«Երևան դեժավյու». Երիտասարդների պալատը (Տեսանյութ)
Երևանի ամենահայտնի ու աչքի ընկնող շինություններից մեկը` Երիտասարդների պալատը կամ «Կուկուռուզնիկն» արդեն մի քանի տարի է շինհրապարակի է վերածվել:
Երիտասարդների պալատը նախագծել են ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը:
Երիտասարդական պալատի բացումը տեղի ունեցավ 1979 թվականի ապրիլի 7-ին: Այն համալիր կառույց էր և իր մեջ ներառում էր լողավազան, նորապսակների սրահ, ռեստորաններ, դիսկոտեկ և այլն: Շենքը քաղաքից ջնջվեց 2006 թ-ին:
«Երևան դեժավյու»-ի այս թողարկմանը «Կրծած կուկուռուզի», ամենաանսովոր հատակագծի ու մի ճարտարապետական ընտանիքի դեժավյու` շինության համահեղինակ, ԽՍՀՄ Ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Հրաչ Պողոսյանի հետ:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սովետական միությունում որոշում ընդունվեց` հանրապետությունների բոլոր մայրաքաղաքներում կառուցել երիտասարդների պալատներ: Եվ կառուցեցին: Մենք էլ սկսեցինք, հանձնարարությունը տրվել էր Կոմերիտական միությանը: Այն ժամանակ միության առաջին քարտուղարը Ստեփան Պողոսյանն էր: Նրա ժամանակ սկսվեց և տեղ փնտրեցինք: Տարբեր տեղեր շրջեցինք, կանգնեցինք այս տեղի վրա: Սարալանջն ամբողջովին կառուցապատված էր հին տներով, շատ խայտառակ վիճակ էր այնտեղ: Տեղը մաքրվեց, նախագիծն արեցինք, տարանք համաձայնեցրիք Մոսկվայի հետ: Քանի որ նախագիծը ծավալուն էր, գումարները չէր բավականացնում, շինարարությունն արվեց հերթով»,- պատմում է Հրաչ Պողոսյանը:
Նախ հյուրանոցն են կառուցում, ապա լողավազանը, վերջում արդեն մեծ` 1000 տեղանոց դահլիճը: Երևանի ամբողջ համայնապատկերն այդ բարձրությունից երևում էր, Երևանի ամենաբարձր շենքն էր:
«Առաջինն էսքիզային մի մակետ էինք սարքում, որպեսզի ցույց տանք: Այն ժամանակ միջոցներ էլ չկային, Երիտասարդների պալատի էսքիզային ծավալը ցույց տալու համար «կանսերվայի» կափարիչներն իրար վրա շարեցինք, կողքն էլ թղթից մյուս դահլիճները սարքեցինք ու այդ լուսանկարը ցույց էինք տալիս այն մարդկանց, ովքեր պիտի հաստատեին: Երանելի օրեր էին, Թարխանյան Արթուրն ու Սպարտակ Խաչիկյանը մեր մեծագույն ճարտարապետներից էին: Մենք ապրում էինք մի ընտանիքով, որպես եղբայրներ: Դա մեր ամբողջ կյանքն էր»,- հիշում է ճարտարապետը:
Շինության քանդելուց հետո Հրաչ Պողոսյանն այնտեղ չի եղել, չի ուզում տեսնել այն, ինչի վերածվել է կառույցը, որի մեջ այդքան ջանք ու սեր էին դրել:
Իսկ թե ինչպես քանդվեց կառույցը, ինչպես էր փորձում դրա համար կյանք ապահովել Հրաչ Պողոսյանն ու ինչ ապագա է սպասվում, մանրամասները` տեսանյութում:
«Երևան դեժավյու» նախագծի նախորդ թողարկումները`
«Երևան դեժավյու». Համալսարանը, Գետառի լեգենդը, «այլմոլորակային» Շախմատի տունն ու Կամերայինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան