Սբ Նշան . Հայկական պատվիրակությունը վերադարձել է Թբիլիսիից. ձեռք են բերվել պայմանավորվածություններ
Թբիլիսիի քաղաքապետարանի ուժերով արդեն հունվարի 13-ին սկսվել է 1701 թ. կառուցված Սբ Նշան եկեղեցու տարածքից մոխրացած, կիսաայրված զանգվածի հեռացման և մաքրման աշխատանքները: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկվել է հրդեհ, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարևելյան սյունը:
ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներից և բնագավառին առնչվող մասնագետներից կազմված աշխատանքային խումբը /թվով 5 մարդ/ ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ 2012 թ. հունվարի 11-13-ը աշխատանքային այցով գնտվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, տեղում ծանոթանալու 1701 թ. կառուցված Սբ Նշան եկեղեցում պատահարի` հրդեհի վերացումից հետո ստեղծված իրավիճակին, ուսումնասիրելու հուշարձանի պահպանվածությունը, վրաց գործընկերների, մասնագետների հետ քննարկելու հուշարձանի հետագա պահպանության, վերականգնման նպատակով իրականացվելիք աշխատանքային ծրագրերը:
Հուշարձանի տարածքում հայկական կողմի համապատասխան մասնագետների կատարած դիտարկումների արդյունքում, ըստ աղբյուրի, պարզվել է, որ եկեղեցին եղել է հոսանքազրկված, այդտեղ չեն պահվել հրդեհավտանգ, գոլորշագազանման և նման կարգի այլ նյութեր: Եկեղեցու ներսում մոխրացած, կիսաայրված թղթե զանգվածի միջին շերտերում ընթացել է այրում, որն ուղեկցվել է ինտենսիվ ծխագոյացմամբ: Այրման և դրան ուղեկցող ծխագոյացման առավել հավանական պատճառ կարող էր հանդիսանալ անչափահասների կողմից հրատեխնիկական միջոցների (բենգալյան կրակ, հրավառության միջոցներ և այլն) անզգույշ օգտագործումը:
Ծխագոյացումը և ծխապատումը վերացնելու նպատակով հրշեջների կողմից օգտագործված ջրի պատճառով, հարավարևելյան սյան շրջանում տեղի է ունեցել որոշակի նստվածքային երևույթներ, որի պատճառով այդ սյունը, որը ունեցել է հորիզոնական տարանցիք ճաք և գտնվել վթարային վիճակում, 2012 թ. հունվարի 9-ին փլուզվել է:
Վրաց մասնագետների հետ Սբ Նշան եկեղեցի կատարած այցելությունից հետո Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Վաչեշվիլու, մասնագիտական բաժինների պետերի, Սբ Նշան եկեղեցու վերականգնման, ամրակայման նախագծի հեղինակ, վերականգնող-ճարտարապետ Մեհրաբ Բոչոիձեի մասնակցությամբ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ վրաց մասնագետները ներկայացրել են հուշարձանում կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու 2011 թ. կազմված, նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հուշարձանի վերականգնման նախահաշվային արժեքը, համաձայն ներկայացված փաթեթի, կազմել է շուրջ 1 միլիոն 400000 լարի:
Կայացած քննարկումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ըստ որի՝
1. հուշարձանի հետագա անվտանգ պահպանության, ինչպես նաև եկեղեցու տարածքում (ներսում) հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով հուշարձանի տարածքից առաջնահերթ կհեռացվեն և կմաքրվեն մոխրացած, կիսաայրված թղթի զանգվածը, որի հաստությունն առանձին տեղերում հասնում է մինչև 0.5 մետրի,
2. կիրականացվեն հուշարձանի բուն տարածք (ներսը) ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ. մասնավորապես կփակվեն եկեղեցու պատուհաններն ու դռները,
3. առաջնահերթ կիրականացվեն հուշարձանի փլված հարավարևելյան սյան վերականգնման աշխատանքները, որին իրենց անմիջական մասնակցությունն ու մասնագիտական աջակցությունը կբերեն հայաստանյան մասնագետները,
4. Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը պետական բյուջեից 2012 թ. հատկացվելիք ֆինանսական միջոցների ճշգրտումից և հաստատումից հետո հայկական կողմի հետ կքննարկվի նաև հուշարձանի վերականգնման աշխատանքների առաջնահերթություններն ու փուլերը,
5. ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակության առաջարկով վրացական կողմը հայ մասնագետներին կտրամադրի նաև հուշարձանի վերականգնման 2011 թ. կազմած նախագիծը` ծանոթանալու և Երևանում կայանալիք հանդիպման ժամանակ համատեղ քննարկելու նպատակով:
Panorama.am-ին նախարարությունից նաև հայտնեցին, որ հայկական պատվիրակությունը առաջարկություն է արել նաև Թբիլիսիի մեկ այլ` Նորաշենի Սբ. Աստվածածին հայկական /1467 թ./ եկեղեցու առնչությամբ: Հուշարձանի անվտանգ պահպանության նպատակով առաջարկվել է քայլեր ձեռնարկել այնտեղ պահվող և Վրաստանի գիտությունների ակադեմիային պատկանող գրականությունը այլ վայր տեղափոխելու ուղղությամբ: