Մինաս. Հանճարեղ և… անհասանելի
«Այս եղանակով որմնանկարները կփրկվեն ոչնչացումից: Իսկ աճուրդային տարբերակը կառավարությունը, հավանաբար, որոշել է, քանի որ որմնանկարների հանումն ու տեղափոխումը բավականին մեծ գումարների հետ է կապված, այսինքն` հնարավոր կլինի ապահովել անհրաժեշտ ծախսերը»,- Panorama.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում կառավարության այսօրվա որոշմանը, նման պատասխան տվեց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրենը` նկարչի որդի Արմեն Ավետիսյանը:
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկանալով, որ դեռևս հստակեցված չէ մոտ մեկ տասնյակ արժեքավոր որմնանկարների ճակատագիրը, մշակույթի նախարարությանն առաջարկել է դրանք աճուրդի կամ այլ ձևով օտարելու միջոցով տրամադրել մասնավոր այն ընկերություններին, որոնք կուզենային իրենց գրասենյակներում ունենալ Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները։ Ընդ որում, պայմանը պետք է լինի այն, որ որմնանկարները վերականգնվեն և հասանելի լինեն մարդկանց։
Ա. Ավետիսյանը տեղյակ չէր այս որոշման մասին. այս մասին նա առաջին անգամ լսեց մեզանից:
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ երաշխիք ունեք, որ այդ գրասենյակներում կապահովվեն այն պայմանները, որոնք անհրաժեշտ են որմնանկարների լավ պահպանման համար, Ա. Ավետիսյանը հանգստացրեց.
«Իտալացի մասնագետների հավաստմամբ, այն նյութերը, որոնցով որ վերականգնվում ու ամրացվում են որմնանկարները, 60 տարվա պահպանման երաշխիք ունեն, եթե, իհարկե, կտրուկ եղանակային փոփոխություններ չկատարվեն գտնվելու վայրերում»:
Նկարչի որդին ասաց, թե ինքն այսօր սպասում էր, որ կառավարությունը որոշում կկայացներ մեկ այլ հարցի վերաբերյալ. այն երկու որմնանակարների ճակատագրի մասին, որ գտնվում են «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում` «Հանդիպում (15 թվական)» և «Խաչքարի մոտ»: ՀՀ կառավարությունն այսօր որոշել է այդ որմնանկարներն ամրացնելու, ՀՀ կառավարության N 1 շենք տեղափոխելու և վերականգնելու ծախսն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 20000.0 հազար դրամ։ Տեղափոխվելիք որմնանկարները բավականին մեծ են, ուստի դրանց վերականգնման և տեղափոխման համար կպահանջնվի շուրջ 20.000.0 հազար դրամ։
«Հիմնադրամն աշխատել է 5 ամիս, բազմաթիվ նախահաշվարկներ է արել, կազմակերպել է աշխատանքներ իտալացի մասնագետների հետ, զգալի աշխատանք է տարվել, ու մենք սպասում էինք այսօրվա պատասխանին»,- ասաց նկարիչի որդին:
Մինաս Ավեսիսյանն ունի մոտ 20 որմնանկար, որոնցից 2-ը ոչնչացել են Գյումրիի երկրաշարժի պատճառով, մեկը 20 տարի առաջ տեղափոխվել է Գյումրիի Աճեմյանի անվան թատրոն, «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը Գյումրու նախկին Էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանից նախորդ տարի տեղափոխել են Ջաջուռ` նկարչի տուն-թանգարան: 7 որմնակար վերականգնման կարիք ունի: Ի դեպ, նշենք, որ չնայած իր սեփական որոշմանը (Մինասի որմնանկարների` հասարակությանը հասանելի լինելու մասին), այն որմնանկարները, որոնք կտեղափոխվեն ՀՀ կառավարության N 1 շենք, այնուամենայնիվ հասանելի չեն լինի մարդկանց։ Հասկանալի պատճառներով։
Ինչ վերաբերում է գրասենյակների կողմից ձեռք բերվելիք որմնանկարներին… Դաժան փորձը կա. ով իմանա` ձեռք բերելուց հետո ինչպես կապահովվի «հասանելիությունը»… Ասենք ինչպես կինոթատրոն «Մոսկվայի» ամառային դահլի՞ճը, որ «անհասանելի» մնալուց հետո այնքան «անպետքացավ», որ սեփականատերն իրեն իրավունք վերապահեց նվիրելու, իսկ կառավարությունը` առանց փորձագիտական եզրակացության` հանելու մշակութային հուշարձանների ցանկից ու օտարելու։
Կամ` եթե օտարելն անգամ մի կողմ թողնենք, թե որքան է կառավարության թափը հերիքում տեր կանգնելու իր պահպանության տակ գտնվող հուշարձաններին և հասարակության համար հասանելի դարձնելու դրանք, ակնհայտորեն ցույց է տալիս ասենք Աբովյան 3 հասցեում գտնվող կառույցի ստորին հարկի 14-րդ դարով թվագրվող մահմեդական դամբարանը։ Այն թեև կառավարության կողմից հաստատված մշակութային հուշարձանների ցանկում է, բայց մուտքը միշտ արգելված է այժմյան սեփականատիրոջ կողմից:
Այնպես որ, ինչպես ընդունված է ասել արդեն հասարակությունում` նորմալ է։