Ա. Պողոսյան. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ձեռք է բերել համաշխարհային ճանաչում
Հունիսի 6-ին մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը, որը այս ութ տարիների ընթացքում ձեռք է բերել համաշխարհային ճանաչում իր բարձր կատարողական ու կազմակերպչական հնարավորությունների շնորհիվ: Այս մասին ասուլիսում հայտարարեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա նաև ճանաչում ձեռք բերելու փաստ համարեց այն, որ մրցույթի աշխարհագրությունը ընդլայնվել է` աշխարհի 20 երկրներից (Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելորուսից, Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, Կոլումբիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից) 30-ից ավելի բարձրակարգ ու տաղանդավոր մասնակիցներ:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ` պրոֆեսոր Արմեն Սմբատյանն ասաց, որ ամեն տարի մեծանում է հետաքրքրությունն այս մրցույթի նկատմամբ: «Եթե ամեն տարի մենք էինք զանգում ու հրավիրում, վերջին տարիներին, հատկապես այս տարի համոզում էինք, որ չմասնակցեն, եթե լավ պատրաստ չեն»,- նշեց նա: Ա. Սմբատյանի խոսքով, կցանկանային, որ Հայաստանից մասնակիցների թիվն ավելի շատ լիներ:
Ասուլիսին ներկա Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովն ասաց, որ այս մրցույթը յուրահատուկ է հենց անվան պատճառով, քանի որ Արամ Խաչատրյանը ողջ աշխարհին է հայտնի, թեև կան վայրեր, որտեղ նրա անունը սուրբ է, այդ թվում նաև հենց Մոսկվային կոնսերվատորիայում:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյաննի խոսքով, մրցույթի նպատակներից է այն, որ արտասահմանի երիտասարդությունը ծանոթանա այդ մեծության ստեղծագործություններին, ինչը հաջողվել է: Նա համոզված է, որ մրցույթը վերածվելու է երաժշտասեր հասարակության, նաև մասնակիցների համար, տոնի:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն էլ ասաց, որ մրցույթը ծրագրային առումով դժվար է: «Սա սովորական փառատոն չէ, որ հարյուրավոր մասնակիցներ գան ու մասնակցեն: Եթե կան նույնիսկ 20-25 մասնակիցներ ամբողջ աշխարհից, արդեն մեծ բան է»,- ասաց նա, շարունակելով, որ Կոնսերվատորիան բոլոր ութ մրցույթներում էլ ունեցել է իր մասնակիցները, հաղթողները:
Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը: Ելույթ կունենա Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և 2010թ. Ա. Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակիր Յարոսլավ Նադրզիցկին (Լեհաստան):
Հունիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա պարգևատրման արարողությունը, որին կհետևի Գալա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և 2012թ. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցակակակրի մասնակցությամբ:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները դաշնակահարների համար. 1-ին մրցանակակիր` 15000 դոլար, 2-րդ մրցանակակիրը՝ 10000 դոլար, իսկ 3-րդ մրցանակակիրը` 5000 դոլար: Եզրափակիչ փուլի մասնակիցները, ովքեր չեն դարձել մրցանակակիր, պարգևատրվելու են դիպլոմով և 2000-ական ԱՄՆ դոլար գումարով:
Նշենք, որ նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է հանդիսանում ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: 2007 թվականից մրցութի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում