Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հրապարակ» թերթին` առանց գումարային պահանջի
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին` պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Խաչատրյանը օրաթերթին գումարային պահանջ չի ներկայացրել:
Խաչատրյանի ներկայացուցիչ-փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը Panorama.am-ին, ներկայացնելով հայցի առարկան, տեղեկացրեց, որ վերջերս «Հրապարակ» օրաթերթում և նույնանուն կայքում տպագրվել էր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որում անդրադարձ կար ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջը ու տեղեկություն էր տարածվել այն մասին, թե իբր նա տարիներ առաջ վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան և ջախջախել այն՝ դառնալով վերջինիս մահվան պատճառը: Նշենք, որ խոսքը Գաջի գործարանի նախկին սեփականատեր, գործարար Հովիկ Հայրապետյանի մասին է, որը մահացել էր 2002 թվականին վթարի հետևանքով: Նույն տեղեկությունը առավել գունավոր երանգներով «Հրապարակ»-ից առաջ տարածել էր hzham.am կայքը:
Մեժլումյանի խոսքով, նման տեղեկություն տարածելուց առաջ փորձ չէր արվել Ռուզաննա Խաչատրյանից ճշտել դրա իսկությունը:
«Երբ նման կեղծ և զրպարտող տեղեկատվությունը հերքելու մասին Ռուզաննա Խաչատրյանի պատասխանն ուղարկվեց «Հրապարակ»-ին, վերջինս ոչ թե հերքեց այն կամ պատասխանը հրապարակեց, այլ «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածը հրապարակեց, այս անգամ հղում կատարելով www.hzham.am կայքին, որում տեղադրված է ողբերգական մահով մահացած Հովիկ Հայրապետյանի լուսանկարը, և Ռուզաննա Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ ինքն է վարել այն մեքենան, որի վթարից մահացել է հայտնի գործարարը»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանն ասաց, որ իրենք պատրաստվում են նաև դատական հայց ներկայացնել hzham.am կայքի դեմ, սակայն գործընթացը ձգձգվում է, որովհետև տվյալ լրատվամիջոցը գրանցված չէ, իսկ կայքում հեռախոսահամարներ չկան:
«Պարզել ենք, որ ինչ-որ ՍՊԸ է գործարկում այդ լրատվամիջոցը, սակայն պետռեգիստրում փնտրում ենք, նման ՍՊԸ չի գործում, չկա», -ներկայացրեց փաստաբանը` ընդգծելով, որ շուտով նաև այդ կայքի նկատմամբ հայց կներկայացվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան