Ամեն ինչ դեռ կորած չէ… Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Վենետիկի 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության հայեցակարգի և հայկական տաղավարի բովանդակային ձևավորման առաջարկների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2013 թ. հունվարի 20-ը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ նախարարությունը վերջնաժամկետը սահմանել էր մինչև դեկտեմբերի 15-ը: Սակայն արվեստաբանները, արվեստի քննադատաները, արվեստագետները դժգոհություն էին արտահայտել էին, որ ժամանակը քիչ է ու իրենք չեն հասցնի մինչև վերջնաժամկետը ըստ պատշաճի ներկայացնել նախագիծը, ընդհանրապես մասնակցությունը համարելով «անիմաստ»:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ առաջարկները քննարկելու համար ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով հետևյալ կազմով` Սեյրանուհի Գեղամյան (ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ), Նազարեթ Կարոյան- («ԱԻԿԱ-Հայաստան» Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ), Ռուբեն Արևշատյան («ԱԻԿԱ-Հայաստան» Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի հիմնադիր անդամ), Լիլիթ Սարգսյան (արվեստի քննադատ, անկախ համադրող), Սուսաննա Գյուլամիրյան (Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի նախագահ):
Վենետիկի 55-րդ բիենալեն անցկացվելու է հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը: Այն «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, որն, ըստ էության, երևակայական պալատ է, որտեղ ներկայացվելու են մարդկության կարևորագույն գյուտերը` անիվից մինչև արբանյակ, անցյալի ու ներկայի, հնի և նորի համադրությամբ:
1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011-ի` 54-րդ բիենալի հայկական տաղավարի կոմիսար եղել է Վիկտոր Մնացականյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները