Հնարավոր է Հայաստանը չմասնակցի Վենետիկի 55-րդ բիենալեին
Թեև մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ ընդունում է առաջարկներ Վենետիկի 55-րդ բիենալեին մասնակցության հայեցակարգի և հայկական տաղավարի բովանդակային ձևավորման վերաբերյալ, բայց հավանական է, որ Հայաստանը չմասնակցի հեղինակավոր այդ ցուցահանդեսին: Արվեստի քննադատներ Լիլիթ Սարգսյանն ու Նազարեթ Կարոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ թեև նման ցուցահանդեսի մասնակցելը շատ կարևոր է Հայաստանի համար, բայց արդեն Հայաստանը պատրաստվելու ժամանակ չունի: Նրանք մեղադրում են մշակույթի նախարարությանը, որը պատշաճ կերպով ու ժամանակին հայտարարություն չի տարածել, չի կազմակերպել աշխատանքները: «Ասում են, որ ընդունում են հայտեր, բայց չեն նշանակել կոմիսար, համադրող, որը պետք է կազմակերպի այդ ամբողջ աշխատանքները: Սա է ընդունված մեխանիզմը»,- ասաց Լ. Սարգսյանը:
Իր հերթին մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը նախ հերքեց նախարարության հասցեին հնչող մեղադրանքները` նշելով, որ իրենք հրավեր ուշացումով են ստացել: Նրա խոսքով, երբ իրեն նախարարության կայքում զետեղեցին առաջարկներ ընդունելու վերաբերյալ հայտարարություն, որևէ մեկը` այդ թվում նաև ասուլիսին մասնակցող արվեստաբանները, չարձագանքեցին: «Շահագրգիռ կազմակերպություններ են մեղավոր, որովհետև չեն արձագանքել»,- ընդգծեց նա: Ս. Գեղամյանը դիմելով ասուլիսին ներկա արվեստաբաններին, արվեստագետներին, առաջարկեց հանդիպել նախարարությունում ու փորձել գալ ընդհանուր հայտարարի` սկսելով նախապատրաստական աշխատանքները: Ն. Կարոյանն էլ նշեց, որ շատ քիչ ժամանակ է մնացել (մոտ 7 ամիս) ու չեն հասցնի պատշաճ ներկայացնել միջազգային այդ ցուցադրությանը: «Անիմաստ է մասնակցելը»,- ընդգծեց արվեստաբանը, ապա հավելեց, «Վենետիկում մենք պետք է ներկայացնենք մեր նվաճումները` նորարարական, ստեղծագործական, վերլուծական»:
Ս. Գեղամյանն ասաց, որ հաջորդ տարվա բյուջեով Վենետիկի բիենալեի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար հատկացվել է 5 միլիոն դրամ: Ն. Կարոյանի պնդմամբ, դա ընդամենը անհրաժեշտ գումարի 10 տոկոսն է:
Նշենք, որ ի վերջո, նրանք համաձայնության եկան` հանդիպել ու քննարկել անելքիները:
Վենետիկի 55-րդ բիենալեն անցկացվելու է հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը:
1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011-ի` 54-րդ բիենալի հայկական տաղավարի կոմիսար եղել է Վիկտոր Մնացականյանը:
Մշակույթի նախարարությունը նախապատրաստվում է Վենետիկի 55-րդ բիենալեին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները