Նախարարը Թբիլիսի մեկնած պատվիրակության վերադարձից հետո կպատասխանի բոլոր հարցերին
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ստանում ենք իրարամերժ տեղեկություններ, խնդիրը քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ և որոշվել է, որ մտավորականների խումբը` Լևոն Անանյանի գլխավորությամբ այսօր կմեկնի Թբիլիսի` տեղում բոլոր հարցերը պարզելու համար:
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ այն լուրերը, թե տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկել են գնել Թումանյանի տուն-թանգարանը՝ չեն համապատապասխանում իրականությանը, քանի որ միայն վերջին շրջանում են տան վաճառքի մասին խոսակցություններ շրջանառվում: «Միևնույն ժամանակ կարծում եմ, ով էլ գնի տարածքը չի կարող այլ նպատակով օգտագործել, քանի որ հարակից տարածքը պատկանում է Թումանյանի ընտանիքին: Իսկ ամենակարևորն այն է, որ ընտանիքը երբևիցե չմտածի իր հարկաբաժինը վաճառելու մասին»,- ասաց Հ.Պողոսյանը և հավելեց. «Երբ ես ստանամ հստակ տեղեկություններ, որ իսկապես գնորդ է հայտնվել և Հ.Թումանյանի բնակարանը վաճառվում է, եթե մեր կողմից ուղարկված պատվիրակությունը մտահոգություն հայտնի այդ խնդրի առնչությամբ, մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ»:
Նախարարը խոստացավ, որ պատվիրակության վերադարձից հետո միայն կկարողանա հստակ պատասխանել բոլոր հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները