Աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի հայաստանյան թեմաներով լուսանկարները դիտել է ՀՀ նախագահը
«Նա լուսանկարող լրագրող է»,-աhա այսպես բնութագրեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայալեզու օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը աշխարհահռչակ ստամբուլաբնակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերին, ում հայաստանյան թեմաներով լուսանկարների ցուցադրությունը բացվել Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում: Ցուցահանդեսը նվիրված է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյակին:
Լուսանկարչի աշխատանքներին ծանոթացել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա մշակույթի նախարարի ուղեկցությամբ դիտել է «Ստամբուլի լուսանկարիչ» անունը ստացած արվեստագետի ստեղծագործությունները:
Նշենք, որ ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի օրհնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:
Ըստ Ա. Գոչունյանի, լուսանկարիչը չորս անգամ է եղել Հայաստանում և ցուցահանդեսում ներկայացված 30 լուսանկարներն հենց այդ ժամանակ են արված:
Ցուցահանդեսը կգործի մեկ շաբաթ:
Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. օգոստոս 16-ին, Ստամբուլում: 1961 թ. ավարտել է զինվորական ծառայությունը և աշխատանքի անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: 1970-ականներին լուսանկարել է այնպիսի հեղինակավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլոք: 1975 թ. նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը: 2004 թ. Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Գյուրերը համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը, ինչի համար էլ ստացել է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» անունը:
1961 թ. Անգլիայում լույս տեսնող «British journal of Photography Year book»-ը նրան ճանաչել է աշխարհի ամենալավ 7 լուսանկարիչներից մեկը: 1962 թ. Գերմանիայում վաստակել է «Master of Leica» տիտղոսը: Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Նա 800.000 լուսանկարների հեղինակ է:
Նախորդիվ՝ «Ակադեմիա» պատկերասրահում ցուցադրվում են «Ստամբուլի լուսանկարիչ» Արա Գյուլերի հայաստանյան թեմայով աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին