«Համազգային» թատրոնն այլևս չի ուզում «թափառել». «Վաստակել ենք սեփական շենք ունենալու իրավունքը» (լուսանկարներ)
«Համազգային» պետական թատրոնն արդեն 20 տարի է գործունեություն է ծավալում, սակայն «20 տարի է թափառում ենք», չունի սեփական շենք: Այս պահին «տնվորի կարգավիճակում» գործում ու բեմադրություններ են անում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում: «Թեև չունենք սեփական շենք, բայց մենք մեր գործը հավատարիմ արել ենք ու վաստակել ենք սեփական շենք ունենալու իրավունքը»,- լրագրողներին ասաց «Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ով միաժամանակ ցուցադրեց այն վայրը, որտեղ որ հնարավոր է կառուցվի թատրոնի նոր շենքը` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի հատվածում գտնվող այգու վերջնամասում: «Թունելները չեն փակվելու, ոչ մի սանտիմետր կանաչ գոտի չենք տրորելու: Սա լավագույն տարբերակն է այն բոլոր տարբերակներից, որ մեկ տարվա ընթացքում անընդհատ քննարկել ենք քաղաքապետարանի հետ»,- ասաց նա:
Նշենք, որ այս պահին ընթանում է «Համազգային» պետական թատրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում: Բանախոսներն են ՀՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը:
Վ. Մկրտչյանն ասաց, որ եթե այսօրվա քննարկման արդյունքում գան վերջնական եզրակացության, ապա 2,5 տարի անց թատրոնը կունենա իր սեփական տանիքը: «Եթե այսօրվա հասարակական քննարկումը բարեհաջող անցնի, քաղաքային իշխանությունները մեզ տեղ հատկացնեն մինչև սեպտեմբեր, անմիջապես կսկսենք շինարարությունը»,- նշեց թատրոնի տնօրենը:
Թատրոնը հիմնադրվել է 1991թ. հայ բեմի վարպետ Սոս Սարգսյանի ջանքերով: Թատրոնի պաշտոնական բացումը եղել է 1992թ. Էդուարդո դը Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսով (բեմադրությունը՝ Սոս Սարգսյանի), որին հաջորդել է1993թ. Ա. Հակոբյանի «Լեռնային կակաչներ» պիեսը (բեմադրությունը` Հրաչյա Գասպարյանի)։ 2003թ. Համազգայինը դարձել է պետական թատրոն։ Հիմնադրման օրվանից թատերախումբը հյուրախաղերով եղել է ՀՀ-ի գրեթե բոլոր մարզերում, ԼՂՀ-ում, Սիրիայում, Լիբանանում, Պարսկաստանում, Բելգիայում, Ֆրանսիայում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան