Ներառական կրթության երեկն ու այսօր. Ի՞նչ ունենք
Հայաստանում ներկայումս թվով 117 դպրոց է իրականացնում ներառական կրթություն, որից 55-ը` Երևանում: Ուսումնասիրելով դպրոցների ցանկը տեսանելի է, որ Երևանից հետո մեծ թվով ներառական դպրոցներ կան Տավուշում` 15 դպրոց, Լոռիում` 12 և Շիրակում` 10: Մնացած մարզերում ուսումնական այդ հաստատությունների թիվը 10-ից ցածր է, իսկ օրինակ Արագածոտնում ընդամենը մեկը:
Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված ցանկից պարզ է դառնում, որ դպրոցների գերակշիռ մեծամասնությունը ներառական կրթություն սկսել է իրականացնել 2007-08թթ-ից ու թեև գնալով ներառական կրթության կարևորմանը` 2013թ-ին, օրինակ, ընդամենը 3 դպրոց մայրաքաղաքում և 13 դպրոց մարզերում է անցել նման ուսուցման: Թեև բոլորովին օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «ՀՀ կրթության և գիտության նախարարության 2007 թվականի մայիսի 11-ի թիվ 428 Ա/Ք հրամանում լրացումներ կատարելու մասին», ըստ որի հանրակրթական ևս 22 դպրոց կիրականացնի ներառական կրթություն:
Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողի ընտրությամբ կարող է իրականացվել ընդհանուր հանրակրթական դպրոցում: Իսկ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան արգելում է հաշմանդամության պատճառով ընդհանուր կրթական համակարգից մեկուսացումը: Բայց ինչպիսի՞ն է իրավիճակը ոչ թե թղթի վրա, այլ կյանքում:
Երկու տարի առաջ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հանրության դատին հանձնեց «Խոսքը ներառման մասին է» զեկույցը, որում ներկայացված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիության վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ` հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը չի հաճախում դպրոց, իսկ գյուղերում այդ ցուցանիշը ավելի բարձր է` յուրաքանչյուր 4-ից մեկը չի հաճախում դպրոց: Ամենից շատ դպրոցից դուրս են մնում հենաշարժողական և մտավոր խնդիրներով երեխաները: Իրականում, սակայն, ոչ թե կրթական հաստատություններն են խոչընդոտում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթություն ստանալուն (թեև 4 տոկոս դեպքում հենց դա է խոչընդոտը), այլ վերջիններիս ծնողները. երեխաների դպրոց չհաճախելու հիմնական պատճառ է բերվել այն, որ երեխան չի կարող սովորել դպրոցում: Մարզերում այդպես են կարծում դպրոց չհաճախող երեխաների ծնողների 51 տոկոսը, իսկ Երևանում ` 36 տոկոսը:
Զեկույցում նշվում է, որ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում ավելի մեծ է ֆիզիոլոգիական հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը, քան մտավոր և լսողական հաշմանդամություն ունեցող երեխաներինը: Եվ ինչպես և մյուս ցուցանիշների դեպքում` մարզերում այս տարբերությունն ավելի ակնհայտ է:
«World Vision»-ի 2012թ-ին ներկայացված զեկույցներից մեկում էլ անդրադարձ է արված ներառական կրթության մեկ այլ խոչընդոտին` ուսուցիչների օգնականի ինստիտուտի բացակայությանը, մինչդեռ դասարանում ուսուցչի օգնականի առկայության անհրաժեշտությունը բազմիցս է շեշտվել ներառական կարգավիճակ ունեցող դպրոցների ուսուցիչների կողմից: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը` ուսուցչի օգնականի առկայությունը դրականորեն է նպաստում դասերի համակարգված կազմակերպմանը և ուսուցանվող նյութի ընկալմանը… բայց այս խնդիրը մնում է չլուծված:
Կան այլ խնդիրներ ևս` կարծրատիպային ու օրենսդրական բնույթի.
«Չնայած վերջին տասը և ավելի տարիներին հասարակության իրազեկվածությունը ներառական կրթության մասին բավականին բարձրացել է, բայց այնուամենայնիվ, ամենամեծ խոչընդոտը դեռևս կարծրատիպեր կոտրելու մեջ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Նա նշեց, որ այդ խնդրի լուծմանն անշուշտ կնպաստի այն օրենքի ընդունումը, որ ԱԺ շրջանառության մեջ է դրված և ձգձգվում է:
«Խոսքը «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության մասին է, որի համահեղինակն եմ ես և որը մշակվել է, երբ պատգամավոր էի: Շատ կուզենայի, որ այդ օրենքը աշնանը վերջապես ընդունվեր, քանի որ այն կբերի համընդհանուր ներառական կրթությունը կիրառելուն և երկրորդը` օրենքն արդեն ինքը ուղղահայաց կերպով կպարտադրի դպրոցների ղեկավարությանն ու տարբեր պաշտոնյաների մտածել, որ այլ ճանապարհ այլևս չկա»,- ասաց նա:
Ա. Բախշյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ դպրոցներում պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր երեխայի համար կազմակերպվի իր հաշմանդամությանը համապատասխան կրթություն, բայց ոչ մի պարագայում կրթությունը չտուժի դրանից:
Վերադառնալով օրենքին, նախկին պատգամավորը նշեց, որ օրենքն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է դեռևս անցած տարի ու թեև ինքը սպասում էր, որ գարնանային նստաշրջանում դրան անդրադարձ կլինի` չեղավ. «Հույս ունեմ, որ աշնանը ԱԺ-ն ի վերջո օրենքը կընդունի և դրանով պետությունը կհայտարարի, որ կրթության քաղաքականությունը համընդհանուր ներառական բնույթ պետք է ունենա»:
Հիշեցնենք, Հայաստանում համընդհանուր ներառական կրթությանն անցնելու քաղաքականության մասին ԿԳ նախարարությունը հայտարարեց 2012թ.-ին, ինչը նշանակում է, որ այլևս գոյություն չեն ունենալու ներառական կրթություն իրականացնող կամ չիրականացնող դպրոցներ, այլ լինելու է մեկ կրթական տարածք` Հայաստանում գործող բոլոր հանրակրթական դպրոցները պետք է դառնան ներառական: Բայց արդյո՞ք հայաստանյան իրականությունը, իսկ ամենակարևորը` ՀՀ պետական բյուջեն կարող է իրեն թույլ տալ ունենալ 1400-ից ավելի ներառական դպրոց` սա այլ հարց է, որին կանդրադառնանք հաջորդիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան