Գ. Բեգլարյան. «Անելու ենք ամեն ինչ` 2012 թվականին գրքի միջազգային մայրաքաղաք տիտղոսին արժանի լինելու համար»
Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012 թ-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տոնը Երևանում նշվելու է 2012 թվականի ապրիլի 23-ից մինչև 2013 թվականի ապրիլի 22-ը: «Այդ ընթացքում Երևան են ժամանելու բազմաթիվ հյուրեր, կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, որոնք կմշակվեն Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցների կողմից: Այդ ծրագրի արդյունքում Երևան քաղաքը կունենա շատ դրական փոփոխություններ` գրքի, գրադարանների և գրախանութների ուղղությամբ: Սա լինելու է ամենամեծ միջոցառումներից մեկը` համաշխարհային միջոցառում»,- վստահեցրեց Երևանի քաղաքապետը:
Նրա խոսքերով, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության և ՀՀ մաշկութի նախարարության հետ համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել, որ այդ տարի Երևանը, իրականում, լինի գրքի մայրաքաղաք: «Բոլորս էլ գիտենք, որ մեր ազգը գրքի նկատմամբ իր վերաբերմունքով աշխարհում յուրահատուկ է և տարբերվում է»,- հավելեց նա:
Քաղաքապետը հայտնեց, որ Երևան քաղաքում գործում է մոտ 30 գրքի վաճառքի կետ և 15 գրախանութ: «Դա վատ ցուցանիշ չէ, սակայն այն չի բավարարելու մեզ, ապագայում այդ ուղղությամբ անպայման աշխատելու ենք»,- հավելեց նա:
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետրանի ենթակայության ներքո գտնվում է 27 գրադարան, որոնք այսօր չունեն ընթերցասրահներ: «Դրանց մի մասը կահավորելու ենք և ստեղծելու ենք ընթերցասրահներ, իսկ մի մասն էլ կփոխվեն և կդառնան գրախանութներ: Իսկ մինչև 2010 թվականը գրախանութների թիվը հաստատ կաճի»,- ասաց նա:
Գ. Բեգլարյանը հայտնեց, որ Աբովյան փողոցում գտնվող գետնանցումում վաճառվող գրքերը հետագայում տեղափողվելու են գրքերի վաճառքի համար ստեղծված տաղավարներ: «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր հասարակությանը ուղղենք դեպի գիրք, իսկ 2012 թվականին էլ` գրքի միջազգային մայրաքաղաք տիտղոսը կրելուն արժանի լինենք»,- ասաց նա:
ՀՀ մշակույթի նախարարն էլ նշեց, որ այսօր վերանորոգման մեջ է ՀՀ ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքը, իսկ Խնկո Ապոր գրադարանում էլ արդեն ավարտվել է վերանորոգումը: «Մինչև 2012 թվականը` արդիականացված և նորոգված գրադարաններ կունենանք»,- հավելեց նա:
Նա նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ ներկայացաված փաթեթը, կրել է «Խոսքի հավերժություն» խորագիրը, որը շատ լավ խորհրդանիշ է հայ գրքի պատմության համար: «Փաթեթի յուրաքանչյուր էջում ներկայացվել են այն հստակ ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն 2012 թվականին»,- ասաց նա:
Նախարարի խոսքերով, այն, որ հայերս գրքի, գրատպության պատմության մեջ ունեն հատուկ նվաճումներ, ակնհայտ է: «Եվ պատահական չէ, որ 1500 թվականին Ստամբուլում արդեն գործում էին հայկական տպարաններ, իսկ թուրքերեն գրքերը Ստամբուլում սկսեցին տպագրվել շուրջ 170 տարի հետո: Հայկական տպագրության կենտրոնները միշտ տարբերվել են մյուրսներից նրանով, որ եղել են շատ արդյունավետ և տպագրել են մեծ քանակությամբ գրքեր: Եվ այս ծրագիրը կարևորվելու է նրանով, որ մենք ցույց ենք տալու, որ մենք այս գործի շարունակողներ ենք` արդեն ժամանակակից պայմաններում»,- հավելեց նա:
Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ դեռ պարզ չէ, թե որ մայրաքաղաքներ են մասնակցել այս ծրագրին, սակայն հայտնի է, որ պայքարը թեժ է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան