Աղասյան. Անհրաժեշտություն է առաջացել շարունակել գայլերի թվի կարգավորման միջոցառումները
Այս տարվա առաջին կիսամյակում ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակման գրանցված դեպքերը թույլ են տալիս եզրակացնել, որ գայլերի թվաքանակը մեծացել է, և անհրաժեշտություն է առաջացել շարունակել գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումները: Այդ նպատակով մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:
Հարցին, թե ինչու նախորդ տարի նախարարությունը ձեռնամուխ չեղավ նման միջոցառումների իրականացմանը, Աղասյանն ասաց. «2013 թվականի ընթացքում գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումներ չեն իրականացվել, քանի որ հանրապետության գյուղական վայրերից և բնակչության կողմից գայլերի հարձակման վերաբերյալ ահազանգերը եղել են շատ ավելի քիչ, քան 2011-2012 թվականների ընթացքում»:
Panorama.am-ն օրեր առաջ անդրադարձել էր Ախուրյանում գայլերի հարձակման դեպքին: Համայնքապետի ներկայացրած տվյալներով, գայլերը գյուղացիներից մեկի գոմն էին մտել, 17 ոչխար խեղդել, 7 գառ, 1 ուլ ու 1 մայրացու տարել են հետները, 10-ին էլ վիրավորել են ու թողել:
Բնապահպան Կարինե Դանիելյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ երբ ամռանը գայլերը գյուղ են իջնում, ապա դե էկոհամակարգի խախտում է: Նա դեմ է գայլեր սպանելու դիմաց պարգևավճար սահմանելուն, նշելով, որ դա էլ իր հերթին կբերի էկոհամակրգի խախտմանը:
Բնապահպանության նախարարությունից ասացին, նախորդ տարիներին հարցումները ցույց են տվել, որ գայլերի գրեթե 100 % ոչնչացվել է բնակավայրերի տարածքներում` համայնքների/գյուղերի մեջ, դրանց անմիջական մոտակայքում և անասնագոմերի շրջակայքում: Բնության մեջ գայլերը շատ զգույշ և թաքնված կենսակերպ վարող կենդանիներ են, ինչը ապացուցվում է այն փաստերով, որ վայրի բնության մեջ` բնական էկոհամակարգերում գայլերի ոչնչացման դեպքեր չեն գրանցվել:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2011թ. ընթացքում թվով 95 հատ որսված գայլերի մորթիները, իսկ 2012թ. ընթացքում թվով 179 հատ որսված գայլերի մորթիները տրամադրվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին` գիտական հավաքածուները համալրելու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
Կենտրոնի կողմից ստացված 179 հատ որսված գայլերի մորթիների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությանը 06.04.2012 թ. տրվել է ստացական: Կենտրոնում գայլերի մորթիներից կաշվի նմուշառման և չափագրման աշխատանքներն ավարտելուց հետո մորթիների ոչնչացման անհրաժեշտության վերաբերյալ կենտրոնը համապատասխան գրությամբ տեղյակ է պահել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Կենտրոնի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովը նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ մորթիները ոչնչացրել է, լցնելով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության և ՌԴ ԳԱ Սեվերցովի անվան Էվոլյուցիայի և էկոլոգիայի պրոբլեմների ինստիտուտների համատեղ գիտափորձարարական կենտրոնի տարածքում գտնվող անասնագերեզմանոցի մեջ (սեպտիկ հոր):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները