Արեգնադեմի համայնքապետ. Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են
«Չեմ կարծում, որ այլ պատճառ կարող է լինել, քան իր կողմից ներկայացվածը, պարզապես ափսոսում եմ` նա պայքարից վախեցող չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքի ղեկավար Աղունիկ Հազրյանը` մեկնաբանելով Տավուշի մարզի միակ կին համայնքապետ Վարդուշ Ներսիսյանի որոշումը չառաջադրվել առաջիկա ՏԻՄ ընտրություններում:
«Նա վախեցող չէ, ուղղակի Վարդուշը հայ կնոջ իսկական կերպար էր. լինելով ուժեղ կին, նա միաժամանակ հաշվի էր նստում հայկական վարք ու բարքի հետ... իսկապես հեշտ չէ միակ կին համայնքապետ լինելը մարզում, մենակ լինել ժողովներին, անընդհատ տղամարդկանց մեջ, մանավանդ երբ ընտանիք ունես, թեև ճիշտն ասած ես դա երբևիցե հաշվի չեմ առնում»,- ասաց տիկին Հազրյանը:
Հիշեցնենք, Panorama.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի միակ համայնքապետ Վ.Ներսիսյանը այս անգամ ընտրապայքարին չմասնակցելը բացատրել էր այն հանգամանքով, թե` «պարզապես մեր մարզի կին համայնքապետերից միայն ես էի, մնացել էի մենակ ու որոշեցի, որ չեմ առաջադրվի»:
Ա. Հազրյանն ասաց, որ փոքր-ինչ զարմացած է այդ որոշումից, քանի որ Վարդուշին ճանաչելով հանդերձ չի կարող ասել, որ նա շուտ հանձնվող տեսակ է:
«Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են...»,- ափսոսանք հայտնեց նա:
Ինչ վերաբերում է մարզի միակ կին համայնքապետ լինելուն ու դրանում որոշակի բեռ տեսնելուն, մեր զրուցակիցը նշեց, որ վեց տարի անընդմեջ եղել է Շիրակի մարզի միակ կին գյուղապետը, բայց դա երբևիցե առիթ չի հանդիսացել ու չի հանդիսանա պայքարից հրաժարվելու համար, հակառակը` ավելի ուժ է տալիս պայքարում հաղթող լինելու համար:
«Կրկնում եմ` ցավում եմ, որ կանայք քչանում են: Հուսամ, որ գոնե այն կանայք, ովքեր առաջադրվել են, կհաղթեն: Այսօր մեր հանրապետության համայնքներին հարկավոր են հոգատար ու կազմակերպված, ուժեղ ու համարձակ կանայք, ովքեր իրենց ուսերին կվերցնեն համայնքի բեռն ու կտանեն առաջ»,- հավելեց Արեգնադեմի համայնքապետը:
Նախորդիվ`
Տավուշի մարզի միակ կին համայնքապետը հրաժարվեց ընտրապայքարից