Հասարակական տրանսպորտի, հնարավոր թանկացումների և ծառայությունների իրական գնի մասին
Հայաստանում որակյալ հասարակական տրանսպորտ ունենալու համար պարտադիր չէ այն 150 դրամ սարքել. Սա «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի կարծիքն է:
«Քաղաքապետարանը հենց դրա համար է, որ սպառողի ու քաղաքացու խնդիրները լուծի, այլ ոչ թե բիզնեսմենների համար աշխատի, նրանց հարցերը լուծի: Ինչո՞ւ հարևան Վրաստանում կարող է տրանսպորտն ավելի քաղաքակիրթ լինել: Ճիշտ է, մեր սակագնի հետ համեմատ այնտեղինը թանկ է, բայց այնտեղ կռացած ուղևորներ չեն երթևեկում:
«Մերսեդես» մակնիշի մեքենաներ են, որ կանգնելու համար էլ է հարմար: Կան նաև այլընտրանքային` ավտոբուս և մետրո: Այնտեղ, գրաֆիկներն են հստակ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Կարեն Չիլինգարյանի բնորոշմամբ, մեզ մոտ գրաֆիկի խնդիրը շատ լուրջ է: Ըստ նրա, երթուղին սպասարկող ամեն մի ընկերություն իր գրաֆիկն է կազմել, մինչդեռ մեկ ընդհանուր գրաֆիկ պետք է լինի, որը կսահմանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը և կպահանջի, որ հետևեն դրան:
«Մեկ տեսնում ես երկու-երեք րոպե առհասարակ տրանսպորտ չկա, մեկ էլ լցվում են միանգամից կանգառ»,- ասաց նա:
Կարեն Չիլինգարյանի խոսքով, սխալ է նաև գումարը վարորդին վճարելու մեխանիզմը. «Մեր վարորդն ամրագոտին կապած թեքվում է, ձեռքը պարզում, որ գումարը վերցնի, այստեղ արդեն անվտանգության խնդիր էլ կա: Շեղվում է վարորդը: Վրաստանում շատ քաղաքակիրթ ձև են մտցրել: Այնտեղ տրանսպորտում սարքավորումներ են դրված, կամ կարող ես գումարը գցել, կամ պլաստիկ քարտով վճարել: Շատերն այս վերջին տարբերակով են անում: Այստեղ մի լավ բան էլ կա: Պլաստիկ քարտերից օգտվելու դեպքում եթե մեկ անգամ նստեցիր, մեկ ժամ ու կես կարող ես տրանսպորտ փոխել ու դա գումար չի գանձում»:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը նկատեց, որ մեզ մոտ երկար սպասում են մինչև տրանսպորտը գա, ապա խցկվում մի կերպ դրա մեջ: Իսկ նման մեխանիզմով մարդը կարող է մի քանի տրանսպորտ փոխել, հասնել իր ցանկացած տեղը` վճարելով մեկ անգամ:
Նա անդրադարձավ նաև այն շահարկումներին, թե մեզ մոտ ամենաէժանն է տրանսպորտը: Ըստ Կարեն Չիլինգարյանի, դա ճիշտ չէ, տրանսպորտը մեզ մոտ մոտ նույն գնի է, ինչ ԱՊՀ մյուս երկրներում:
«Բայց, նույն Վրաստանի դեպքում, երբ մի քանի տրանսպորտ փոխելու հնարավորություն կա, ավելի էժան է ստացվում: Այնտեղ նաև զեղչեր կան կոնկրետ խմբերի համար, կան մարդկանց խմբեր, որ առհասարակ չեն վճարում»,- պարզաբանեց նա:
Նաև հավելեց. «Սա երբ ընդհանուր հայտարարի ենք բերում, 70-80 դրամ է գալիս միջինում, դա այն դեպքում, երբ քաղաքակիրթ տրանսպորտ ունեն»:
Մեր զրուցակցի բնորոշմամբ, «կենտրոնում ճոխ կանգառներ են դնում, բայց ո՞ւմ է պետք դա»:
«Փոքր կանգառ են սարքում, մեծ գումարներ են վրան ծախսում, բայց ժողովուրդը կանգնում է կանգառից դուրս, որպեսզի վազի, մի տրանսպորտ կարողանա նստի: Կամ էլեկտրոնային չվացուցակները: Մեծ գումարներ են ծախսում, բայց սխալ է հաճախ աշխատում կամ առհասարակ չի աշխատում: Այդ գումարները կարելի էր ավելի արդյունավետ ծախսել, օրինակ, տոմսարկղներ տեղադրել տրանսպորտում: Դա շատ հարցեր կլուծեր»,- ասաց նա:
Ըստ Կարեն Չիլինգարյանի, դրա շնորհիվ հնարավոր կլինի նաև վերահսկել ֆինանսական հոսքերը. «Հիմա ասում են` չեն հերիքում գումարները: Ի՞նչ իմանանք, չգիտենք` ինչքա՞ն է ուղևորահոսքը: Մոտավորապես են ասում, հաշվիչ չի դրած: Գումարը վարորդն առձեռն տալիս է ընկերությանը, մի մասը գրպանն է դնում, տեսնում է` այնքան է հերիքում, որ կարող է չքշել արդեն, դուրս է գալիս գծից: Արդյունքում տուժում է ուղևորը: Երեկոյան 8-ից, 9-ից, 10-ից հետո արդեն ավտոբուս չկա: Դա արդեն խնդիր է, եթե խիստ չվացուցակով աշխատեին, գոնե մինչև 11:30 պիտի տրանսպորտ լիներ»:
Կարեն Չիլինգարյանը նկատեց, որ ցանկացած երկրում նախ բարեփոխումներ են անում, հետո ասում, որ այսքան գումար է հարկավոր:
«Իսկ հիմա ուզում են փողը վերցնել, հետո տեսնեն` կանեն, թե չեն անի: Ես ի՞նչ իմանամ բարեփոխում կանեն, թե` ոչ»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ որքան էլ թանկացումներ են լինում, մարդիկ դժգոհում են, բայց ուրիշ ոչինչ անել չեն կարող. «Մարդը չի կարող ոտքով տեղաշարժվել, ստիպված ուրիշ բանից պիտի կտրի, դրան հատկացնի»:
Ամենակոպիտ հաշվարկներով և ամենաբարձր գնով, ըստ Կարեն Չիլինգարյանի, մեր այսօրվա ստացած տրասնպորտային ծառայություններն ավելի էժան արժեն, քան 100 դրամն է. «Տրանսպորտը պետք է դիտել ոչ թե որպես բիզնես, այլ որպես հասարակությանը մատուցվող ծառայություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները