Գերմանացի լրագրողի հարցը նախագահին. Գերմանիայի հորդորը թուրքերին կլինի մի ժողովրդի հորդոր, որն այդ դժվար ճանապարհն անցել է
«Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում արտասահմանցի լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Panorama.am-ը ներկայացնում է գերմանական երկրորդ հեռուստաընկերության՝ «ZDF»-ի, խմբագիր Այկե Պետերինգի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:
-Պարոն նախագահ, Գերմանիայի կառավարությունը մինչ այս պահը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունը անվանել Ցեղասպանություն, որքանո՞վ եք Դուք հիասթափված նման մոտեցումից և ի՞նչ եք կարծում նման դիրքորոշման փոխարեն ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ կամ պետք է ունենա Գերմանիան:
- Իրոք, մենք շատ ենք կարևորում Գերմանիայի դերակատարությունը և կարծիքն այս հարցում, որովհետև Գերմանիան այն եզակի երկրներից է և գերմանացիներն այն եզակի ժողովուրդներից են, որոնք, հետ նայելով պատմությանը, ճիշտ գնահատական են տվել և ճանաչելով հրեաների ցեղասպանությունը, գերմանացիները մեծ օրինակ են ցույց տվել ուրիշներին: Եվ հիմա Գերմանիայի հորդորը թուրքերին, իրոք, կլինի մի ժողովրդի հորդոր, որն այդ դժվար ճանապարհն անցել է:
Իհարկե, հեշտ չէ ճանաչել, որ դու ցեղասպանություն ես իրականացրել: Հեշտ չէ ճանաչել, որովհետև անկախ նրանից, որ քո ժողովուրդը դրան ակտիվ չի էլ մասնակցել, այդուհանդերձ ժողովրդի մի հատվածն մասնակցել է, երկրի նախկին ղեկավարն է մասնակցել, քո սպաներն են մասնակցել, քո զինվորներն են մասնակցել: Շատ դժվար է, շատ լավ հասկանում եմ: Բայց, մյուս կողմից, դա ուղղակի թոթափում է բեռը:
Մեկ անգամ քաջություն ունեցան, կամք դրսևորեցին, ճանաչեցին, այնուհետև ձերբազատվում են այդ բեռից: Այնպես որ, Գերմանիայի դիրքորոշումը չափազանց կարևոր է, և ես շատ եմ խնդրում, եթե առիթ կունենաք, գերմանացի ժողովրդին փոխանցեք իմ մեծ խնդրանքը. իրենց պատգամավորների միջոցով փորձեն այս խնդրին տալ լուծում:
Գիտեք, գործադիր իշխանությանը դժվար է պարտադրել, որովհետև ամենօրյա խնդիրներ կան, առօրյա հարցեր կան, տնտեսական հարաբերություններ կան, տնտեսական շահեր կան, բայց այս առումով պատգամավորները բավականաչափ ազատ են իրենց որոշումների կայացման գործընթացում: Բայց այնպես չէ, որ Գերմանիայի պառլամենտը, գերմանացիներն ընդհանրապես ձեռնպահ են դրանից Եղել է հայտարարություն, ուղղակի, առանց «ցեղասպանություն» բառի:
Նախորդող հրապարակումներ՝
Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)
Ֆրանսիացի լրագրողի հարցը՝ նախագահին. ԵՏՄ-ին անդամակցնելու որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից (տեսանյութ)
Ռուս լրագրողի հարցը՝ նախագահին. Հայկական բանակը մարտունակ է և պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան