Դ. Դավթյանը ներկայացրել է Թերլեմեզյանի տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ, քանի որ «շատ բաներ կան, որ կարող է զգալ միայն նկարիչը
Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի աշխատող, նկարիչ Դավիթ Դավթյանն այսօր դեկտեմբերի 14-ին կայանալիք քոլեջի տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Այս մասին ասուլիսում հատարարեց Դ. Դավթյանը: Նա նշեց, որ այս պահին դեռ միայն ինքն է հայտ ներկայացրել:
Նշենք, որ այժմ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում տնօրենի պաշտոնակատարն է Աննա Մնացականյանը: Փ. Թերլեմեզյանի ինչպես ուսանողներն, այնպես էլ դասախոսները երկու մասին են բաժանվել. մի թևը պաշտպանում է վերջինիս, մյուսը` Դավիթ Դավթյանին: Այս ամբողջ աղմուկն սկսվեց այն ժամանակ, երբ նախկին տնօրեն, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի որդին` Նարեկ Առուշանյանը, ծանր հիվանդության հետևանքով անժամանակ հեռացավ կյանքից ու նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գևորգ Սողոմոնյանը, այնուհետև` Նարեկ Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը:
Նշենք, որ ստեղծվել է Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնած շարժումը, որը, ըստ նախաձեռնության անդամ Գևորգ Պողոսյանի, առաջարկել է Դավիթ Դավթյանին ներկայացրել իր թեկնածությունը: Վերջինս էլ համոզվել է:
Գ. Պողոսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք վաղը ԿԳՆ նամակ են հանձնելու, որտեղ ներկայացնելու են մի շարք խնդիրներ, այդ թվում` արդյոք Աննա Մնացականյանն իրավունք ունի հայտ ներկայացնել ու մասնակցել մրցույթի:
«Ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է, որ ինքը կիբեռնետիկ է և ազգագրագետ, մինչդեռ, ըստ օրենքի, ուսումնական հաստատության տնօրենը պետք է մասնագիտությամբ լինի մանկավարժ»,- ասաց Գ. Պողոսյանը` միաժամանակ նշելով, որ այս պահին որևէ հստակ բան չեն կարող ասել, քանի որ նա դեռևս չի ներկայացրել փաստաթղթեր: «Մենք կրթության և գիտության նախարարից պահանջելու ենք, որ ուշադիր լինի տվյալ քննության հետ կապված, որպեսզի բացթողումներ չլինեն»,- ասաց նախաձեռնող խմբի անդամը:
Դ. Դավթյանն էլ ասաց, որ ինքը շատ լավ գիտի քոլեջի հետ կապված ամեն մի խնդիր. նախ սովորել է, ապա 21 տարի է աշխատում է այնտեղ, աշխատում է Հայաստանի բոլոր գեղարվեստի դպրոցների հետ: «Շատ բաներ կան, որ կարող է զգալ միայն նկարիչը, ինչպես նաև կարևոր են մասնագետի խորհուրդները»,- իր «ընտրությունը» նաև այսպես հիմնավորեց նա:
Նախորդող նորություններ` Թերլեմեզյանի խնդիրը պետք է լուծեն թերլեմեզյանականները. Կարեն Աղամյան
Ո՞վ և ի՞նչ է պետք Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան