Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)
Այսօր Երևանում կայացած «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջականերում արտասահմանցի լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Panorama.am-ը ներկայացնում է Իտալիայի ազգային «RAI» հեռուստառադիոընկերության ներկայացուցչի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:
-Պարոն նախագահ, մեկ ամսից Հայաստանն աշխարհի բոլոր երկրներից հյուրեր է ընդունելու՝ 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը միասին ոգեկոչելու նպատակով: Ակնկալվում է, որ Հայաստան կժամանեն պետական-քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Իտալիայի իշխանությունից ովքե՞ր են ընդունել հրավերն ու պատրաստականության հայտնել Հայաստան ժամանել՝ վարչապե՞տը, թե՞ նորընտիր նախագահը: Մի հարց ևս. հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ և իտալացի ժողովուրդներին կապում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ հոգևոր (Գրիգոր Լուսավորչի մնացորդները գտնում են Նեապոլում), Հայոց ցեղասպանությունից հետո Իտալիան ընդունել է բազմաթիվ հայ փախստականների, ովքեր բնակվում են Իտալիայի տարածքում, Վենետիկում կա հզոր հայկական համայնք, Սպիտակի սարսափելի երկրաշարժից հետո Իտալիան անմիջապես օգնության ձեռք մեկնեց Հայաստանին: Հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում ստեղծված դժվարին իրավիճակը՝ հայ-իտալական համագործակցության ի՞նչ նոր հեռանակարներ կան:
-Մենք մեր բարեկամ երկրներին հրավերներ ենք հղել և հղել ենք առաջին դեմքերին՝ նախագահ, վարչապետ: Մենք հիմա ղեկավարվում ենք մի քաղաքականությամբ, այն է՝ առաջինը չենք հայտարարում երկրների պատվիրակությունների ղեկավարների մասին, մենք նախընտրում ենք, որպեսզի այդ մասին հայտարարեն իրենք՝ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Ֆրանսիայի և Ռուսաստանի պարագայում: Ես չեմ կասկածում, որ Իտալիայից բարձրաստիճան ղեկավարություն է լինելու, առավել ևս, որ ապրիլի առաջին կեսին ես պաշտոնական այց եմ ունենալու Իտալիա և հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ հանդիպելու և՛ Իտալիայի նորընտիր նախագահին, և՛ վարչապետին: Այդ ժամանակ հստակություն կլինի: Կարծում եմ՝ Դուք շատ տեղեկացված մարդ եք, որովհետև այս այցի ընթացքում նախատեսվում է իմ այցելությունը հենց Նեապոլ, և այնտեղ մեծ արարողություն է լինելու նախ՝ կապված Գրիգոր Լուսավորչի հետ, ապա նաև՝ Ցեղասպանության: Մանրամասներին չեմ ուզում անդրադառնալ, բայց ուզում եմ ասել, որ հայկական եկեղեցիների առկայությունը Իտալիայում պատմական փաստ է՝ անկախ նրանից այդ եկեղեցիները առաքելական են, թե կաթոլիկ: Չնայած մեր փոքրաթիվ լինելուն, մենք ունենք և՛ հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներ, և՛ կաթոլիկ, և՛ բողոքական եկեղեցու հետևորդներ, որոնք բոլորն ինձ համար հայեր են և որոնց մեծ հաճույքով կցանկանայի տեսնել Հայաստանում:
Հայ-իտալական հարաբերությունների ապագան, կարծում եմ, շատ լավ է, բարենպաստ է, որովհետև վերջին տարիների ընթացքում մեր հարաբերություններն ինտենսիվացել են, բազմաթիվ իտալական ընկերություններ այսօր գործում են Հայաստանում, մեր ապրանքաշրջանառությունն ավելանում է: Իտալական ներդրումներն ավելանում են և ժամանակագրական առումով եմ ասում՝ վերջին ձեռնարկությունը մենք կբացենք Երևանում, երևի, երկու-երեք շաբաթների ընթացքում. նոր արտադրություն է, որն ամբողջովին հիմնված է արտահանման վրա: Մեկուկես տարվա համար տասը այդպիսի ծրագիր ունենք, և ես շատ երջանիկ կլինեմ, եթե մեկուկես տարվա ընթացքում կարողանանք այդ տասը ծրագիրը իրականություն դարձնել:
Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ իտալական մի ընկերություն ապրիլի 24 նախօրեին Երևանում կբացի իր նորակառույց հյուրանոցի դռները, և մեր հյուրերի մի մասն իրենց հանգիստը կարող է այդ հյուրանոցում անցկացնել: Հաշվի առնելով մեր հարաբերությունների երկու հազարամյա պատմությունը՝ մենք մեծ հույս ունենք, որ մի օր մեր հարաբերությունները կհամապատասխանեն մեր ցանկություններին: Ես նկատի ունեմ տնտեսական հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան