Բանակում հոգեկան խնդիրներ ձեռք բերած զինծառայողը պատմել է` ինչպես են ծեծել իրեն (տեսանյութ)
Բանակում ծեծելու հետևանքով ծառայության համար ոչ պիտանի դարձած և հոգեկան խնդիրներ ձեռք բերած Աբրահամ Հովհաննիսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Թեպետ նա պարբերաբար 24 օրով սկզբում Ավանի, այնուհետև Նուբարաշենի հոգեբուժարանում բուժման կուրս է անցնում, սակայն դրանք ավելի վատ են անդրադառնում 23-ամյա երիտասարդի վրա: Եղբոր` Գրիգոր Հովհաննիսյանի պատմելով, Աբրահամին «Դիազեպան» դեղամիջոցն են ներարկում, ինչի արդյունքում նա որոշ ժամանակով հանգստանում է, բայց հետո սկսում շարունակ խոսել:
Panorama.am-ը ավելի վաղ զրուցել էր Աբրահամի եղբոր հետ, ծանոթացել Աբրահամի խնդիրներին և տեղեկացրել, որ 2009-ին բանակ զորակոչված երիտասարդին հաջողվել է ընդամենը մեկ ամիս ծառայել բանակում, որից հետո տեղափոխվել է Կանազի զինվորական հոսպիտալ: Մեզ էր ներկայացվել նաև Ռազմական բժշկական հանձնաժողովի որոշումը, որտեղ նշվում էր Աբրահամի ախտորոշումը. «Սուր պարանոիդ փսիխոզ, դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ»: Այնուհետև նշվում էր, որ ՊՆ 2006 թվականի մարտի 30-ին ընդունած որոշման 5-րդ հոդվածի համաձայն, Աբրահամ Հովհաննիսյանը պիտանի չէ ծառայության: Ինչ վերաբերում է հիվանդության պատճառներին, ապա` «այն ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում»:
Բանակում կատարվածի վերաբերյալ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում առավել մանրամասն պատմեց Աբրահամ Հովհաննիսյանը, որը մի քանի օր է` հոգեբուժարանից է վերադարձել տուն: Նա, եղբոր պատմելով, քուն ու դադար չունի, ամեն ժամ, ամեն վայրկյան խոսում է, հիշում իր հետ կատարվածը, մահացած ծնողներին ու իրեն ծեծողների անուններ տալիս: Հոգեբուժական ծառայությունները չեն ցանկանում խոսել Աբրահամի հիվանդության մասին` պատճառաբանելով անձի հիվանդությունը գաղտնի պահելու սկզբունքը:
Գրիգորը նաև տեղեկացրեց, որ մեր նախորդ հրապարակումից հետո Ռազմական ոստիկանությունից ներկայացուցիչներ են գնացել իրենց տուն, մանրամասն հետաքրքրվել, արձանագրություն են կազմել ու գնացել:
Այս փոքրիկ ու անօգնական ընտանիքի միակ ցանկությունը որակյալ մասնագետ գտնելն ու մասնագիտական բուժում ստանալն է:
Աբրահամի պատմությունը` տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ`
Զինծառայողին այնքան են ծեծել, որ նա հայտնվել է հոգեբուժարանում (տեսանյութ)
Ծառայության ընթացքում հոգեկան խանգարումներ ստացած զինծառայողին օգնելու համար դրամահավաք է կայացել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան