Ֆրանսիացի լրագրողի հարցը նախագահին. ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից (տեսանյութ)
Այսօր Երևանում կայացած «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջականերում արտասահմանցի լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Panorama.am-ը ներկայացնում է ֆրանսիական «RFI» միջազգային ռադիոյի ներկայացուցչի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:
-Երկու հարց ունեմ՝ կապված արտաքին քաղաքականության հետ. Հայաստանը հրաժարվեց ԵՄ անդամակցությունից՝ նախապատմություն տալով ՌԴ կազմավորած Եվրասիական տնտեսական միությանը: Դա մաքուր քաղաքական ընտրություն էր: Տպավորություն կա, որ Հայաստանը հավակնում է դառնալ «Русский мир» կոչվածի անդամ: Դուք խոսում եք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունների մասին, որո՞նք են այդ առանձնահատուկ հարաբերությունների պատճառները և ի՞նչ եք կարծում կկարողանա՞ք շարունակել այդ հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա բաց կոնֆլիկտային իրավիճակի պայմաններում:
-Ես խորը հարգանքով եմ վերաբերվում «Ռուսական աշխարհին», այդ արտահայտությանն ու այդ արտահայտությունը մարմնավորողներին, բայց, կներեք, մենք շատ վաղուց օգտագործում ենք «Հայկական աշխարհ» տերմինը և մենք մասն ու տերն ենք հայկական աշխարհի, որը տարածվում է բոլոր մայրցամաքներով: Ես ուզում եմ մի օրինակ բերել և Ձեզ ասել, որ, երբ 88 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և պահանջում էր միացում Հայաստանի Հանրապետության հետ կամ անկախացում, բոլոր դեպքերում` Ադրբեջանի կազմից դուրս, աշխարհում գրեթե երկիր չկար, որտեղ Սովետական Միությունն ունենար դեսպանատուն և այդ դեսպանատան դիմաց ցույց տեղի չունենար. որտեղ երկու հոգի, որտեղ տասը հոգի, որտեղ հազարավոր մարդիկ: Մենք որևէ այլ աշխարհի մաս Ձեր ասած առումով չենք կազմել ու չենք կազմելու:
Մենք մասն ենք քաղաքակիրթ աշխարհի. եղել ենք, կանք և լինելու ենք: Թեև, ազդեցությամբ փոքր ենք, բայց մենք մասնակցություն ունենք և ունենալու ենք: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը գոնե մեզ համար և մեր գործընկերների՝ Եվրամիության պաշտոնյաների համար, երբեք չի նշանակել և հիմա էլ չի նշանակում հարաբերությունների աստիճանի նվազեցում կամ համագործակցության տեմպի դանդաղեցում: Միայն այս շաբաթվա օրինակը բերեմ. երկուշաբթի օրը ես հանդիպել եմ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ, ում հետ խոսել ենք Հայաստանում իրականացվող և իրականացվելիք ծրագրերի մասին, որոնք մի քանի հարյուր միլիոն եվրո արժողություն ունեն: Երեկ ես մասնակցել եմ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բացման արարողությանը, նաև հանդիպել եմ ղեկավար կազմի հետ: Այսօր հանդիպել եմ Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով բանակցող կոմիսարի հետ, այսօր երեկոյան մեկնում եմ Բրյուսել, որպեսզի մասնակցեմ ԵԺԿ գագաթաժողովին և հանդիպեմ Եվրահանձնաժողովի ղեկավարությանը: Արդյոք համարո՞ւմ եք, որ մեզ նման փոքր երկրի համար սա ինտենսիվ հարաբերություններ չեն կամ սրանք քիչ են:Ինչպես ասացի՝ ամսվա սկզբին լինելու եմ Իտալիայում, այնուհետև այլ եվրոպական երկրներ այցելելու հրավերներ ունեմ: Այնպես որ, մեր հարաբերությունները շարունակվում են:
Գիտեք, որևէ պարագայում անզիջողականությունը որևէ լավ բանի չի բերել և չի բերելու: Անշուշտ, սկզբունքային հարցերում ես կողմնակից եմ հստակ կողմնորոշման, կամքի դրսևորման, բայց նաև ես կողմնակից եմ, որ ցանկացած ղեկավար անձ, իսկ պետության ղեկավարները, քաղաքացիների անվտանգության համար պատասխանատուներն առավել ևս, հակված լինեն կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք կարողանալու են իրականացնել և որոնք բխում են իրենց քաղաքացիների շահերից: Ես խորապես համոզված եմ, որ կայացրել եմ որոշում, որը բխում է մեր քաղաքացիների շահերից: Երբեք որևէ մեկը չի կարող ժխտել, որ ազատ առևտրի պայմանագիրը, և, ընդհանրապես, տնտեսական հարաբերությունները զարգացած երկրների, Եվրամիության անդամ երկրների հետ չեն կարող օգտակար լինել: Բայց շատ լավ կլիներ, երբ մարդիկ, ովքեր կարծիք են ձևավորում խորանային այդ պրոցեսում և տեսնեին, թե ինչ էր տալու Հայաստանին ազատ առևտրի պայմանագիրը ստորագրելը, իսկ Եվրահանձնաժողովն այդ ուսումնասիրությունը կատարել է: Կատարել է «Էկորիս» կազմակերպության միջոցով: Արդյունքը, չզարմանք, հետևյալն է՝ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը կարճաժամկետ հատվածում Հայաստանին տալու էր 1 տոկոս տնտեսական աճ, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում՝ մինչև 2 տոկոս: Եվրասիական տնտեսական միության ընձեռած միայն գազի գնի զեղչը մի քանի անգամ գերազանցում է այդ ցուցանիշին: Ես ի՞նչ որոշում պետք է կայացնեի:
Ի՞նչ եք կարծում, Հայաստանի քաղաքացիներն այսօր պատրա՞ստ են 350 դոլար վճարել, որպես գազի գին: Իհարկե, պատրաստ չեն: Նրանք պատրա՞ստ են 5, 10, 15 տարի «գոտիները ձգել», ապրել ավելի վատ, բայց ունենալ ազատ առևտրի պայմանագիր: Պատրաստ չեն: Եթե պատրաստ չեն, ես իրավունք չունեմ այլ որոշումներ կայացնելու: Այդ որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից: Եվրասիական տնտեսության անդամ երկրների հետ մենք ունենք տասնամյակներով ձևավորված տնտեսական հարաբերություններ: Մեր ամբողջ գյուղատնտեսությունը, որը զարգացած չէ, թերզարգացած է, բայց մի քանի հարյուր հազար ընտանիքներ զբաղված են այդ գործունեությամբ, արտահանման միակ տեղն ու վայրը Եվրասիական տնտեսական միության երկրներն են և դա ձևավորվել է տարիներով: Գիտե՞ք, որ Հայաստանի գյուղատնտեսության հիմնական ճյուղերից մեկը նաև կոնյակագործությունն է: Ի՞նչ եք կարծում, ֆրանսիացիները մեզ հնարավորություն կտա՞ն Եվրոպայում զբաղվել կոնյակի վաճառքով, մենք կարո՞ղ ենք մրցունակ լինել: Իհարկե, չենք կարող, իսկ Ռուսաստանում մեր կոնյակը գնահատվում է: Հիմա, ելնելով ինչ-որ քաղաքական դրդապատճառներից, ես կայացնեմ որոշումներ, որոնք բերելու են հարյուր հազարավոր ընտանիքների սնանկացմանը և հետո, որ ես ինձ գովեմ, «կուրծքս ծեծեմ», ասեմ՝ այս ինչ ճիշտ որոշում եմ կայացրել, քաղաքակիրթ Եվրոպայի հետ եմ համաձայնագիր կնքել: Ի՞նչ իմաստ ունի այդպիսի որոշումներ կայացնելը:
Եվրամիության հետ հարաբերություններում մենք շեշտը դրել ենք մեր երկրում անցկացվող բարեփոխումներին աջակցելու վրա, և ես շատ շնորհակալ եմ մեր եվրոպացի գործընկերներին, պետություններին, Հանձնաժողովին: Եվրոպական հանձնաժողովի հետ մեր հարաբերության առանցքը դա է: Այո, կան լավ հարաբերություններ, մենք ձգտում ենք այդ լավ հարաբերություններին հասարակության, տնտեսության մեջ, և մենք ուզում ենք բարեփոխվել: Հենց այդ նպատակով է, որ Եվրոպական կառույցների, Հանձնաժողովի նոր կազմի ձևավորումից հետո մենք սկսել ենք բանակցություններ և, կարծում եմ, գոնե մինչև Ռիգա Եվրոպական հանձնաժողովը մանդատ կտա եվրոպական կողմին, որպեսզի սկսենք բանակցությունները՝ նոր իրավական փաստաթղթի շուրջ: Մեր հարաբերությունները, կրկնում եմ, չեն դանդաղել, բայց փոխարենը՝ մեր ժողովուրդը չկրեց այն կորուստները, որ կկրեր: Միգուցե, Ձեր տված հարցին ուղիղ առնչություն չունի այն, ինչ ես կասեմ, բայց էությունը նույնն է:
Այնպես է ստացվել, որ այսօր Ռուսաստանում տնտեսական խնդիրները բազմաթիվ են, և մեր մուտքը Եվրասիական տնտեսական միություն ուղեկցվեց այդ խոչընդոտներով: Հիմա որոշ մարդիկ քննադատելով ասում են՝ ասում էիք, եթե դառնանք Եվրասիական տնտեսական միության անդամ, ապա մեծ օգուտներ կլինեն, ո՞ւր են այդ օգուտները: Միգուցե, հիմա մեծ օգուտներն այնքան լավ չեն երևում, բայց այն ժամանակ վնասները հսկայական կլինեին: Միևնույնն է, ազատ առևտրի պայմանագիրը ստորագրելուց մեր կոնյակը միանգամից չէր վաճառվելու Փարիզում, վաճառվելու էր Մոսկվայում: Եթե այսօր այդ կոնյակը վաճառելու դժվարություն կա, ապա ազատ առևտրի պայմանագիրը ստորագրելուց հետո այդ դժվարությունները տասն անգամ մեծ կլինեին: Խնդիրներ կան, որոնց լուծման համար երկար ժամանակ է պահանջվում: Պահանջվում է համբերություն, նպատակասլացություն, և ես խորապես համոզված եմ, որ մենք կարող ենք գնահատական տալ գոնե 3-ի 5 տարիների կտրվածքով: 1-2 ամսում ոչինչ չի ստեղծվում և գնահատական տալը շատը բարդ է:
Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական հարաբերություններին, իրոք, առանձնաշնորհյալ հարաբերություններ են: Ֆրանսիական մինչև 50 տեղական համայնքների հետ մենք ունենք «քույր քաղաքների» հարաբերություններ, և երկու տարին մեկ այդպիսի ֆորումներ ենք անցկացնում: Շփվում են ոչ միայն ղեկավարները, այլև պարզ մարդիկ, քաղաքացիներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Եթե Ֆրանսիայում ապրում է 400 հազարանոց հայկական համայնք, ապա որքան էլ այդ քաղաքացիներն, իրոք, լինեն Ֆրանսիայի արժեքավոր քաղաքացիներ, նրանցից շատ-շատերն իրենց կապը չեն կտրել հայրենիքի հետ, իրենց համարում են հայկական արմատներով ֆրանսիացի և այդ կապն արդեն իսկ այդպիսի հարաբերություններ է ստեղծում: Մՙենք պետք է հաշվի առնենք, նույնիսկ, հետևյալ հանգամանքը, որ Եվրոպական ծանրակշիռ երկրների ղեկավարներից միայն Ֆրանսիայի նախագաներն են այցելել Հայաստան՝ և՛ պարոն Շիրակը, և՛ պարոն Սարկոզին և՛ Օլանդը: Հենց այնպես ոչինչ չի լինում: Եթե մենք առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենայինք Գերմանիայի հետ, ապա տիկին Մերկելը կգար Հայաստան:
Նախորդող հրապարակումներ՝
Գերմանացի լրագրողի հարցը՝ նախագահին. Գերմանիայի հորդորը թուրքերին կլինի մի ժողովրդի հորդոր, որն այդ դժվարճանապարհն անցել է
Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան