց այստեղ շատ լավ են զգում, որևէ խնդիր չունեն: Մեծ տղան արդեն ուսանող է, սովորում է բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետի զրո կուրսում: Փոքր տղան անցյալ տարի սիրիական ծրագրով դպրոցում էր սովորում, հիմա հայկականում է:
Հալեպյան ոճով պանիր
«Մենք մեր ընտանիքով շուտ ենք ինտեգրվում մարդկանց, հարց չունենք: Միայն մի դժվարություն կա: Հիմա, որ ես քեզ ասեմ տաքցնե՞մ հացը, դու չե՞ս հասկանա: Ի՞նչ տարբերություն, կասեմ` տաքացնե՞մ, թե՞ տաքցնեմ: Երբ ասում եմ տաքցնեմ հացը, երեսիս են նայում: Շատ փոքր բան է: Այդ «ա» տառը չի կարող ինչ-որ բան փոխել: Այսնիքն, չեն ուզում մեզ հասկանալ: Ասում են` դուք եք եկել, դու հասկացեք: Բայց մենք ախր շիտակ հայերենով ենք խոսում: Օրինակ, մենք չենք ասում` գազար, մենք ասում ենք` ստեպղին: Դա էլ չէ՞ հայերենը: Բայց այստեղ գազար են ասում, որ թուրքական կամ արաբական բառն է: Այսպիսի փոքր բաներ կան, որ դժվարացնում են շփումը: Մի անգամ հրապարակում նստած էինք մորաքրոջս աղջկա, մորաքրոջս ու երեխաների հետ: Մեր կողքի նստարանին փուչիկ վաճառող մի կին էր նստած: Երբ լսեց մեր խոսքը, պտտվեց, թե` զզվում եմ ձեզանից, սիրիահայերիցդ: Գնացեք այստեղից: Բայց սա մեր հայրենիքն էլ է»,- ասում է հալեպահայ կինը:
Նորան չի նեղվում, մի ելք կգտնենք, ասում է. «Անցողիկ ժամանակներ են: Ուղղակի այստեղ շատ աշխատում ու քիչ վարձատրվում ենք: Ամենաքիչը աշխատանքի տևողությունը 8-9 ժամ է, իսկ դրա դիմաց 2000-3000 դրամ: 2000 դրամով միայն հաց կգնես ու տրանսպորտի գումարը կտաս, բան չի մնա»:
Հայրենիքում ապաստանած սիրիահայերի մասին նախորդ պատմությունները`
«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում
Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան