Ռուս լրագրողի հարցը՝ նախագահին. Հայկական բանակը մարտունակ է և պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության (տեսանյութ)
«Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջականերում արտասահմանցի լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Panorama.am-ը ներկայացնում է ռուսական «Московский Комсомолец» թերթի քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Մինկինի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:
- Երբ մեկ այլ լրագրող Մոսկվայից Ձեզ հարցրեց՝ պե՞տք է արդյոք ապրել՝ գլուխը հետ շրջած, կարծում եմ, նա Պուտինի հետ հարցազրույցի փորձն էր անում: Նա մեզ անընդմեջ պատմում է Ղրիմի 2000 տարվա պատմության մասին և այլն: Իսկ իմ հարցը Ձեզ այսօրվա և վաղվա մասին է: Հայաստանը դարձել է Ռուսաստանի դաշնակիցը՝ պաշտոնապես անդամակցելով այս կառույցին (ԵՏՄ): Ադրբեջանը չդարձավ Ռուսաստանի դաշնակիցը այս միությունում: Ձեր դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, և ես կարծում եմ՝ Հայաստանին նույնպես: Ադրբեջանն, անկասկած, ավելի շատ փող ունի, քան Հայաստանը: Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ձեր դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում ձեր, ցավոք սրտի, գլխավոր, չեմ ուզում ասել՝ թշնամուն, բայց դա շատ մոտ է դրան, որովհետև այնտեղ գրեթե պատերազմական դրություն է Ղարաբաղի հետ: Եվ այսպես, ի՞նչ կարող եք Դուք ասել այս իրավիճակի մասին: Տրամադրվող զենքի ծավալի ու որակի առումով, բնականաբար, կպահպանեք ռազմական գաղտնիքը, սակայն մեզ շատ հետաքրքիր է այս ամենի մասին ավելի մանրամասն իմանալ:
-Մենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենք 92 թվականից սկսած, և մեր բարեկամության, փոխադարձ օգնության պայմանագրին շատ լուրջ ենք վերաբերվում: Արդեն տևական ժամանակ է՝ մենք դաշնակից ենք ՀԱՊԿ-ում, և, ինչպես գիտեք, Սովետական միության փլուզումից ի վեր, Հայաստանում է գտնվում նաև ռուսական ռազմակայանը: Անշուշտ, հայ-ռուսական հարաբերություններում շատ մեծ տեղ, դեր և նշանակություն ունի ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս ընթացքում, ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության անկախացումից և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծումից ի վեր, մենք որևէ այլ երկրից Ռուսաստանից ստացած օժանդակության նույնիսկ մեկ տոկոսը չենք ստացել: Ես նկատի ունեմ ռազմական ոլորտում: Այնպես որ, մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Բայց, ինչպես հայերն են ասում, ինչպես Հայաստանում են ասում, բոլոր երնեկները միասին չեն լինում:
Ուստի, այս հարաբերություններում մեզ, իհարկե,անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Եվ այստեղ խնդիրը նույնիսկ սպառազինության որակը չէ: Խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Սա է ամենաբարդ հանգամանքը և սա է, որ կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա, որովհետև շատ տևական ժամանակ, երևի թե՝ 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսները շատ հաճախ կռվել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր հակառակորդներ, ընդհանուր թշնամիներ և իրար վրա կամ գոնե իրենց երկրում արտադրած զենքերից չեն կրակել: Սա, իհարկե, խնդիր է, պրոբլեմ է, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա: Բայց մյուս կողմից էլ, Ձեզ պետք է ասեմ, որ այսօր, ոչ միայն իմ կարծիքով, նաև մասնագետների կարծիքով, Ադրբեջանը չունի այն ռազմական առավելությունը, որը նրան հնարավորություն կտա խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
Այո, Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում սպառազինությունների վրա, բայց, օրինակ, անցյալ տարվա դեպքերը ցույց տվեցին, որ կամ սպառազինությունը կամ էլ շատ դրամ ծախսելը սպառազինությունների վրա, միանշանակ, չեն բերում զորքի մարտունակությանը: Եվ ես խորապես համոզված եմ. եթե ինչ-որ մի պահի Ադրբեջանի ղեկավարությունը համոզված լինի, որ հավասարակշռությունը խախտվել է, և Ադրբեջանը կարող է քիչ կորուստներով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, նա միանգամից ձեռնամուխ կլինի այդ խնդրի լուծմանը:
Այսօր, նաև հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շնորհիվ, մեր բանակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը մարտունակ է և պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության: Քաղաքականությունը, ինչպես ասում են, բարդ բան է: Ես այլ բառեր չեմ ուզում օգտագործել: Եվ որպեսզի կարողանանք քաղաքական գործիչներին կամ քաղաքական գործընթացներին տալ ճիշտ գնահատական, մենք պետք է կարողանանք երկու բան հստակ իմանալ. ամբողջական ինֆորմացիա և նպատակ: Ինչ նպատակով է այդ քաղաքականությունը վարվում, և մենք ինչքան ինֆորմացիա ունենք այդ վարվող քաղաքականության մասին: Հակառակ պարագայում, մնացած բոլոր գնահատականները, կարծում եմ, ճիշտ չեն և էմոցիոնալ բնույթ են կրում:
Նախորդող հրապարակումներ՝
Ֆրանսիացի լրագրողի հարցը՝ նախագահին. ԵՏՄ-ին անդամակցնելու որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից (տեսանյութ)
Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան