Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. Ամեն ջանք գործադրելու ենք պատվով դուրս գալու համար
Երևանը 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ու Հայ տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումները միահյուսված են: Գրքի մայրաքաղաքի միջոցառումները մեկնարկելու են 2012-ի ապրիլի 23-ին՝ Գրքի ու հեղինակային իրավունքի միջազգային օրը:
Այդ օրը Բուենոս Այրեսից այդ տիտղոսը կփոխանցվի Հայաստանին ու մինչև 2013 թվականը Երևանը կլինի գրքի համաշխարհային մայրաքաղաք, որից հետո այդ կոչումը կփոխանցի Բանգկոկին: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ, գրող, հրապարակախոս, արձակագիր Սեյրանուհի Գեղամյանը:
Նա ասաց, որ մեկ տարվա ընթացքում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, փառատոներ, համաժողով, «Ես գիրք եմ ստեղծում» մանկական ծրագիր, որը հնարավորություն կտա երեխաներին ծանոթանալ գիրք ստեղծելու արվեստին, պոեզիային նվիրված փառատոներ, գրական թեյախմություններ: Հենց ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է ցուցահանդես՝ նվիրված հայ գրքին ու գրականությունը: Իսկ Հանրապետության հրապարակում կազմակերպվելու է հայկական տառերի շքերթ: Այդ օրը տեղի է ունենալու նաև միջազգային համաժողով: Ապրիլի վերջին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպվելու է Ցեղասպանության թեման արվեստի և գրականության մեջ խորագրով գիտաժողով: Լինելու են նաև մարզային ծրագրեր՝ «Աջակցության ընթերցանության զարգացմանը» թեմայով: Նա ասաց նաև, որ տարվա ընթացքում Հայաստանն ավելի շատ է մասնակցելու գրքին նվիրված միջազգային փառատոների ու ցուցահանդեսների:
Միջոցառումներին մասնակցելու համար, Ս. Գեղամյանի տեղեկացմամբ, հրավերներ է ուղարկված նշանավոր գրողների, նոբելյան մրցանակակիրների, թեև դեռ ոչ մեկից վերջնական պատասխան չի ստացվել, բայց սպասում են:
Իսկ թե այս միջոցառումները ի ՞նչ կտան հայ ընթերցողին ու «չընթերցողին» հարցին, մշակույթի նախարարության պաշտոնյան պատասխանեց. «Կարծում եմ, որ գրքի մասին անընդհատ խոսելը, գիրքը մեծարելը, վարկը բարձրացնելը, այսօր ամենաանհրաժեշտ բանն է, որ կարող ենք անել մեզ և մեր ապագա սերունդների համար»: Բացի այդ, ըստ նրա, մեկ տարի Երևանը աշխարհի մշակութային կյանքի կենտրոններից կլինի, ինչպես նաև առիթ կստեղծվի վերաիմաստավորել գրքի և գիտելիքի դերը մեր կյանքում:
Իսկ կարո ՞ղ է Հայաստանը պատվով կրել այդ տիտղոսը հարցին ի պատասխան Ս. Գեղամյանն ասաց. «Մենք աշխատում ենք, ամեն ջանք գործադրելու ենք պատվով դուրս գալու համար: Դրա համար պետք է գրքի երկրպագուները, սիրահարները փորձեն կարելին անել, մեկ նախարարության ջանքերով դա անհնար է: Գրքի հետ առնչվող մարդիկ, մտավորականությունը ոչ թե պետք է փորձեն թերություններ գտնել, այլ աջակցեն ու բարձրացնեն այս ծրագիրը, որովհետև խնդիրը վերաբերում է գրքին, որն այսօր ինչ-որ չափով մեր կյանքից դուրս է մղված տասնյակ օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառներով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան