Ա.Ստեփանյան. Ջավախահայության իրավունքները չեն ոտնահարվի Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում
«Նախ այն փորձագետները, որ կանխատեսում են, թե Ջավախքը անկախություն կպահանջի այն դեպքում, եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ, իրականում տիրապետում են տարածաշրջանի վերաբերյալ 15-20 տարվա վաղեմության տեղեկատվության: Եվ շատ ավելի լավ կլիներ թե նրանց, թե նաև ընթերցողների համար, եթե այդ փորձագետները թարմացնեին իրենց տեղեկատվական զինանոցն ու ավելի մասնագիտորեն ու լուրջ մոտենային այս հարցին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը` արձագանքելով այն հարցին, թե որքանով է կիսում այս օրերին հնչող վերլուծությունները, որ եթե Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա Ջավախքը անկախանալու հայտ կներկայացնի:
Քաղաքագետի համոզմամբ, այսօր գոյություն ունեցող իբրև թե փորձագիտական կարծիքը, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու պարագայում Ջավախքում կստեղծվի թուրքական բազա ուղղակի ոչ կոմպետենտ վերլուծության արդյունք է:
«ՆԱՏՕ-ն չունի նման ֆորմատ` կոալիցիոն ռազմաբազաների ձևավորում որպես այդպիսին: Անդամակցության դեպքում էլ վրաց զինված ուժերը կհամարվեն ալյանսի զինուժը, այդ թվում և ԶՈՒ-երում ծառայող Վրաստանի քաղաքացիներ հայերով հանդերձ: Իսկ արտաքին քաղաքական վեկտորի այսօրինակ քննարկումները ոչ այլ ինչ են, քան Ջավախքից և երկրից դուրս ինչ-որ խմբերի սպեկուլյացիաներ»,- նշեց նա:
Ըստ Ա.Ստեփանյանի, կապել ՆԱՏՕ-ին անդամակցությունը ջավախահայության իրավունքների ոտնահարման հեռանկարի հետ անհիմն հայտարարություններ են: Այնպես որ շատ հավանական է, ըստ մեր զրուցակցի, որ նման հայտարարությունների հեղինակները ուղղակի նպատակ ունեն աշխարհաքաղաքական դերակատարների շահերը հակադրելու մեկ-մեկու և այս իմաստով օգտագործել ջավախահայությանը:
«Նման բան մի անգամ չէ, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի պատմության ընթացքում, հարկավոր է դասեր քաղել անցյալից: Վստահ եմ, որ Ջավախքի բնակչությունը համաձայն չէ նրանց հետ, ովքեր փորձում են նրանց կռվող ձիերի ոտքերի տակ ընկած սուբյեկտի պիտակ կպցնել: Ի վերջո, այս մոտեցումը նաև վիրավորական է և ես չեմ հավատում, որ բոլոր նրանք, ում համար թանկ է տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը, կմտածեն անգամ նման պրովոկացիոն հայտարարություններով սպառնալ տարածաշրջանային անվտանգությանն ու մասնավորապես դիվիդենտներ քաղել հայ-վրացական հարաբերությունների խաղի շուրջ»,- ընդգծեց նա:
Բացի այս, նա նաև հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը արդյունավետ գործընկերային հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, որի անդամ է հանդիսանում Թուրքիան և մի շարք արևմտյան երկրներ, որտեղ ապրում են միլիոնավոր հայեր:
«Եվ դրանից ոչ Հայաստանը, ոչ էլ ՆԱՏՕ-ն դիսկոմֆորտ չեն զգում: Հակառակ պարագայում երկարամյա համագործակցություն ուղղակի չէր լինի»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին