Տորունիքի կին համայնքապետը չի վախենում կին մրցակցից
Տեղական ինքնակառավարման մարմինների պատմության մեջ, թերևս առաջին անգամ է այնպես ստացվել, որ նույն համայնքում միմյանց դեմ պայքարելու են կանայք: Թեև, սովորաբար ՏԻՄ ընտրություններում իրենց մասնակցությամբ ավելի պասիվ են կանայք, սակայն այս անգամ պատկերն հակառակն է:
Մարտի 9-ին Սյունիքի մարզի Տորունիք համայնքը ղեկավար է ընտրելու, պաշտոնի համար պայքարելու են երկու կանայք` գործող համայնքապետ Անահիտ Հակոբյանը և անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը:
Panorama.am-ի հետ զրույցում գործող համայնքապետը նշեց, տեղյակ է, որ իր միակ մրցակիցը կին է. «Առանձնապես չեմ մտածում, գիտեմ, որ իմ հաղթանակի հավանականությունն ավելի մեծ է… եթե երկու տղամարդու նախկինում հաղթել եմ, կնոջն էլ կհաղթեմ»,- ծիծաղելով ասաց նա:
Երկու տղամարդ ասելով տիկին Հակոբյանը նկատի ունի նախկին երկու ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված տղամարդ-մրցակիցներին. Հաղթանակի դեպքում սա արդեն երրորդ ժամկետն է Տորունիքի կին համայնքապետի համար:
Հարցին, թե ինչից ելնելով է կարծում, որ համայնքի բնակիչներն այս անգամ էլ նախապատվությունն իրեն կտան, Ա. Հակոբյանը պատասխանեց, թե չի ուզում ինքնագովեստով զբաղվել, բայց երևի թե իր բարյացակամությունը, հանդուրժողականությունն ու վերաբերմունքը բոլորի նկատմամբ հերթական հաղթանակը բերեն:
«Հենց սրանով է բացատրվում, որ երրորդ անգամ առաջադրվելու որոշումը ոչ այնքան իմն է, քանի որ տարիքով բավականին մեծ եմ, այլ համագյուղացիներինս: Մարդիկ շահագրգռված են, որ ես անպատճառ առաջադրեմ իմ թեկնածությունը»,- նշեց Տորունիքի համայնքապետը:
Տիկին Հակոբյանը նշեց, որ շատ լավ ճանաչում է համագյուղացի-մրցակցին` Մարգարիտա Գրիգորյանին և նրանք լավ, ընկերական հարաբերությունների մեջ են. «Ես չեմ կարող ասել, որ մենք խիստ լարվածություն ունենք»:
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչությանը, ապա դրան էլ մեր զրուցակիցը հանգիստ է վերաբերում` նշելով, որ չի պատրաստվում ակտիվ քարոզչություն անցկացնել, քանի որ իր քարոզչությունը անցած տարիների գործունեությունն է ու այն ամենը, ինչ կատարվել է համայնքում իր ղեկավարության օրոք:
Նախորդիվ`
ԿԸՀ-ն պատրաստվում է մարտի 9-ի ՏԻՄ ընտրություններին