«Մարգար պապը» առաջիկայում ցուցադրվելու է միջազգային կինոփառատոնների մրցութային բաժնում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է Աստանայում կայացած անդրանիկ «Սամրուկ ԷտնոՖեստ» միջազգային կինոփառատոնին: Ֆիլմը ընդգրկված էր փառատոնի հիմնական ծրագրում: Փառատոնի կազմակերպիչների հրավերով ֆիլմի ռեժիսորը ևս մեկնել է Աստանա` մասնկացելու վերոնշյալ փառատոնին: Փառատոնը մրցութային չէր, յուրաքանչյուր երկիր հանդես էր գալիս իր ֆիլմերով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Ազգային կինոկենտրոնից:
Փառատոնի շրջանակներում անցկացվել է հայկական ֆիլմերի ծրագիր: Ֆիլմի ռեժիսորին շնորհվել է մասնակցության հավաստագիր և ազգային հուշանվեր, ինչպես նաև Բելառուսի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Վիկտոր Վասիլևի կողմից արժանացել է պատվոգրի:
Փառատոնին մասնկացել են տասնհինգ երկրներից ժամանած երեսունհինգ ռեժիսորներ, իսկ փառատոնի շրջանակներում ցուցադրվել է քառասունյոթ ֆիլմ: Հայկական ֆիլմերի ծրագիրը մեկնարկել է «Մարգար պապը» ֆիլմով:
Փառատոնի շրջանակներում ռեժիսորը մասնակցել է «21-րդ դարը, Ազգը և մշակույթը,ինքնության փնտրտուքները» թեմայով կլոր սեղանի:
Ղազախստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Իգոր Վովնյանկոյի հետ հանդիպման ժամանակ Գուժ Թադևոսյանը ներկայացրել է համատեղ լիամետրաժ ֆիլմ նկարահանելու ծրագիր և արդեն իսկ պատրաստ «Երկուսը դժոխքում» սցենարի սինոփսիսը, ներկայացված առաջարկը հավանության է արժանացել: Փոխադարձաբար իրենց կողմից ներկայացվել է մեկ այլ առաջարկ, ըստ, որ եթե Հայաստանի ազգային կինոկենտրոնը տվյալ ֆիլմի բյուջեի կեսը ապահովվի, ապա մյուս կեսը իրենք կֆինանսավորեն: Համաձայնության դեպքում այս նախագծին այլ շահագրգիռ ընկերություններ ևս կմիավորվեն:
«Մարգար պապը» ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունից ելնելով` մի շարք փառատոնին մասնակից հրավիրված ռեժիսորներ, առաջարկել են մասնակցելու իրենց երկրում կայանալիք միջազգային կինոփառատոններին, այդ ուղղությամբ ևս նախնական համաձայնություններ են ձեռք բերվել:
«Մարգար պապը» ֆիլմը մոտ ժամանակներս ցուցադրվելու է Բուլղարիայի, Մոսկվայի, Իտալիայի, Կիևի,Սանկտ-Պետերբուրգի, Սան Պաոլոյի միջազգային կինոփառատոնների մրցութային բաժնում:
Հաճախ երկրների միջև գոյացող սահմանային և քաղաքական անհամաձայնությունները կամա թե ակամա անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի վրա: Այս է Մարգար պապի հոգսը, երբ մի առավոտ արթնանալով պարզում է, որ տասնամյակներով իր տանն ու հողին մաս կազմող արտաքնոցը հայտնվել է ուրիշ պետության սահմանում: Սահմանապահների և գյուղապետի սահմանը չխախտելու անհեթեթ բացատրությունները` աշխարհին շիտակ հոգով վերաբերվող Մարգար պապի համար չեն, և նա ստիպված է լինում հողագործի բահը մի կողմ դնել, խրամատ փորել և զենքով պաշտպանել իր ունեցվածքն ու պատիվը:
Ֆիլիմի սցենարի հեղինակն է Արթուր Մկրտչյանը, ռեժիսորը` Գուժ Թադևոսյանը, դերակատարներ՝ Կարեն Ջահանգիրով, Ժորա Դիլանյան, Լիոնյա Գալստյան, Նարեկ Աղեկյան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում